Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ



Քաշաթաղի հարավային Կովսական քաղաքը տարածքի բնակավայրերի համար դարձել է կենտրոն: Քաղաքի Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցում սովորում են 116 աշակերտ՝ 12 համակարգ-դասարանով: Առաջին դասարան այս տարի ընդունվել է 14 աշակերտ, 12-րդում կա 6 աշակերտ: Դպրոցում գործում է նաև նախադպրոցական խումբ՝ 18 երեխայով: Կրթօջախում դասավանդում է 22 ուսուցիչ: Դպրոցն ունի նաև բնագիտական առարկաների լաբորատորիա, համակարգչային կենտրոն, համացանց, գրադարան: Այս ուստարում կրթօջախը ևս մեկ նվեր ստացավ. Կապանի ոսկու կոմբինատի տնօրեն, կանադահայ Հրաչ Ջաբրայանի հովանավորությամբ դպրոցի դիմաց կառուցվել է ռազմամարզական խաղահրապարակ՝ տարբեր մարզասարքերով: Սեպտեմբերի 15-ին կայացավ հրապարակի բացումը, որին ներկա էին բարերարը, նրա տեղակալները, կոմբինատի աշխատակիցներ, ազատամարտիկներ Կապանից, բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաև ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կինը՝ Իրինան, դուստրը՝ Ասպրամը, մարտական ընկերներ, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ալեքսանյանը, աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, կրթության բաժնի վարիչի տեղակալ Հովհաննես Սահակյանը, Կովսականի քաղաքապետ Ռազմիկ Մարգարյանը, հյուրեր, լրագրողներ:

Դպրոցի մուտքի մոտ կանգնած է հերոսի հուշակոթողը: Ծաղիկներ դրվեցին պատվանդանին: Իսկ հրապարակի մուտքի կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Թաթուլի դստերը և բարերարին: Դպրոցի աշակերտները բարձրացրին Արցախի դրոշը, ապա շարքով հրապարակ մտան բարձր դասարանների աշակերտները: Հնչեցին երգեր, բանաստեղծություններ:

Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի Կովսականի բաժանմունքի ձյուդոյի խմբակի սաները հանդես եկան՝ բեմականացնելով մարտական հաղթանակ թշնամու հանդեպ: Դպրոցի տնօրեն Սերոբ Քարամյանն իր ելույթում շնորհավորեց ներկաներին, ապա ասաց. «Այս նոր կառույցը եզակի է մեր տարածքում և շատ կարևոր. յուրաքանչյուր հայ ծնված օրվանից դառնում է զինվոր, իսկ թշնամուն դիմակայելու համար մեր երկրին անհրաժեշտ են ոչ միայն գրագետ ու խելացի, այլև ֆիզիկապես ուժեղ և պատրաստված զինվորներ: Ուստի կարևոր է ունենալ նման տիպի հրապարակ, որտեղ աշակերտներից բացի, կմարզվեն մեր քաղաքի երիտասարդները»: Ս. Քարամյանն անդրադարձավ նաև հրապարակը քաղաքին նվիրած բարերարին. «Դուք Ձեր ընկերների և բարեկամների շարքին ավելացրիք ևս 120 փոքրիկների և այստեղ բնակվող հասարակությանը»:

Թ. Կրպեյանի դուստրը նշեց, որ հպարտ է՝ այս պահին լինել Կովսականում և մասնակցել նման միջոցառման: «Շնորհակալություն եմ հայտնում բարեգործ Հրաչին, որն արդեն մեր ընտանիքի բարեկամն է և այն խմբի անդամներին, ովքեր ինձ հետ եկել են Կովսական: Ուզում եմ դպրոցով սկսված լույսը տարածվի Կովսականի և ողջ Քաշաթաղի ու Արցախի վրա»,-ասաց հերոսի դուստրը՝ նաև շնորհավորելով Հրաչ Ջաբրայանին՝ ծննդյան 41-ամյակի առթիվ:

Ողջույնի խոսք ասաց նաև բարերարը՝ նշելով, որ ինքը սիրում է իր ծննդյան օրը ոչ թե նվեր ստանալ, այլ նվիրել. ահավասիկ այս հրապարակը. «Ինձ համար մեծ պատիվ է գտնվել Թաթուլի նման հերոսի անվան դպրոցում, նրա կնոջ, դստեր, մարտական ընկերների և Կովսականը շենացնողների, այս լույս-երեխաների հետ: Մեր երեխաներն են մեր ապագան, իսկ մեր արածը շատ փոքր ներդրում է այս հրաշք երկրի համար: Պետք է շենացնենք Արցախը, ուժեղանանք, որ թշնամին սարսափի, ուրիշները զարմանան ու հիանան մեր երկրով: Մենք դեռ այլ ծրագրեր կիրականացնենք Արցախում, քանի որ վստահում ենք նրա ղեկավարությանը»: Հ. Ջաբրայանը հավելեց, որ մոտակա ժամանակներում Կովսականի համար Կապանի ոսկու կոմբինատը 10 մլն դրամի նոր ներդրում կկատարի:

Շնորհակալության խոսք ասաց Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ալեքսանյանը: Կարևորելով հրապարակի դերը՝ նշեց, որ այստեղ մարզվելու են նոր Թաթուլներ, Մոնթեներ, Պետոներ: Հույս հայտնեց, որ այս երևույթն օրինակ կդառնա այլ ներդրողների համար:

Միջոցառման վերջում դպրոցի տնօրենը գերազանցության պատվոգրեր հանձնեց դպրոցի 6 աշակերտի, ովքեր անցած ուստարում աչքի են ընկել իրենց գիտելիքներով:

Գնդապետ Տ. Փարվանյանը նույնպես կարևորեց այս հրապարակի գոյությունը, մաղթեց բարեկեցություն բոլոր քաշաթաղցիներին և հորդորեց միասին շենացնել մեր երկիրը՝ յուրաքանչյուրը թեկուզ մեկ ծառ տնկելով: Կապանի տարածաշրջանի «Ազատամարտ» կոմիտեի նախագահ, ազատամարտիկ Խորեն Հարությունյանը նշեց, որ իրենց ջոկատը Կովսականի առաջին ազատագրողներից է. «Մեր նահատակների հոգիները հանգիստ կգտնեն, եթե մենք շենացնենք հայոց երկիրը, ազատագրված ու վերաբնակեցվող Կովսականը, ամբողջ Արցախը, Հայաստանը»:

Հրաժեշտ եմ տալիս Կովսականին՝ հավատով, որ այս դպրոցի երեխաներն են նրա վաղվա շենացնողը:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #37 (1055) 25.09.2014 – 1.10.2014, Հոգևոր-մշակութային


25/09/2014