Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐՈ ԱՂԲՅՈՒՐ



Աղբյուրը գյուղի վերին մասում է, ճանապարհի եզրին: Օտարահունչ անունը մոռացվեց այն օրից, երբ տղայի մայրն աղբյուրն անվանեց Սիրո աղբյուր: Դեռ դպրոցական տարիներին որդին իր սիրած աղջկա հետ ծառեր էր տնկել աղբյուրի ակունքից սկիզբ առնող առվակի աջ ու ձախ ափերին: Ծառերի դասավորությամբ գրել էին իրենց անունները: Ծառերն արդեն մեծացել, զով էին անում, որդին մեկնել էր ծառայության, իսկ սիրած աղջիկը սպասում էր: Մայրը հիվանդացել էր եւ աղոթում էր Աստծուն, որ որդին անփորձանք հետ գա ծառայությունից, կարոտն առնի, թագուպսակը անի… Առավոտյան դուրս էր գալիս ու ձեռնափայտի օգնությամբ քայլում դեպի աղբյուրը… Ու որդու ծառայության այդ երկու տարիներին մայրը գնում եւ զրույցի էր բռնվում աղբյուրի, նրա ափերին արդեն սաղարթները երկինք ձգած գեղեցիկ ծառերին՝ որդու եւ ապագա հարսի սիրո վկաներին՝:
-Մի անգամ էլ,- արդեն ծառայությունից հետո իր որդուն ու հարսին է պատմում մայրը,- նստած ծառերի շվաքում՝ մտքով նորից քեզ հետ էի, երբ մի մեքենա կանգնեց, ու երիտասարդները բեռով-բարձով տեղավորվեցին ծառերի ստվերում, աղբյուրի ակունքի մոտ: Երեւում էր քաղաքից էին, ճամփորդներ: Ինձ էլ հրավիրեցին, ես էլ չմերժելու համար նրանց խնդրեցի, որ մինչեւ սեղան բացելը մեքենայով ինձ հասցնեն տուն ու միասին հետ գանք… Երիտասարդները չմերժեցին: Տնից լավաշ, պանիր, հավկիթ, թթու՝ մի խոսքով ինչով կարող է հյուրասիրել գյուղացին, վերցրի ու նորից վերադարձանք աղբյուրի մոտ… Մի քանի բաժակ խմելուց հետո նրանցից մեկը դիմեց ինձ.
-Մայրիկ ջան, էս ծառեր տնկողը ձեր գյուղից կլինի, երեւի կհիշեք, կճանաչեք՝ բարի գործ է արել, էս բաժակով ուզում եմ խմել նրա կենացը՝ թե ապրում է՝ առողջություն, թե չկա՝ ողորմի հոգուն…
Ես սկսեցի լացել, արցունքները վարար թափվում էին իմ աչքերից: Տղաներն իրար էին անցել՝ ի՞նչ եղավ, մայրիկ ջան, ի՞նչ պատահեց…
-Էս ծառերն իմ որդին է տնկել, հիմա ծառայում է, բանակում է: Խնդրում եմ՝ ողորմի էլ չասեք…
-Վայ, մայրիկ ջան, էդ ինչ ես ասում,- ինձ փաթաթվեցին տղաները, սկսեցին սիրտս շահել,- բա էսպես տղա ունեցողը կտխրի, լաց կլինի: Ու խմեցին զինվոր որդուս բարի գալուստի, բարի վերադարձի կենացը…
-Տեղյակ կպահես, բանակի քեֆին անպայման կգանք,- ասացին տղաները:
Ես էլ տղաներին պատմեցի ձեր սիրո պատմությունը, թե ոնց գարնան էն օրը դուք անձրեւի տակ այս ծառերն էիք տնկում:
-Էս աղբյուրը, մայրիկ ջան, այսուհետ թող կոչվի Սիրո աղբյուր՝ միայն մաքուր, անաղարտ սերն է մարդու մղում բարի գործերի: Իսկ ամռան տապին էս զովին նստելը աշխարհի ամենաբարի պարգեւն է. էս մի բաժակն էլ խմենք մեր հայրենիքի համար, որ Սիրո աղբյուրները միշտ կարկաչեն,- ասացին տղաները…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #14 (879) 13.04.2011 – 20.04.2011, Հոգևոր-մշակութային


21/04/2011