Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՂԿԱԶԱՐԴ ԵՎ ԱՎԱԳ ՇԱԲԱԹ



ԾԱՂԿԱԶԱՐԴ

Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդը հռչակել է որպես մանուկների օրհնության օր, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ` Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու եւ կույրերին տեսողություն պարգեւելու, ինչպես մարգարեացել էր Եսային: Շատ կույրեր, դիմելով Հիսուսին, բժշկվեցին: Հիսուսի մուտքը Երուսաղեմի ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու եւ արմավենու ճյուղերը, ինչպես նաեւ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա եւ աղաղակելով. «Ովսաննա Բարձրյալին, օրհնեալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնեալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում եւ Փառք բարձունքներում» (Մարկ. 10:9-10): Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների, Հիսուսի առջեւ հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր եւ ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ եւ հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի եւ փառքի խորհրդանշան: Ձիթենու եւ արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, որը մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը եւ բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են եւ խորհրդանշում են հեթանոսներին, պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետեւողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես Թագավոր` հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող եւ կենդանություն պարգեւող:
Այդ օրը եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ է կատարվում:

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ

Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին՝ Սբ. Զատիկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ։ Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրը խորհրդանշում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած առանձին դեպքեր, հիշատակվում են Քրիստոսի վերջին պատգամները, չարչարանքները, մահը եւ հարությունը։ Ավագ Շաբաթվա հիմնական արարողությունները սկսվում են Ավագ Հինգշաբթի։
Ավագ երկուշաբթի առավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են «Անիծված թզենու» պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենին՝ վկայելով. «Եւ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մատթ. 21։18-22) ։ Ըստ 7-րդ դարի մեկնիչ Ստեփանոս Սյունեցու, թզենին «թլպատված ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս եւ պտուղ չգտավ, այլ միայն ցնորական կենդանություն, ուստի Նրա գալով չորացան»։
Ավագ երեքշաբթի հիշատակվում է «Տասը կույսերի» առակը (Մատթ. 25։1-13)։ Ավետարանական առակը հինգ իմաստուն եւ հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ գալստյանը։
Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ։ Նրանցից հինգը, ձեռքներին պահած ունենալով վառվող մոմեր, խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգը՝ հանգած մոմերով, խորհրդանշում են հիմար կույսերին։
Ավագ չորեքշաբթի հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը եւ Տիրոջ մատնությունը։
Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Այս մասին ավետարանիչները միմյանց լրացնող տեղեկություններ են հաղորդում: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ եւս պիտի պատմվի նրա հիշատակի համար»: Կնոջ կողմից Հիսուսի օծումը կանխանշում էր Նրա թաղվելը: «Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց»,- ասում է Քրիստոս:
Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո ունեցած սերն ու վստահությունը եւ, հիշելով մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն:
Ավագ հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին՝ իբրեւ Հաղորդության խորհրդի հաստատում։ Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ։ Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն։ Ինչպես Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը, այնպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը եւ ապա՝ օծում օրհնված յուղով։
Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որ արդեն վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը։ Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա ձերբակալվելը, Պետրոսի ուրանալը։
Ավագ ուրբաթ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է։ Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ, իսկ երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից եւ ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի։
Ավագ շաբաթ նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը եւ արդար հոգիների ազատումը։ Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր։ Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»։ Այս ավետիսով ավարտվում է Պահքը, եւ սկսվում Ս. Զատիկը։

ԱՐՄԵՆ սարկավագ ԲԱՅԱԴՅԱՆ
զորամասի հոգեւոր սպասավոր

Խորագիր՝ #14 (879) 13.04.2011 – 20.04.2011, Հոգևոր-մշակութային


21/04/2011