Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՊԻ ԶՈՐՔԵՐԸ ՔՍԱՆԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՆ



Հայաստանի անկախացումից և բանակի ստեղծումից հետո սկսեցին կայանալ նաև ԶՈՒ զորատեսակները: Ձևավորվեցին ու կայացան նաև կապի զորքերը: Արցախյան գոյամարտի դժվարին օրերին ստեղծվեց կապի վարչությունը: Պետի պաշտոնակատար է նշանակվում Վլադիմիր Մկրտչյանը: Նորաստեղծ վարչությունում ծառայելու են գալիս խորհրդային բանակից հայրենիք վերադարձած առաջին կապավորները` Արմեն Ազարյանը, Գրիգոր Ամալյանը, Դավիթ Հարությունյանը, Պռոշյան ավանի ԱՀԿ-ի աշխատողները, որոնց միահամուռ ջանքերով, ձեռքի տակ եղած կապի սուղ միջոցներով, սկսվում է կապի զորքերի կառուցվածքի մշակումը: Կար ընդամենը մի քանի հեռախոսագիծ, ԳՇ կապի հանգույցը ամբողջովին ավերված ու թալանված էր, մարտական գործողություններում ընդգրկված ստորաբաժանումների հետ կարգին կապ չկար: Ահա այս օրերին մեկ տասնյակից ավելի նվիրյալ կապավորների գործադրած աներևակայելի ջանքերի ու նվիրվածության շնորհիվ կարճ ժամանակամիջոցում պաշտպանության նախարարությունը միացվում է ընդհանուր հեռախոսակապին, իսկ բարձր հրամանատարությունն էլ` ապահովվում գծային կապով: 1992թ., երբ Արցախի հյուսիսում մարտական գործողությունների ընթացքը թելադրեց ինքնապաշտպանական ուժերում կառուցվածքային մեծ փոփոխություններ կատարելու և զորքերի ենթակայությունը հստակեցնելու անհրաժեշտությունը, ինչը ենթադրում էր նաև մեծ փոփոխություններ կապի կազմակերպման ասպարեզում, մեր կապավորները իրենց առջև դրված առաջադրանքը պատվով կատարեցին: Արցախում զինվորական կապավորների կառուցած գծալարային կապի առաջին խոշոր համակարգը Ստեփանակերտ-Մարտակերտ կապուղին էր: 1992 թվականին կապի զորքերն համալրվում են գիտահետազոտական ինստիտուտներից, դրանց մասնաճյուղերից բանակ զորակոչված մասնագետներով, որոնցից շատերը նշանակվում են զորամասերի կապի պատասխանատուներ:

1993 թվականի սկզբին ռազմաճակատի ամբողջ երկայնքով ընթացող ծանր մարտերին զուգահեռ կազմավորվում են նաև կապի զորամասերը: Նորաստեղծ կենտրոնական ենթակայության կապի զորամասի հրամանատար է նշանակվում փոխգնդապետ Վազգեն Աղաջանյանը: Օրախնդիր հարց է դառնում կապի միջոցների նորոգման և նորագույն սպասարկման հարցը: Այդ նպատակով, Գարեգին Սահակյանի ջանքերով, կազմավորվում է կապի նորոգման գումարտակը: Միաժամանակ ամբողջ թափով ընթանում է հակաօդային պաշտպանության ու հրթիռահրետանային զորքերի կապի համակարգի ստեղծումը:

Կապի զորքերի ստեղծման ու կայացման ակունքներում են կանգնած եղել Ֆերդինանդ Սոլոմոնյանը, Գագիկ Մկրտչյանը, Արմեն Քրդյանը, Գարեգին Սահակյանը, Սամվել Մադոյանը, Տիգրիս Մաղաքյանը, Արտյուշա Մարուխյանը, Կառլեն Արշակյանը,Աշոտ Սարգսյանը, Արթուր և Արա Սարգսյանները, Լևոն Դոխոյանը, Սահակ Իսկանդարյանը, Արայիկ Բեգլարյանը… Տարբեր տարիներին կապի զորքերը ղեկավարել են գնդապետ Ա. Բալբաբյանը, գեներալ- մայորներ Ա. Փափազյանը, Ա. Բաբուրյանը, իսկ 2009 թվականից մինչ օրս կապի զորքերը ղեկավարում է գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը:

ՀՀ ԶՈՒ կապի զորքերի հերթական` 22-րդ տարեդարձը նշվեց կապի ուսումնական զորամասում, որի հրամանատարն է փոխգնդապետ Ն. Խոջոյանը: Միջոցառմանը ներկա էին զինվորների հարազատներ, ԱԺ պատգամավորներ, Արարատի մարզպետարանի և Արտաշատի քաղաքապետարանի ներկայացուցիչներ` քաղաքապետի գլխավորությամբ, բազմաթիվ հյուրեր, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ… Առավոտյան ժամը 10.00-ին զորամասի ողջ անձնակազմը շարահրապարակում շարվեց հանդիսավոր տողանի: Զինվորական նվագախմբի հնչյունների ներքո հանդիսավորությամբ ներս բերվեց զորամասի դրոշը, որից հետո կատարվեց ՀՀ պետական օրհներգը:

Տոնական օրվա կապակցությամբ շնորհավորելով անձնակազմին ու հյուրերին՝ ՀՀ ԶՈՒ Կապի եւ ԱԿՀ վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը մասնավորապես ասաց.

-ՀՀ զինված ուժերի կապի համակարգը ձևավորվել է Արցախյան պատերազմի ժամանակ և անցնելով բավականին բարդ ուղի, պատվով է դուրս եկել բոլոր փորձություններից՝ ապահովելով ԶՈՒ անընդհատ և հուսալի ղեկավարումը, դարձել մեր հաղթանակի գրավականներից մեկը։

Հանուն հաղթանակի և ԶՈՒ կայացման, կապի զորքերի կազմավորման՝ բազմաթիվ նվիրյալ կապավորներ դրել են իրենց կյանքը։ Այսօր այդ բոլոր դժվարություններն արդեն հետևում են, իսկ կապի զորքերը՝ կայացած։ Տարեցտարի կատարելագործվում է զորքերի ղեկավարման համակարգը, կատարվում են մեծ ներդրումներ, ձեռք են բերվում նոր տեխնիկա և կապի միջոցներ։ Սակայն սա դեռևս չի նշանակում, որ ձեռք բերածը բավարար է, որ մենք այլևս անելիքներ չունենք։

Այո՛, կապավորի ծառայությունը շատ բարդ է և պատասխանատու։ Սակայն մենք՝ կապավորներս, գիտակցում ենք մեզ վստահված խնդրի կարևորությունը, զգում ենք ղեկավարության հատուկ ուշադրությունը կապի համակարգի նկատմամբ, նրանց կողմից կապի համակարգի կարևորումը, որի վառ ապացույցն է այսօր կապի համակարգում իրականացվող վերազինման ծրագիրը։

Դժվարություններ միշտ լինելու են, սակայն համապատասխան կամքի դրսևորման ու գործի նկատմամբ նվիրվածության դեպքում կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները և հասնել մեծ հաջողությունների։ Ես, որպես կապի զորքերի պետ, էապես համոզված եմ և իմ ու ամբողջ կապի զորքերի անունից վստահեցնում եմ մեր ղեկավարությանը, որ այսօր կապի զորքերը կայացել են, որ այսօր զինված ուժերի կապի համակարգը հուսալի է և կարող է ապահովել զորքերի անընդհատ ղեկավարումը ցանկացած իրավիճակում՝ ինչպես ամենօրյա գործունեության ժամանակ, այնպես էլ մարտական գործողությունների դեպքում։

Առանց ժամանակակից կապի միջոցների, անհնար կլինի արդի մարտահրավերներին դիմակայելը: Եվ այդ քաջ գիտակցում են մեր կապավորները, որոնց նվիրվածության, գրագիտության, մասնագիտական բարձր գիտելիքների և հմտությունների շնորհիվ հնարավոր եղավ կերտել ոչ միայն Արցախյան հաղթանակը, այլև այսօրվա մեր ժամանակակից ու հզոր բանակը:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #36 (1054) 18.09.2014 – 24.09.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


18/09/2014