Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՈՒՍԱԴԻՐՆԵՐՍ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԵՄ ԿՐՈՒՄ
ՈՒՍԱԴԻՐՆԵՐՍ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԵՄ ԿՐՈՒՄ

Մի քանի ընկերներով` ես, Բաբայան Կարենը, Հովհաննիսյան Հովհաննեսը, որոշեցինք զինվորական դառնալ` մեր նորաստեղծ բանակի հաղթանակներից ոգևորված ու տպավորված: Ռազմական ինստիտուտն էլ նոր էր բացվել: Որոշեցինք ու ընդունվեցինք բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարան: Ես ընտրեցի համազորային ֆակուլտետը, այնուհետև տեղափոխվեցի հակաօդային պաշտպանության ֆակուլտետ` հակաօդային պաշտպանության համազորային մասնագիտությամբ:

Ավարտելուց հետո (ի դեպ, Ռազմական ինստիտուտի երկրորդ տարվա շրջանավարտ եմ), որպես դասակի հրամանատար, ծառայության նշանակվեցի զորամասերից մեկում, հետո՝ որպես մարտկոցի հրամանատար, իսկ ութ ամիս անց` հրաձգային վաշտի հրամանատար: Այն ժամանակ արդեն հասկացա, որ զինվորականի համար թե՛ կայանալու և թե՛ առաջխաղացման առումով սահմանային ծառայությունը անչափ կարևոր է: Հիմա էլ եմ պնդում, որ իսկական զինվորականը սահմանային ծառայության «համն ու հոտը» առած զինվորականն է… Երիտասարդ էի, արյունը երակներումս եռում էր, ուզում էի սահմանում ծառայել, անկախ գտնվելու վայրից ու աշխարհագրական դիրքից: Քսաներեք-քսանչորս տարեկան էի, երբ սահմանում ծառայելու խնդրանքով դիմեցի հրամանատարությանը: Ընդառաջեցին: Ծառայության նշանակվեցի առաջնագծի զորամասում՝ որպես վաշտի հրամանատար: Մեկ տարի ծառայելուց հետո առաջխաղացման կարգով ինձ նշանակեցին մոտոհրաձգային գումարտակի շտաբի պետի պաշտոնին: Հենց այդ տարի էլ ամուսնացա, ընտանիք կազմեցի:

Ինձ համար անչափ կարևոր էր, որ կինս տեսնի ու ապրի զինվորական կյանքի դժվարությունները, հասկանա, թե ինչ է նշանակում լինել սահմանում ծառայող սպայի կին, ինչ են նշանակում կրակոցները, նույնիսկ օրերով տուն չգալը… Չեք պատկերացնի, թե գյուղում ինչ ոգևորությամբ ու խանդավառությամբ ընդունեցին երիտասարդ սպայի՝ ընտանիք կազմելու և իրենց գյուղում հաստատվելու իմ որոշումը: Այդ ժամանակ հասկացա ևս մեկ բան. երբ սահմանամերձ գյուղ հաստատվելու համար նոր մարդ է գալիս` այն էլ զինվորական, երիտասարդ ընտանիք է կազմվում, չեք պատկերացնի՝ որքան են տեղաբնակները գոտեպնդվում, հուսավառվում՝ հասկանալով, որ իրենք մենակ չեն:

Տանը, որտեղ բնակվում էինք, մի տարեց կին էր ապրում` Հասմիկ տատիկը: Նա մեզ` ինձ ու կնոջս մայրություն է արել:

Երբ առաջնեկս լույս աշխարհ պետք է գար, կնոջս տեղափոխեցի Տաշիր, որտեղ էլ ծնվեց երեխաս: Տարի ու կես անց ծնվեց տղաս, և նրան կնքեցի իմ շատ սիրելի ու պաշտելի վաղամեռիկ քեռու անունով` Սարգիս:

Հրաշալի բան է երեխայի ծնունդը, ուղղակի աստվածային պարգև մարդու համար: Երեխան իր մեջ վաղվա լուսավոր օրն է կրում… Իսկ պատկերացնո՞ւմ եք սահմանամերձ գյուղի, նրա բնակչի ուրախության չափը, երբ գյուղում մանկան ճիչ է լսվում: Ամեն երեխայի ծնունդով գյուղն ավելի է հզորանում…

2008թ.-ին դիմեցի հրամանատարիս` գնդապետ Ա. Սարգսյանին, և նա, հաշվի առնելով առաջին կարգի զորամասում յոթ տարի անբասիր ծառայած լինելուս փաստը, ընդառաջեց և թույլ տվեց պատրաստվել ակադեմիական քննություններին: Քննություններին նախապատրաստվելիս հսկայական աջակցություն ստացա կնոջս կողմից: Մրցակցությունը մեծ էր, սակայն ես հաղթեցի և դարձա ՌԴ համազորային ակադեմիայի ունկնդիր:

Ընտանիքով մեկնեցինք Մոսկվա: Առաջնեկս այնտեղ գնաց մանկապարտեզ:

Անհամեստություն թող չթվա, եթե ասեմ, որ լավ եմ սովորել, և առհասարակ ակադեմիայում չկար Հայաստանից գնացած որևէ ունկնդիր, որ չփայլեր իր գիտելիքներով, կարգապահությամբ, պատրաստվածության ու կրթվածության աստիճանով:

Երբ վերադարձա, ինձ նշանակեցին գումարտակի հրամանատար: Իսկ գումարտակը բանակում անչափ կարևոր և առանցքային ստորաբաժանում է: Ես կասեի` գումարտակը զորամասի ողնաշարն է:

Այժմ ծառայում եմ գնդապետ Վ. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասում՝ որպես հրամանատարի տեղակալ:

Ես մեկ վայրկյան անգամ չեմ զղջացել իմ ընտրության համար. հպարտ եմ, որ կրում եմ հաղթանակած հայոց բանակի ավագ սպայի ուսադիրները: Ծառայել ու այսուհետև էլ ծառայելու եմ մեծ նվիրումով:

Հարգանքներով` փոխգնդապետ Աշոտ Շիրվանյան

Պատրաստեց Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ