Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ



Վերջերս եղա Ստեփանակերտի Կենտրոնական հոսպիտալում: Դեմքեր` բարի ու պատրաստակամ, մարդիկ` լցված դիմացինի հոգսը թեթևացնելու առաքելությամբ… Բարձրացանք երրորդ հարկ, ԼՕՌ բաժանմունք, բաժնի պետ Միքայել Հայրիյան և վիրաբույժ Գևորգ Սաղաթելյան, բարեհամբույր բուժքույրեր: Սիրելի՛ ընթերցող, փաստեր չեն, որ ուզում եմ ուղղակի արձանագրել, զգացողություն է, որն ուզում եմ փոխանցել: Մտահոգություն, մտավախություն, անհանգստություն միախառնվել և կուտակվել են կրծքիս մեջ: Իսկ իմ դեմ կանգնած վիրաբույժ Գևորգ Սաղաթելյանի հանգիստ հայացքն ու ինքնավստահ ժպիտը դեռևս ոչինչ չեն ասում: «Իսկ ո՞րն է այն երաշխիքը, որով պայմանավորված կլինի Ձեր վիրահատության արդյունքը» հարցիս նույն բարի հայացքն է պատասխանում: Վիրահատությունից հետո իմացա հարցիս պատասխանը. Ձեր վիրահատության արդյունքի առհավատչյան Ձեր հայրենասիրությունն է: Հայրենասիրությունը չի դրսևորվում միայն մարտի դաշտում ոսոխին դիմակայելիս, այն ակնառու է դառնում վիրաբուժական դանակը ձեռքդ վերցնելիս և քո զինվորի առողջությունը վերականգնելիս, դասարանում հայրենասիրության հերթական դասն ավանդելիս, հողը մշակելիս, ստեղծելիս, ստեղծագործելիս… Գևորգ Սաղաթելյան վիրաբույժ-զինվոր-հայրենասեր մարդուն այսօր ուզում եմ երախտագիտության խոսք ասել` համոզված, որ ինձ են միանում այն բոլոր ընթերցողները, որոնց հետ առնչություն է ունեցել մեր համեստ վիրաբույժը: Փառք ու պատիվ ձեզ, սիրելի՛ բժիշկներ, որ ապահովում եք մեր զինվորների առողջությունը: Մարտունակ բանակի զինվորը առողջ պետք է լինի, իսկ այդ առողջության երաշխավորները դո՛ւք եք, սիրելի՛ բժիշկներ: Խորին երախտագիտություն եմ հայտնում հոսպիտալի ողջ անձնակազմին իրենց վստահված հայրենասեր և հայրենանվեր վեհ գործը արժանապատվորեն կատարելու համար:

ԼԻԼԻԹ ՄԻՐԶԱՋԱՆՅԱՆ
Զինվորի մայր

Խորագիր՝ #36 (1054) 18.09.2014 – 24.09.2014, Բանակ և հասարակություն


18/09/2014