Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՐԱԶԱՆՔՆԵՐՍ ՆՎԻՐԱԲԵՐԵՑԻ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ
ԵՐԱԶԱՆՔՆԵՐՍ ՆՎԻՐԱԲԵՐԵՑԻ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

Արցախյան պատերազմի մասնակից, բժշկուհի Արմինա Նալբանդյանի հետ հանդիպումը հիշեցրեց մեկ այլ հայուհու։ Բանաստեղծ Վարուժան Խաստուրի հորաքույրն էր՝ Մարգարիտա Գասպարյանը, որի հետ աշխատում էինք «Սովետական Հայաստան» ամսագրում։ Ազնվական կին էր, ազնվազարմ։ Ամբողջովին սպիտակ մազերը մի ուրիշ ճերմակություն ունեին, ձյան ճերմակություն։ Անչափ բարի էր և ցույց չէր տալիս հոգում մխացող վերքը։ Մի անգամ աշխատակիցներից մեկը նրան հարցրեց. «Մարգարիտա Քերոբովնա, ինչո՞ւ չեք ամուսնացել, ընտանիք կազմել, Դուք շատ եք գեղեցիկ»։

-Տղա՛ս, գիտե՞ս, թե Հայրենական մեծ պատերազմում քանի՜-քանի 18-20 տարեկան տղա զոհվեց, նրանցից շատերը սիրած աղջիկ ունեին։ Այդքանի դիմաց մի հայուհու չամուսնանալը ի՞նչ է որ»։ Ասաց ու լռեց։ Աչքերը խոնավացան։ Հետո իմացանք, որ սիրած տղա է ունեցել, նույն դասարանից, որը դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Հայրենական մեծ պատերազմ ու չի վերադարձել։ Ու ինքը երդվել է սպասել նրան ամբողջ կյանքում։ Որոշեցի այս ակնարկը նվիրել բոլոր նրանց՝ այն հայուհիներին, որոնք թաղեցին իրենց կյանքն անցյալի հուշերում և հավատարիմ մնացին հայրենիքի համար նահատակված իրենց սիրելիների հիշատակին։

…Ազատամարտիկ Արկադյա Բաղդասարյանը, վերհիշելով հեռավոր պատերազմական այն օրերը «Եղնիկներ» կոչված տեղանքում, հաճախ էր արտաբերում մի անուն ու հետն էլ՝ «մեր քույրը», «մեր սրբությունը», «մեր փրկիչը»։ Հետաքրքրասիրությունը ինձ կլանում է, և հանդիպումը հերոսուհու հետ ուզում եմ շուտ լինի։ Բժշկուհու մասին լսած պատմությունները, նրա անցած կյանքի հարուստ էջերը ինձ բերում են այն եզրահանգման, որ երբ հանդիպենք, զրուցակիցս լինելու է խոսքաշատ, ու նրա պատմությունները պատերազմի և իր անցած կյանքի մասին երկարաշունչ ակնարկի ատաղձ են դառնալու, սակայն զարմանքս մեծ եղավ, երբ բժշկուհին իր մեղմ ժպիտով (հոգնություն կար դեմքին) ասաց. «Դե, ասե՛ք, ինչի՞ մասին խոսեմ, ի՞նչ պատմեմ»։ Ես նորից փորձում եմ բժշկուհուն հետ տանել՝ անցած օրերի, հուշերի գիրկը։ «Չէի կարող չգնալ»,- ասում է։ Խոսակցության ընթացքում ավելի շատ ուրիշներից է խոսում, նվիրական անուններ է տալիս, և բժշկուհու սեղմ, բայց ջերմ բառերը այդ անունները դարձնում են ավելի սիրելի, հարազատ։

-Շահեն Մեղրյանին հանդիպել եմ մեկ անգամ, զրուցել ենք։ Շահեն Մեղրյանը անհատականություն էր, ուժեղ, խիզախ, անձնվեր։

Սերգեյ Չալյանը Շահենից հետո իր մարտիկներով շարունակեց նույն պայքարը՝ հայրենի բնաշխարհը՝ Շահումյանը, ազատագրելու համար։ Նվիրյալ տղաներ էին…

Երբեմն ինձ հարցնում են, թե ինչ հետաքրքրական բան կար պատերազմում… Ի՞նչ կարող է լինել պատերազմում հետաքրքիր, երբ մարդկային ճակատագրեր են խեղվում…»։

Արմինա Նալբանդյանը ծնվել է 1967թ., Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է բժշկական համալսարան։ Ինտերնատուրան ավարտելուց հետո ուսումը շարունակել է ասպիրանտուրայում։ Համալսարանական այդ տարիներին Արտակ Խաչատրյանի հետ միասին, նույն խմբում են եղել։ Արտակ Խաչատրյանը ծնունդով Տաշիրից է։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է բժշկական համալսարան։ Համալսարանն ավարտելուց հետո մի քանի ընկերների հետ աշխատել է Հայաստանի տարբեր շրջաններում՝ որպես շտապօգնության բժիշկ։ Արտակը Սպիտակի փրկարարական ջոկատի անդամներից էր։ Հետո Արտակը որպես բժիշկ մեկնեց Շահումյանի Վերիշեն գյուղ։ 1992թ. դեկտեմբերի 28-ին Արտակն ու Արմինան ամուսնացան։ Զորավոր եկեղեցուց եկան Արմինայենց տուն, հաջորդ օրը մեկնեցին Տաշիր՝ Արտակի ծնողների օրհնությունն ստանալու։

-3 ամիս էր անցել մեր ամուսնությունից, ու մի օր էլ Արտակը ասաց, որ օդանավակայանում հանդիպել է Սերգեյ Չալյանին, իմացել, որ պատրաստվում են Շահումյանը հետ վերցնել ու բժիշկ է պետք։ Ասացի, որ ես էլ կգամ, ու այդպես մենք հասանք Մարտակերտ։ Եղակերի անտառներում պետք է հիմնվեր դաշտային հոսպիտալ, ևս մեկ պահուստային հոսպիտալ՝ Արտատափում։

Շահեն Մեղրյանի և ամուսնու որոշմամբ՝ Արմինան վերադարձել է Երևան՝ անհրաժեշտ բժշկական սարքավորումներ գտնելու և այնտեղ տեղափոխելու համար։

-Երևանում էի, երբ իմացա, որ Արտակը նույնպես պետք է գա Երևան, հետո միասին վերադառնայինք Արցախ…

Արտակը պետք է վերադառնար 1993թ.-ի ապրիլի 17-ի ուղղաթիռով…

Ուղղաթիռի կործանման ժամանակ 11 զոհվածների թվում էր նաև Արտակ Խաչատրյանը։

Ամուսնու հուղարկավորությունից հետո, երբ լրանում է 40 օրը, Արմինան դաշտային հոսպիտալ է տանում Եղակեր։

-Արտակի զոհվելուց հետո մի բժիշկ էլ վիրավորվեց, ու էլ ոչ ոք չէր ուզում ոտք դնել այնտեղ,- վերհիշում է բժշկուհին,- նույնիսկ եղան խորհրդատուներ, որ հետ կանգնեմ այդ որոշումից (միակ կին վիրաբույժը ես էի)։ Իսկ իմ այն հարցին, թե ո՞վ կգնա իմ փոխարեն՝ լռություն տիրեց, ու էլ խորհուրդ-հարցեր չեղան…

Բժշկուհին չի սիրում խոսել իր դժվարին այն օրերից։ Ցավով, ափսոսանքով է տալիս նրանց անունները, որոնց հոգիները մնացին հայրենի լեռնաշխարհում։ Իսկ ազատամարտիկները, երբ լսում են բժշկուհու անունը, ժպտում են ու գովեստի անհամար խոսքեր ասում։ Ասում են հոգու խորքից, ասում են ամենայն սիրով…

Անցնում են տարիները։ Բժշկուհին ճերմակել է։ Չի սիրում բորբոքել իր հոգում անթեղած կրակը։ Ակամա հիշում ես մեծ բանաստեղծ Պ. Դուրյանի խոսքերը. «Ո՜ւհ հատակն են իմ փրփուրները»։

-Իսկ Արտակից հետո կապը կա՞ հարազատների հետ։

-Արտակը հուղարկավորված է Տաշիրում։ Նրա մահվան տարելիցին, ծննդյան օրերին այցելում եմ Տաշիր, հանդիպում Արտակի Արփիկ և Վոլոդյա ծնողներին, Անահիտ քրոջը, Արման, Ահարոն եղբայրներին, որոնք ապրում են Երևանում։ Ի դեպ, Ահարոնը Արտակ անունով տղա ունի։ Կյանքը շարունակվում է…

Արտակի մասին կուզեի շատ գրվեր՝ անչափ բարի էր, գիտակից, ուզում էր իր գիտելիքները օգտագործել ազգի համար, պաշտոնի չէր ձգտում՝ հայրենասեր էր… Շատ համեստ էր։ Ինքն էլ չէր սիրում եղածը ուռճացնել։ Իսկ հայրենասիրության մասին, ինչ ասեմ։ Իր պարտքն էր, մեր պարտքն էր։ Արտակը դաստիարակվել, սնվել էր անաղարտ, ազնիվ ակունքներից…

-Իսկ Ձեր մասին չէի՞ք ուզի, որ գրվեր…

-Իմ ամբողջ կյանքը պատահականությունների շղթա է… Կյանքը հրաշալի է, եթե զգում ես՝ ինչ բան է անանձնական երջանկությունը։ Անցեք հիվանդասենյակներով և տեսեք մահճակալներին պառկած հիվանդներին, նրանց դեմքերին կարելի է կարդալ կյանքի գինն ու արժեքը… Կյանքը, ամեն դեպքում, Աստծո տված ամենաթանկ պարգևն է։

-Հանդիպո՞ւմ եք Ձեր մարտական ընկերներին, եղե՞լ եք Ձեր պատերազմական վայրերում։

-Տղաները երբեմն այցելել են ինձ, ոմանք մեկնեցին արտերկիր։ Նովիկն է մեկ-մեկ գալիս, Արկադյան։ Չեմ եղել մեր մարտական վայրերում, առողջությունս չի ներում։ Ավելորդ հոգս կպատճառեմ տղաներին։

-Երազանքներն են ապրեցնում մարդուն, ի՞նչ եք երազում։

-Մեր ապրած տարիները երազանքի ժամանակ չթողեցին…

Մենք մեր երազանքները հայրենիքին նվիրաբերեցինք…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս. ՀԱԿՈԲ ՊՈՂՈՍՅԱՆԻ