Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԵՔ ՍԵՐՈՒՆԴ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ



Գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի որդու՝ գնդապետ Աշոտ Սարգսյանի միակ արու զավակը շարունակում է ընտանեկան ավանդույթը և շուտով կկրի իր առաջին կուրսանտական ուսադիրները։

-Դու Իշխան Սարգսյանը լինելուց բացի, առաջին հերթին հայ ես,- ասում է գեներալը,- այնուհետև՝ Մուրազ Սարգսյանի թոռն ես։ Ուրեմն պարտավոր ես բարձր պահել հայի քո պատիվը և հպարտությամբ կրել ազգանունդ։

Գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շարահրապարակին մոտեցավ որդու՝ գնդապետ Աշոտ Սարգսյանի, տիկնոջ և հարսի ուղեկցությամբ։ Մոտեցա, որ ողջունեմ։

-Մուրազ Սարուխանի, բարև Ձեզ։ Ինչպե՞ս եք։

-Թոռնիկս է երդվում։ Միակ արու զավակիս տղան՝ միակ արու թոռնիկս։

Աչքերը փայլում են, ձայնը թրթռում է։ Երբեք գեներալին այսքան խանդավառ չեմ տեսել։ Այս առիթը չի կարելի բաց թողնել՝ մտածում եմ։

-Մուրազ Սարուխանի, արարողությունն ավարտվի, զրուցենք։

-Հա, բա ոնց, միասին կգնանք մեր տուն։ Այսօր անմոռաց օր է, տոն է…

…Ամբողջ ընտանիքը հավաքվել է սուրճի սեղանի շուրջ։

-Ո՞ր մեկդ եք հարցազրույց տալիս,- հարցնում եմ։

-Պապա՛ն… պապի՛ն,- միաձայն պատասխանում են հայր ու որդի՝ Աշոտ ու Իշխան Սարգսյանները։

Գեներալը ժպտում է։ -Հայրենական պատերազմում զոհված եղբորս անունն եմ դրել,- գլխով ցույց է տալիս թոռանը։

-Որ ասեմ՝ Աշոտիս ծնվելով էնքան չեմ ուրախացել, որքան այս թոռնիկիս, հավատա… Դե, էն ժամանակ երիտասարդ էինք, խորապես չէինք հասկանում՝ որդին ինչ է, արու զավակն ինչ է։ Երբ Աշոտս փոքր էր, երբեք չէի մտածում, թե ինչ է դառնալու, չէի երազում, որ իմ հետքերով գնա, զինվորական համազգեստ կրի։ Բայց այ Իշխանիս, հոգու խորքում միշտ զինվորական համազգեստով եմ տեսել։ Իշխանս Աշոտիս մանկությունն է կրկնում։ Աշոտս զուսպ, հավասարակշռված, խելացի տղա էր։ Լավ էր սովորում, սպորտով էր զբաղվում։ Մասնակցում էր ռազմահայրենասիրական խաղերի, մրցանակներ էր շահում։ Տղաս զորամասում մեծացավ, զինվորների հետ։ Ծնվեց Խաբարովսկում, առաջին մի քանի տարին Լեհաստանում էինք…: Առաջին դասարանը Մոսկվայում գնաց, հետո Կերչ, Թեոդոսիա, Մոսկվա… 4 դպրոց փոխեց, ինչ կարող էիր անել՝ զինվորականի կյանք է։ Ու երբ ասաց, որ ուզում է տասնամյակն ավարտելուց հետո զինվորական բուհ դիմել, ոչ մեկս չզարմացանք. աչքը բացել, համազգեստ է տեսել ու զինվորական կյանք։ Այսօր գնդապետ է։ 15 տարի սահմանին է եղել։ Չի ասել՝ գեներալի տղա եմ, մի փափուկ, անվտանգ տեղ խցկվեմ։ Իր հոր անունը չի օգտագործել, ընդհակառակը, բարձրացրել է։

Իշխանս էլ հոր նման զորամասերում մեծացավ, սահմանը պահող զինվորների հետ։ Կա՛մ իմ կողքին էր, կա՛մ հոր։ Մի օր (հինգ տարեկան էր) այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նստեցրել էր ծնկներին, խոսում էր հետը։ Մեկ էլ հարցրեց՝ Իշխա՛ն ջան, ի՞նչ ես դառնալու, որ մեծանաս։ Պատասխանեց՝ նախարար։ Թող դառնա, եթե արժանի լինի։ Բայց ինձ համար երբեք կարևոր չի եղել, թե ժառանգներս ինչ պաշտոն կունենան, ամենակարևորն այն է, որ կարգին տղամարդ դառնան։ Մարդկանց օրհնանքը վաստակեն, ոչ թե անեծքը։

Թոռնիկս իր բնավորությամբ իսկական ապագա զինվորական է։ Քաջ տղա է, պինդ տղա է։ Եկավ, ասեց՝ պապի՛կ, այսօր պարաշյուտով թռչելու եմ։ Զարմացա։ Ե՞րբ էր հասցրել սովորել։ Արդեն 14 անգամ թռել է։ Որսորդություն է սիրում։ Չի ծխում, չի խմում, համակարգչին 5 մատի պես տիրապետում է։ Ինչ ասեմ, գոհ եմ բախտից։ Գիտեմ՝ վաղը ասելու են՝ պապիկին է քաշել։ Անունս խայտառակ չի անելու, ազգանունս գետնով չի տալու։

Ասել եմ՝ Իշխա՛ն ջան, շատ լավ կսովորես, հինգերով։ Դու արտերկրում Իշխան լինելուց բացի, առաջին հերթին հայ ես։ Մի վատ բան արեցիր, ասելու են՝ բոլոր հայերը այդպիսին են։ Մի լավ բան արեցիր, ժողովրդիդ անունն ես բարձրացնելու։ Երկրորդ հերթին՝ դու գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի թոռն ես։ Ինձ Ռուսաստանում շատերն են ճանաչում։ Էնպես կանես, որ ասեն՝ պապին արժանի թոռ է։ Թող ասեն՝ պապից էլ մի բան առաջ է։

Ասել եմ՝ հիշիր՝ քո գիտելիքները մեր վաղվա Հայաստանի անվտանգության համար են։ Մեր բանակի համար են։ Քո գիտելիքը մեր հայրենիքի ուժն է։ Գիտելիքը մեր ազգի զենքն է։ Դու զինվորական ես, երկու զենքով պիտի պաշտպանես երկիրդ՝ գիտելիքով և զենքով։

Կգնա, օտարության մեջ կհասկանա՝ հայրենիքն ինչ է։ Լավ կհասկանա։ Ինչ ասեմ, Իշխա՛ն ջան, շնորհավոր զինվորական երդումդ։ Շնորհավոր բոլոր հայ տղաների զինվորական երդումը։ Այս օրը ձեզ համար ավելի հիշարժան է լինելու, քան ձեր ծննդյան օրը, ինչպես ես եմ հիշում իմ զինվորական երդման օրն ու ժամը։ Հիմա տաք ես, չես զգում էդ բառերի ծանրությունը։ Հետո կզգաս։ Կզգաս ուսադիրների ծանրությունը։ Զինվորական լինելու երջանկությունն ու տառապանքը։ Անփորձանք լինես, տղա՛ս, կուրսանտ Իշխան Սարգսյան…

…Մենք բոլորս լռել ենք։ Պահն այնքան հուզիչ է։ Էստաֆետը հանձնվում է պապից թոռանը։ Մուրազ Սարգսյանի դեմքին այնպիսի հուզմունք ու ներշնչանք կա, այնպիսի ալեկոծում։ Ասես էջ առ էջ թերթում է կենսագրության բազմահատոր գիրքը։ Դեռևս խորհրդային բանակում գեներալի կոչման արժանացած հայ զինվորականի համար պահը յուրահատուկ խորհուրդ ունի։ Իսկ Իշխանը միայն կրկնում է՝ հա՛, պապի՛ ջան։ Հետո ձեռքը դնում է պապի ուսին՝ պինդ, տղամարդավարի։ Աշոտ Սարգսյանը, որ այդպես էլ մի բառ չխոսեց, ակնդետ նայում է հորն ու որդուն։ Դեմքին ոչ մի մկան չի շարժվում։ Հայացքի մեջ խստություն կա։ Շատ կուզեի իմանալ, թե ինչ է մտածում այդ պահին գնդապետը՝ գեներալի որդին, ու Տա Աստված, ապագա գեներալի հայրը։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #33 (1051) 28.08.2014 – 03.09.2014, Բանակ և հասարակություն, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


28/08/2014