Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՌԱՋ ԲՈԼՈՐՍ ՀԱՎԱՍԱՐ ԵՆՔ



Արզնի առողջարանում եմ։ Ճաշարանում տարօրինակ իրարանցում է։

-Էս ի՞նչ է պատահել,- հարցնում եմ։

-Մեր աշխատողի՝ Աննայի զինվոր որդին՝ Արսենն է արձակուրդ եկել, շտապում ենք մորը աչքալուսանք տալ։

Քիչ հեռվում արդեն նկատում եմ իրարանցման «մեղավորին»՝ բարի ժպիտով երիտասարդ է, որ մի քիչ ամաչելով, քիչ շփոթված «դիմանում» է ջերմ ողջագուրանքներին ու միաժամանակ աշխատում պատասխանել հարցերի տեղատարափին.

-Լա՞վ ես, զինվո՛ր, սահմանում ի՞նչ վիճակ է։

-Լավ եմ, ամեն ինչ կարգին է, սահմանին անվախ կանգնած են մեր զինվոր տղերքը, էնպես որ՝ հանգիստ ու ապահով եղեք,- պատասխանում է տղան ու պայծառ ժպտում։

Ինձ ոգևորել է մարդկանց ջերմությունը, ուշադրությունը, սրտացավությունը զինվորի նկատմամբ. հարցնում են դիրքերում կանգնած տղաներից, պատվիրում զգույշ և զգոն լինել…

Այդ ջերմությունն ինձ էլ է «վարակում», ես էլ եմ ուզում անպայման զրուցել զինվորի հետ, ավելի շուտ՝ գրել նրա մասին։

-Մինչև զորակոչվելը բանակի մասին և՛ լավն էի լսել, և՛ վատը,- ասում է Արսենը։ -Բայց դե, ամեն ինչ հարաբերական է, ամեն մարդ իր մաշկի վրա պետք է զգա, հետո նոր սեփական դատողություններն անի, բնական է, մի քիչ էլ դժվար պետք է լինի, բանակ է, հո առողջարա՞ն չէ. նոր միջավայր, քաղաքացիական կյանքից անցում զինվորական կարգուկանոնի, նոր ընկերներ։ Ինձ համար ամենադժվարը առաջին երեք օրերն էին, հետո ընտելացա։ Զինվորական երդմանս օրն արդեն իրար հետ լավ մտերմացել էինք…

Զինվորի քույրը՝ Աստղիկը, որ մինչև այդ լուռ լսում էր, միանում է զրույցին։

-Տնեցիներով գնացել էինք եղբորս զինվորական երդմանը մասնակցելու։ Այդ օրն առաջին անգամ տեսա Արսենին զինվորական համազգեստով ու… լաց եղա։

Լաց եղա հպարտությունից… Զինվորական համազգեստով եղբայրս ավելի բարձրահասակ էր երևում, ավելի թիկնեղ, ավելի ուժեղ ու համարձակ։ Մինչ այդ բանակն ինձ համար միայն մեր երկրի ուժն էր։ Հենց այդ օրը հասկացա, որ բանակը նաև իմ եղբայրն է, ու մեր երկիրն ուժեղ է նաև իմ զինվոր եղբորով։ Առանց եղբորս դժվար են անցնում օրերը,- խոստովանում է զինվորի քույրը,- ամեն վայրկյան զգում եմ նրա խորհուրդների կարիքը։ Բայց նաև հասկանում եմ, որ եղբորս և իր զինվոր ընկերների շնորհիվ է, որ մեր ամեն օրը խաղաղ է բացվում… Երբ եղբայրս պետք է արձակուրդ գար, դիտմամբ մամային չասացինք, թաքուն որոշել էինք անակնկալ մատուցել։

-Գեղեցիկ անակնկալ էր,- հաստատում եմ ես,- բայց ինչքան որ ձեր մայրիկն ուրախացել էր, երևի թե այդքան էլ հուզվել էր,- ապա հարցս դարձյալ ուղղում եմ զինվորին.

-Արսե՛ն, արի մի քիչ էլ զրուցենք բանակի դրականի և բացասականի մասին։

-Կարծում եմ՝ ամեն երիտասարդի սրբազան պարտքը զինվորական ծառայությունն է։ Ճիշտ կլիներ, եթե բոլոր տղաներն էլ, անկախ կրթական մակարդակից, ծնողների պաշտոններից, սոցիալական վիճակից, ծառայեն ազգային բանակում։ Հայրենիքի առաջ բոլորս պետք է հավասար լինենք, առանց որևէ արտոնությունների։ Այս դեպքում, կարծում եմ, ավելի նվիրումով կծառայի հայ երիտասարդը։ Բանակը փոխում է քեզ, կոփվում ես, թրծվում, ամրանում, կյանքին այլ կերպ նայում։ Ինքս ինձ վրա եմ զգացել՝ ավելի հավասարակշիռ եմ դարձել, չեմ շտապում որոշումներ կայացնելիս։ Բանակի միակ դժվարությունն իմ կարծիքով կարոտն է, բայց դե, տղամարդ ենք, կդիմանանք,- ասում է Արսենն ու շարունակում։ -Ծառայությունս իր հունով ընթանում է, շուտով սերժանտի կոչում կստանամ, բախտս բերել է՝ լավ զորամասում եմ ծառայում, լավ ընկերներ ունեմ, լավ հրամանատարներ։ Հարգանքի ու վստահության մթնոլորտ է մեզ մոտ։ Ես էլ ծառայությանս զուգընթաց անգլերենի դասընթացների եմ մասնակցում։ Որոշել եմ բանակից հետո գործերս հանձնել ամերիկյան համալսարան։ Կծառայեմ, տուն կդառնամ ֆիզիկապես կոփված, հոգեպես է՛լ ավելի ամուր ու սեփական ձեռքերով կշենացնեմ հայրենի եզերքը, հայրենի տունը…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Օգոստոսի 25-ին սերժանտ Արսեն Իսախանյանը կնշի իր ծննդյան 19-ամյակը։ Ծնունդդ շնորհավոր, զինվոր։ Տա Աստված, որ մեր բոլոր զինվորները մշտապես խաղաղ երկնքի տակ ծառայեն։

Խորագիր՝ #33 (1051) 28.08.2014 – 03.09.2014, Բանակ և հասարակություն


28/08/2014