Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Բանակ-հասարակություն, ծնող-հրամանատար հարաբերությունները ամրապնդելու և համագործակցությունը խորացնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և Արագածոտնի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ առաջին բանակային զորամիավորման ենթակա զորամասերում ծառայություն անցնող տասնյակ զինվորներ հնարավորություն ունեցան հանդիպելու իրենց ծնողներին:

Հանդիպումը տեղի ունեցավ մարզպետարանի մշակույթի տանը: Միջոցառումը մի քանի շաբաթ առաջ էր նախատեսվել մարզպետարանի, զորամասերի հրամանատարության և ՏԶԿ-ների կողմից, բայց նախաձեռնության մասին զինծառայողների հարազատներին տեղյալ չէր պահվել` հաճելի անակնկալ մատուցելու նպատակով: Հրամանատարության կողմից զինծառայողները նաև 5-օրյա հանգստի իրավունք ստացան: Ծառայության ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինվորների հարազատներին տրվեցին նաև շնորհակալագրեր:

Հանդիպման սկզբում մեկ րոպե լռությամբ հարգանք մատուցվեց վերջին օրերին ադրբեջանական ոտնձգությունների հետևանքով զոհված զինվորների հիշատակին:

– Հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր մարտիկներն այսօր զգոն են և բոլոր միջադեպերին արժանի հակահարվածներով են պատասխանում՝ բարձր պահելով հայրենիքի, հայոց բանակի և իրենց ընտանիքների պատիվը,- ասաց մարզպետ Սարգիս Սահակյանը:

Դիմելով զինվորներին, նա շնորհակալություն հայտնեց արժանապատվորեն, պատասխանատվությամբ ծառայություն իրականացնելու, իսկ նրանց ծնողներին՝ երկրի սահմանները անառիկ պահող զինվոր-որդիներ դաստիարակելու համար: Նա նաև շնորհակալական խոսքեր ուղղեց առաջին բանակային զորամիավորման և ենթակա զորամասերի հրամանատարությանը՝ յուրաքանչյուր զինծառայողի նկատմամբ անհատական բարձր վերաբերմունքի, հոգատարության համար:

Իր հերթին առաջին բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը ասաց, որ նման հանդիպումները շարունակական բնույթ են կրելու: Դիմելով ծնողներին, նա շնորհակալություն հայտնեց նրանց՝ հերոս զինվորներով բանակը համալրելու համար:

– Ես անձամբ ձեզ բոլորիդ հասկանում եմ: Մի որդիս արդեն զորացրվել է, այժմ մյուս որդիս է ծառայում: Եվ ձեզ համբերություն ու տոկունություն եմ մաղթում, – ասաց գնդապետ Փարվանյանը:

Մասնակիցներին երաժշտական կատարումներով ողջունեցին Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցի սաները: Մարզպետ Սարգիս Սահակյանը, թերևս, ընդհատեց տոնական միջոցառումը, որպեսզի զինծառայողներն ավելի շատ ժամանակ ունենան անցկացնելու իրենց հարազատների հետ:

Շնորհակալության և երախտագիտության խոսքեր հնչեցին նաև զինծառայողների ծնողների կողմից:

-Իրոք, սա մեզ համար մեծ անակնկալ էր, ինչի համար շնորհակալ ենք մարզպետարանից և զորամիավորման հրամանատարությունից: Նման կերպ, իրոք, մեծանում է զինված ուժերի հանդեպ վստահությունը,- ասաց զինծառայողի մայր տիկին Ռոզան:

Ծնողները հնարավորություն ունեցան նաև անձամբ զրուցելու և դիմելու առաջին զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարներին, քննարկելու ընթացիկ հարցեր ու խնդիրներ:

Նշենք, որ նման հանդիպումներ մայիսից անցկացվել են նաև Երևանում և Արմավիրի մարզում:

Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ