Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԾՈՎ ԵՐԿՐՈՒՄ ԾՆՎԱԾ ԾՈՎԱԿԱԼԸ



-Բարի երեկո, Իվան Ստեփանովիչ, Պոսկրեբիշևն է Ձեզ անհանգստացնում, կներեք ուշ ժամի զանգահարելու համար, ավելի ճիշտ կլիներ ասել` բարի լույս,- հեռախոսի ընկալուչի մեջ հնչում էր իր գործի վարպետ, հաստատակամ պաշտոնյայի կոշտ ու տիրական ձայնը,- Իոսիֆ Վիսսարիոնովիչն ուզում է հանդիպել Ձեզ հետ, ե՞րբ կարող եք գալ:

– Հենց հիմա,- պատասխանեց Իսակովն ու, հեռախոսը կախելով, սկսեց հագնվել` հընթացս զանգահարելով վարորդին:

Լինելով պրոֆեսիոնալ զինվորական, նա գերազանց հասկանում էր, որ Ստալինի օգնականի` «Ե՞րբ կարող եք գալ» հարցը զուտ քաղաքավարության նշան էր. իրեն հրամայված էր գնալ Ստալինի մոտ: – Բայց ինչո՞ւ այս ուշ ժամին,- մտորում էր ծովակալը, մի՞թե իրեն էլ են գցել գերագույն գլխավոր հրամանատարի «սև ցուցակի» մեջ…

Այն ցուցակի, որում հայտնվողները կարճ ժամանակ հետո հրաժեշտ էին տալիս կյանքին, կամ, լավագույն դեպքում, ընտանյոք բռնում էին Սիբիրի ճամփան…

…Ստալինը Իսակովին ընդունեց առանց վայրկյան իսկ սպասեցնելու: Ընդառաջ գնալով խռովահույզ մտքերի մեջ սուզված ծովակալին, ձեռքն ամուր սեղմեց, աթոռ առաջարկեց, ինքը մնաց կանգնած, ու, առանց նախաբանի, ստեպ-ստեպ ծխամորճն իջեցնելով, սկսեց.

-Ընկեր Իսակով, Դուք հավանաբար տեղյակ եք մեր ռազմածովային նավատորմի աննախանձելի վիճակի մասին, ի՞նչ կարծիքի եք, եթե գործերին ցանկալի ընթացք տալու համար Ձեզ նշանակենք ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետ:

-Ընկեր Ստալին,- թեթևացած շունչ քաշելով պատասխանեց Իսակովը,- պետք է Ձեզ զեկուցեմ, որ ես լուրջ թերություն ունեմ` զրկված եմ մի ոտքից:

-Դա միա՞կ թերությունն է, որի մասին Դուք նպատակահարմար եք գտնում զեկուցել,- ոչ այն է ժպտալով, ոչ այն է տխուր քմծիծաղով նետեց Ստալինը:

-Ճի՛շտ այդպես,- հաստատեց ծովակալը:

-Մենք նախկինում շտաբի պետ ունեինք` առանց գլխի, ոչինչ, աշխատում էր,- բազմանշանակ ժպտալով ասաց Ստալինը,- Դուք ոտք չունեք, դա սարսափելի չէ, չեմ կասկածում, որ առանց մի ոտքի էլ լավ կաշխատեք…Շնորհավորում եմ Ձեր նշանակումը, հաջողություն…

«…Ինձ երբեք չի լքում այն միտքը, որ նավի վրա, Ֆիննական ծոցի ցրտերի մեջ պաշտպանելով Ռուսաստանի սահմանները, ես պաշտպանում եմ նաև Հայաստանը»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՍԱԿՈՎ

…Աշխարհակործան պատերազմի հաղթական ավարտից մեկ տարի էր անցել: Հեռավոր հայկական գյուղում ծնված հայրենասեր զորականը պատերազմի ընթացքում հասցրել էր ստանալ ծովակալի` ռազմածովային ուժերի ամենաբարձր կոչումը: Պատմության հոլովույթում ծովը կորցրած, ծովի սիրով ու տենչանքով ապրող հայ մարդու կարոտա՞խտն էր նրան ծովային դարձրել, թե իր մեծ հայրենիքին անմնացորդ ծառայելու բուռն ցանկությունը: Գուցե՝ և՛ մեկը, և՛ մյո՞ւսը:

Ինչևէ, Իվան Ստեփանի Իսակովն արեց ամեն ինչ` բարձր պահելու իրեն ծնած ու սնած ժողովրդի պատիվը՝ ամուր պահելով երկրի ծովային դարպասները…

…Անծով երկրում ծնված ծովակալի ղարաբաղցի պապը` Եգոր Տեր-Իսահակյանը, ջրաղացպան էր, հայրը` ճանապարհների ու երկաթգծերի տեխնիկ-շինարար: Մայրը` Իդա Լաուերը, շվեդական ծագումով էստոնուհի էր: Աշխատանքի բերումով Իսահակյանները հաստատվել էին Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի Հաջիքենդ փոքրիկ գյուղում, որտեղ էլ 1894 թվականի օգոստոսի 22-ին ծնվեց Հովհաննես Իսահակյանը: Հայրը շուտ հրաժեշտ տվեց կյանքին, ու մանկահասակ երեխաներին պահելու հոգսն իրենց վրա վերցրին մայրն ու նրա եղբայրը: Ուսումնասեր մայրը մեծ ցանկություն ուներ զավակներին կրթության տալու և իր սուղ միջոցներից գումար տնտեսելով՝ եղբոր օգնությամբ կարողանում է երկու երեխաներին ընդունել տալ միջնակարգ դպրոց, իսկ Հովհաննեսին` Թիֆլիսի ռեալական դպրոց, որտեղ սովորելու տարիներին նա ցուցաբերում է փայլուն ընդունակություններ գրեթե բոլոր առարկաներից: 1913 թվականին Հովհաննեսը մեկնում է Պետերբուրգ` ուսանելու տեխնոլոգիական ինստիտուտում: Այստեղ սովորելիս դիմում է տալիս` ընդունվելու ծովային կորպուս, սակայն մերժվում է` այլազգի լինելու և ազնվական կոչում չունենալու պատճառով: Հովհաննեսն ստիպված փոխում է անուն-ազգանունն ու Իվան Իսակով դառնալով ընդունվում է Պետերբուրգի ծովային դպրոց, մասնակցում հեռավորարևելյան ծովային երկու արշավների, ավարտում գարդեմարիայի (ծովայինների) կուրսերը, ստանում միչմանի կոչում: Որոշ ժամանակ երիտասարդ ծովայինը ծառայում է Հեռավոր Արևելքում, որտեղ ցարական Ռուսաստանը ստեղծել էր ինչպես առևտրային, այնպես էլ ռազմական նավատորմ` իրենց սառցահատներով: Այնուհետև տեղափոխվում է Բալթիական նավատորմ, որտեղ և հիմնականում կոփվում է իբրև ծովային:

Ծառայությունը` որպես ռևիզոր, նոր կառուցվող «Իզյասլավ» ականակրի վրա, է՛լ ավելի լայնացրին Իսակովի մտահորիզոնն ու նավաշինության բնագավառում ունեցած գիտելիքները: «Իզյասլավը» հսկայական դեր ունեցավ գերմանական նավատորմի դեմ մղված մարտերում, և այդ հաղթանակները կազմակերպելու գործում անգնահատելի էր Իսակովի ներդրումը: Պատահական չէ, որ ականակրի նավաստիները երիտասարդ ծովայինին ընտրեցին նավապետի ավագ օգնական:

1922-28 թվականներին Իսակովը ծառայում էր Սևծովյան նավատորմում` սկզբում որպես նավի հրամանատար, կապի ծառայության պետ, ծովուժի օպերատիվ շտաբի պետի օգնական, շտաբի պետ և այլն: Մինչև Երկրորդ աշխարհամարտի սկիզբը Իսակովը ռազմածովային ուժերում ղեկավար աշխատանքներ էր վարում, դասախոսում էր ռազմածովային ակադեմիայում: 1938 թվականին 44-ամյա հայորդին արդեն ԽՍՀՄ ռազմածովային ուժերի նախարարի առաջին տեղակալն էր, ռազմածովային ակադեմիայի պետը: Հատկանշական է, որ Իսակովն այդ պատասխանատու պաշտոններին նշանակվեց` լինելով անկուսակցական. մի բան, որ աննախադեպ էր Խորհրդային Միության պատմության մեջ: Նա ԽՄԿԿ անդամ դարձավ միայն 1939 թվականին` 45 տարեկան հասակում:

1940 թվականին Իսակովին շնորհվում է ծովակալի կոչում, իսկ նոյեմբերին՝ Կրեմլում կայացած խորհրդակցություններից մեկի ժամանակ, Ստալինի հանձնարարությամբ Իսակովը նշանակվում է ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբի պետ: Այս ընթացքում գիտնական-ծովակալը մշակում է երկրում առաջին` «նավատորմի մարտական կանոնադրությունը», «Ծովային մարտեր մղելու հանձնարարականը», որոնք առ այսօր նորմատիվ փաստաթղթեր են Ռուսաստանի նավատորմում:

Հայրենական մեծ պատերազմն Իսակովը դիմավորեց Բալթիկայում` Հյուսիսարևմտյան ուղղության գլխավոր հրամանատարի նավատորմի գծով տեղակալի պաշտոնում: 1942 թվականի հոկտեմբերի 4-ին առաջին գիծ հերթական այցելության ժամանակ Տուապսեի մոտ Իսակովը ծանր վիրավորվում է, և բժիշկներն ստիպված հեռացնում են նրա ոտքը: Ապաքինվելուց հետո 1946 թվականին Իսակովը վերստին նշանակվում է ռազմածովային նավատորմի շտաբի պետ, 1947-ին` ռազմածովային նավատորմի փոխնախարար` պատերազմի փորձի ուսումնասիրման և օգտագործման գծով:

1944-ին Իսակովին շնորհվել էր նավատորմի ծովակալի, 1955-ին` ԽՍՀՄ նավատորմի ծովակալի կոչումը, որը հավասարազոր էր ցամաքային զորքերի մարշալի կոչմանը: Այդ բարձրագույն կոչմանը, Իսակովից բացի, ցայսօր արժանացել են ընդամենը երկուսը` ծովակալներ Կուզնեցովն ու Գորշկովը: 1965 թվականի մայիսին ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իսակովին շնորհվեց Խորհրդային Միության Հերոսի բարձրագույն կոչումը:

Գիտնական-ծովայինը պաշտպանած «Ցինդաօսյան գործողությունը» գիտական թեզի համար 1938 թվականին ստացել էր ռազմածովային գիտությունների թեկնածուի, իսկ 1946-ին` դոկտորի կոչում, պրոֆեսորի գիտական աստիճան: 1958 թվականին Իսակովն ընտրվեց ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ: Նա ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ էր, ԽՍՀՄ և ՀԽՍՀ գրողների միության անդամ։ Պարգևատրվել է Լենինի 6, Կարմիր աստղի 3 շքանշաններով ու մեդալներով, մի շարք երկրների կառավարական բարձրագույն պարգևներով:

Պատերազմի ավարտից հետո հաղթանակած զորականը գրում է. «Ես ցանկացա նմանվել մեր նշանավոր զորավարներին` ծովակալ Սերեբրյակովին, գեներալներ Մադաթովին, Լազարևին, Տեր-Ղուկասովին ու մյուսներին, չնայած նրանց համեմատ ես դեռ շատ փոքր եմ…»:

Ի դեպ, ադրբեջանցիները 1991 թվականի հայտնի դեպքերից հետո ժամանակավորապես իրենց վերահսկողության տակ հայտնված տարածքներում քանդեցին ու ոչնչացրին մինչ այդ հանրագիտարաններում ու պատմության գրքերում իրենց իսկ կողմից ադրբեջանցիներ ներկայացվող ծովակալ Իսակովի, մարշալներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի արձաններն ու նրանց կյանքն ու գործունեությունը ներկայացնող թանգարանները…

Ականավոր հայորդու փոթորկահույզ սիրտը դադարեց բաբախել 1967 թվականի հոկտեմբերի 11-ին։ Նրա մարմինն ամփոփված է Մոսկվայի Նովոդևիչևոյի գերեզմանատանը:

ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Խորագիր՝ #32 (1050) 21.08.2014 – 27.08.2014, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


21/08/2014