Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՄԲԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ԵՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ



ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթ

Միջազգային մամուլն այս օրերին հեղեղված է եվրոպական և ամերիկյան քաղաքական գործիչների մասին աղմկահարույց պատմություններով, որոնք ջերմ ընդունելության են արժանացել Ադրբեջանում և Թուրքիայում՝ շահադիտական թաքուն դրդապատճառներով:

Նորագույն բացահայտումը հրապարակել է «Հյուստոնյան խրոնիկան» (Houston Chronicle) հուլիսի 27-ին` «Կոնգրեսականների շրջագայությունը ահազանգ է հնչեցնում» խորագրով: Հոդվածը բացահայտել է, որ 2013 թվականի մայիսին Կոնգրեսի տասը անդամների և 35 աշխատակիցների ճամփորդության համար շահույթ չհետապնդող թուրքական հինգ խումբ ծախսել է 274 459 դոլար: Դրամական միջոցները նվիրաբերել էին.

* Թուրք ամերիկացիների և եվրասիացիների խորհուրդը (Հյուստոն)- 101 680 դոլար.

* Ամերիկայի միջին արևմտյան հատվածի թուրքական միությունը (Չիկագո) – 68 324 դոլար.

* Ամերիկայի թուրքական դաշինքը (Վաշինգտոն) – 52 975 դոլար.

* Ամերիկայի հարավարևելյան հատվածի թուրքական միությունը (Ատլանտա) – 26 550 դոլար.

* Թուրք-ամերիկյան ընկերակցությունների խորհուրդը (Նյու Յորք) – 24 930 դոլար:

Ահա այն տասը կոնգրեսականները, որոնց դեպի Բաքու ճամփորդության բոլոր ծախսերն ամբողջովին վճարվել էին.

– Դենի Դևիս – 24 084 դոլար.
– Ռուբեն Հինոջոզա – 19 962 դոլար.
– Ջիմ Բրայդենշտին – 14 173 դոլար.
– Թեդ Պո – 13 431 դոլար.
– Սթիվ Սթոքման – 13 431 դոլար.
– Միշել Լուhան Գրիշեմ – 12 780 դոլար.
– Շիլա Ջեկսոն Լի – 12 034 դոլար.
– Լենարդ Լանս – 9 798 դոլար.
– Իվետ Քլարկ – 8 701 դոլար.
– Գրեգորի Միքս – 6 431 դոլար:

Կոնգրեսականների ուղևորության իրական նպատակը մի համաժողովի մասնակցելն էր, որը մասամբ ֆինանսավորել էր SOCAR-ը (Ադրբեջանի ազգային նավթային ընկերություն), և որն իր գործընկերներից մեկի՝ NIOC-ի (Իրանի ազգային նավթային ընկերություն) հետ միասին ձեռնարկել էր 28 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիր՝ շահագործելու «Շահ Դենիզ» գազի հանքավայրը: Պատահական չէ, որ շրջագայությունը կազմակերպվել էր հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում էր լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Ադրբեջանցիներին և նրանց իրանցի գործընկերներին խիստ անհրաժեշտ էր այս հսկայածավալ ծրագիրն իրականացնելու համար Կոնգրեսից ստանալ արտոնություն: Զարմանալի չէ, որ պատվիրակության շքեղ ճամփորդությունից վերադառնալուց հետո, երկու ամիս չանցած, Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց այդ ցանկալի արտոնությանը:

«Հյուստոնյան խրոնիկան» օրինագծի՝ սովորաբար դանդաղաշարժ Կոնգրեսի շուտափույթ հաստատումը բացատրում է «SOCAR-ի ադրբեջանական այլ պետական միավորների հետ մեկտեղ Վաշինգտոնի խոշորագույն փող ծախսողներից մեկը դառնալու փաստով՝ իր համար ամերիկյան գործընկերներ ապահովելով սեփական նավթամթերքը համաշխարհային շուկաներ արտահանելու գործում… Լոբբիստները, Ադրբեջանի կառավարությունը և էներգետիկ ընկերությունները, բոլորը մասնակցել էին Բաքվի հավաքույթին» Հեյդար Ալիևի շքեղ կենտրոնում, որտեղ գլխավոր բանախոսը նախագահ Իլհամ Ալիևն էր: «Առնվազն չորս կոնգրեսականի ընկերակցել էին իրենց կանայք կամ նշանածները: Միայն կոնգրեսականների ճամփորդական ծախսերը կազմել էին 270 հազար դոլար»:

Հետաքրքրական է, որ այցելության գլխավոր կազմակերպիչը՝ Թուրք ամերիկացիների և եվրասիացիների խորհուրդը, «չի բացահայտել որևէ առևտրային ընկերության աջակցություն կամ օտարերկրյա կառավարության օգնություն կոնգրեսականների Բաքու կատարելիք ուղևորությունների համար», ինչպես պահանջում է դաշնային օրենքը, հաղորդում է «Խրոնիկան»: Շահույթ չհետապնդող թուրքական այդ հինգ կազմակերպությունները և տասը կոնգրեսականները հնարավոր է խախտել են Կոնգրեսի էթիկայի կանոնները և դաշնային օրենքը՝ չբացահայտելով ուղևորության համար առևտրական նվիրատվությունները:

Արձանագրությունները ցույց են տալիս, որ կոնգրեսական Միքսը «չի բացահայտել Բաքու կատարած իր ճամփորդության ծախսերը վերջնաժամկետից մեկ տարի անց»: Ավելին, կոնգրեսական Սթոքմանը լրացուցիչ ստացել է 5 հազար դոլար՝ քարոզչական նպատակներով, նույն ամսվա ուղևորության ընթացքում Թուրքական խորհրդի նախագահ Քեմալ Օքսուզից, որը ղեկավարում է շահույթ չհետապնդող երկու խումբ: «Երկու խումբն էլ ճանաչվել են որպես Բաքվի համաժողովի հովանավոր կամ կազմակերպիչ և երկուսն էլ գումար են վերցրել SOCAR-ից»,- հայտարարում է «Խրոնիկան»:

Օքսուզը Բաքվում հայտնել է մի ամերիկացի լրագրողի, որ նավթային համաժողովի ծախսը կազմել է 1.5 մլն դոլար: Նա նաև ասել է, որ հյուրերը որպես նվեր ստացել են ձեռագործ գորգեր, որը խախտում կհամարվի, եթե դրանց մասին չհայտնեն ԱՄՆ համապատասխան մարմիններին:

«Խրոնիկան» պարզել է, որ «այդ ոչ առևտրային խմբերից շատերը ղեկավարում են թուրք նախկին իմամ, վտարանդի Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդները… Ընդհանուր առմամբ, թուրքական խմբերը կոնգրեսականների և նրանց աշխատակազմերի համար 2009-2013 թվականներին ֆինանսավորել են 272 արտասահմանյան ուղևորություն» դեպի Ադրբեջան և Թուրքիա:

«Հյուստոնյան խրոնիկան», ի լրումն իր մերկացնող հետաքննական հոդվածի, նաև հրապարակել է խիստ քննադատական մի խմբագրական՝ հանդիմանելով տասը կոնգրեսականի` «ահավոր միամիտ կամ նողկալի կաշառակեր լինելու» համար, որոնք «գրպանած նվիրատվությունների» դիմաց ծառայում են Ադրբեջանի շահերին՝ «մի կոռումպացված ավազակապետության, որտեղ իշխում է Ալիևների ընտանիքը, որ ապօրինի գումարներ է կուտակում՝ խեղդելով քաղաքական այլախոհությունը»:

Խորագիր՝ #32 (1050) 21.08.2014 – 27.08.2014, Ռազմաքաղաքական


21/08/2014