Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՊԱՐՏԵԼԻ ԲԱՆԱԿ



Կա այսպիսի մի առակ. կենդանիների արքան՝ առյուծը, կանգնած է անտառում, շրջապատված գիշատիչ գազաններով և հանկարծ տեսնում է, որ փիղն ու մուկը անցնում են և իրենց կողմը չեն էլ նայում: Նման վերաբերմունքից վիրավորված, Առյուծն իր մոտ է կանչում գայլին և ասում.

-Գնա ու պարզիր՝ այդ երկուսը հայր ու որդի կամ եղբայրներ չե՞ն, եթե հայր ու որդի կամ եղբայրներ եղան, սուսուփուս հետ կգաս, և մենք նրանց հետ չենք կռվի, որովհետև եթե կռվենք, հաստատ պարտվելու ենք…

…Սահմանին մեր հակառակորդի՝ Ադրբեջանի, զինյալների հերոսացման փորձերի վիժեցումից և համապատասխան դաստիարակչական աշխատանքներից հետո մեր առաջնագծի զորամասերի զինվորները թիկունքի կամավորականների, պատերազմի վետերանների կողմից այնպիսի աննախադեպ աջակցություն ստացան, որ բանակը միանգամից դարձավ հարազատ եղբայրների կամ հայրերի ու որդիների բանակ: Հենց այսպիսի բանակի մասին էր երազում Գարեգին Նժդեհը գրելով. «…տվեք ինձ ցեղորեն դաստիարակված մի սերունդ, և ես արևի տակ ցույց կտամ Հայաստանը»: Մեկ շաբաթվա տեղային՝ դիրքային կամ հենակետային մարտերը ցույց տվեցին, որ հայոց բանակում նպատակային են օգտագործվել հրադադարի քսան տարիների յուրաքանչյուր օրն ու ժամը, որ այդ քսան տարիների քառասուն զորակոչերի միջոցով բանակում ծառայել ու զինվորական մասնագիտություն են ձեռք բերել հարյուր հազարավոր հայորդիներ, որոնք պատրաստ են հենց առաջին իսկ կանչով համալրելու բոլոր զորատեսակները, բազմապատկելու ծառայության մեջ գտնվող իրենց եղբայրների թիվը: Սահմանային միջադեպերը ցույց տվեցին, որ անցած տարիները ոչ թե թուլացրել, այլ է՛լ ավելի են ամրապնդել, վճռական դարձրել առաջին պատերազմի հերոսական սերնդի կամքն ու ոգին: Հայ դիրքապահների ուղղությամբ արձակված կրակոցները համախմբեցին աշխարհի բոլոր հայերին, մեծերին ու փոքրերին, կուսակցական ու քաղաքական գործիչներին, անգամ կրթության ու գիտության աշխատողների և նույնիսկ նրանց, ովքեր նույնիսկ չեն ծառայել ազգային բանակում:

Ինքնապաշտպանության այսօրվա պոռթկումից ես 1988թ. համն եմ զգում:

***

Դեռևս մարտ ամսին ՊԲ երրորդ պաշտպանականի մասին հոդվածում ցույց եմ տվել, թե ինչպես գիշերները զինվորների հետ մարտական հերթապահություն են կատարում ԼՂՀ ոստիկանության, ԱԱԾ, արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները, ԵԿՄ անդամներն ու նույնիսկ զինվորների ծնողները: Չկարծեք, թե առաջնագծի մեր զինվորներն իրենց գործն ինքնուրույն չեն կարողանում կատարել, պարզապես մեր ժողովուրդն է ուզում լինել այնտեղ, մեր զինվորների, մեր որդիների ու եղբայրների կողքին: Անչափ ուրախացա, իմանալով, որ գիշերը հենակետերում են անցկացնում բարձրաստիճան պաշտոնյաները՝ ԼՂՀ վարչապետը, Վայոց Ձորի մարզպետը, ուրիշ պաշտոնյաներ: Ախր, հենց տեղում նրանք կարող են տեսնել, թե ինչի կարիք ունեն հենակետերը… Թե՛ ղեկավար, թե՛ գործարար մարդիկ այս հարցերն ավելի հեշտ կլուծեն և կթեթևացնեն գումարտակների հրամանատարների հոգսը:

***

Հենակետերից վերջինը, որտեղ եղել եմ, բավական բարդ դիրք ուներ: Դիրք հասնելու ճանապարհն էլ վտանգավոր էր, որովհետև կային բաց, հակառակորդի համար տեսանելի հատվածներ, և դրանք փակելն անհնար էր: Երբ տեղ հասանք, համոզվեցի, որ հնարավոր չէ հենակետից հրաժարվել, քանի որ այդպես վարվելու դեպքում բավական մեծ տարածքում հակառակորդին անկաշկանդ գործելու հնարավորություն կտրվի:

Հենակետի ավագ կրտսեր սերժանտ Գևորգ Մարգարյանը համապատասխան զեկույցով մեզ ներկայացրեց իրավիճակը:

-Կրակոցներ լինում են, բայց այսօր հանգիստ է:

Գործընկերներս վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Առաքելյանի, ԶՈՒՊ խմբի ավագ սպա, կապիտան Էդուարդ Ստեփանյանի ուղեկցությամբ գնում են դիտակետեր, իսկ ես շարունակում եմ զրույցը ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արտակ Սարգսյանի և նրա զինվորների հետ:

-Մեր զգոնությունը չենք թուլացնում, հակառակորդը միշտ պիտի զգա մեր շնչառությունը, հակառակ դեպքում կարող է նախահարձակ լինել,- ասում է Արտակը:

-Իսկ այս բարձունքի հենակետից չե՞ն կրակում:

-Պատահում է՝ կրակում են, բայց ոչ ուղիղ նշանառությամբ: Հավանաբար, հաշվի են առնում, որ մենք էլ իրենց մյուս դիրքերի նկատմամբ առավելություն ունենք:

-Ես վանաձորցի եմ, դպրոցն ավարտել եմ ու զորակոչվել, համազորային ուսումնականից հետո տեղափոխվել եմ այստեղ: Արդեն մեկ տարի մարտական հերթապահություն եմ կատարում, աշնանը կզորացրվեմ,-ասաց Արտակը ու ներկայացրեց իր ջոկի զինվորներից շարքային Չիչով Ալեքսանդրին:

-Ազգությամբ մոլոկան եմ` Լերմոնտովո գյուղից: Երկու եղբայր ենք, ես փոքրն եմ, մեծ եղբայրս ուսանող է:

Երբ հարցրի, թե ինչպիսին է մոլոկանների վերաբերմունքը զինվորական ծառայության նկատմամբ, Ալեքսանդրն ասաց.

-Շատ լավ, մենք պարտավոր ենք ծառայել մեր երկրի բանակում և նամուսով էլ ծառայում ենք: Մեր գումարտակի մյուս վաշտում էլ ընկերս՝ շարքային Վասիլի Մինասուևն է մարտական հերթապահություն կատարում:

Մարդկային փոխհարաբերությունների մասին զինվորն ասաց.

– Ազգությունը կապ չունի, բոլորս եղբայրներ ենք, ավելին՝ հաճախ այնպիսի հարցեր են լինում, որ տղերքը սկզբից մտածում են մեր մասին, ուզում են, որ նախ մեզ համար լավ լինի, հետո՝ իրենց: Չէ՛, անկեղծորեն եմ ասում, մենք մեզ շատ լավ ենք զգում, քանի որ մի հող ու ջրի մարդ ենք:

Շարքային Գևորգ Ղազարյանը նռնականետորդի օգնական է:

-Գլուխ գովալ չլինի, լավ եմ կրակում, հլա մի թող հրաման տան, կտեսնեք՝ ոնց եմ սրանց մինչև գետը քշում:

Ընկերները ծիծաղում են Գևորգի պարզ ու անկաշկանդ խոսքի վրա:

-Ես էլ գնդացրորդ եմ,- տեսնելով, որ ներկայանալու հերթն իրենն է, ասաց շարքային Էդուարդ Եղիազարյանը: -Սովորել եմ Երևանի Սոս Հովսեփյանի անվան թիվ 115 դպրոցում, այնուհետև ընդունվել եմ բժշկական քոլեջ, դեղագետ եմ դառնալու:

Հաջորդ զինվորը հրաձիգ, շարքային Մհեր Մանուկյանն էր՝ Լուսակերտից, որին էլ ներկայացրեց ջոկի հրամանատարը.

-Մեր լավագույն նշանառուներից է,- և ավելացրեց,- նաև լավ պատշար է. այ էն ամուր պատերն ինքն է շարել:

-Որտե՞ղ ես սովորել այսպես վարպետորեն պատ շարել:

-Էդ իմ արհեստն է, բանակից առաջ աշխատել եմ, տուն գնամ, էլի նույն գործն եմ անելու: Տուն կառուցելուց լավ բան չկա:

-Իհարկե, ամենալավ բանը տուն սարքելն է, տա Աստված, որ ամեն ինչ քո սրտով լինի, տասնյակ, հարյուրավոր տներ կառուցես:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #31 (1049) 14.08.2014 – 20.08.2014, Ազգային բանակ


14/08/2014