Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ՝ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ



ԼՂՀ Հադրութի, Մարտակերտի, Բերձորի շրջանների ազատամարտիկները օրերս ձեւավորել են կամավորական խմբեր եւ մեկնել առաջնագիծ՝ զինվորին զորակցելու, ոգեւորելու, բարոյական աջակցություն ցուցաբերելու, փորձով ու խորհուրդներով օգտակար լինելու: Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը, որ կամավորական խմբի հետ մեկնել է առաջնագիծ, հայտնել է. «Ազատամարտիկները Առաքել, Տող, Թաղեր և այլ գյուղերից են, բոլորն էլ գերազանց են տիրապետում ռազմական գործին եւ պատրաստ են օր ու գիշեր լինելու զինվորի կողքին»:

Մարտակերտի շրջանից առաջնագծի տարբեր ուղղություններով տեղակայված զորամասեր են մեկնել մոտ երեք հարյուր ազատամարտիկ, որոնց թվում նաև նախկին հրամանատարներ: Ինչպես նշեց խմբի ղեկավար Արտուշ Մխիթարյանը, դիրքեր մեկնած ազատամարտիկները Արցախյան պատերազմի ժամանակ Մարտակերտի շրջանը ազատագրած այն տղաներն են, ովքեր շատ ուժեղ մարտավարական հնարքների են տիրապետում: Նա վստահեցրեց, որ իրենք դիրքերում կմնան այնքան, որքան պետք է, և զինծառայողների հետ կապահովեն սահմանների անվտանգությունը:

ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով Բերձորից սահման մեկնած կամավորների խմբին, գրել է. «Բերձորից ավելի քան 100 հոգանոց կամավորների մի խումբ է մեկնել դիրքեր՝ զինվորների հետ տեղում կանգնելու: Թեև ռազմական առումով դրա կարիքը չկա, բայց բարոյահոգեբանական տեսանկյունից շատ էլ լավ քայլ են արել բերձորցիները: Ե՛վ զինվորը կզգա հասարակության հոգեբանական աջակցությունը, և՛ մենք բոլորս»:

Մարտական դիրքեր է այցելել նաեւ Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը և գիշերել այնտեղ: Նա շրջել է տասնյակ հենակետերով, զրուցել դիրքապահ զինվորականների և կամավորականների հետ: Ա. Հարությունյանի համոզմամբ՝ բոլորի ոգին մարտական է, նրանք ամուր կանգնած են Արցախի պաշտպանության դիրքերում:

Խորագիր՝ #31 (1049) 14.08.2014 – 20.08.2014, Ազգային բանակ


14/08/2014