Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍԸ
ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍԸ

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղը, որտեղ ծնվել, հասակ եմ առել, մինչ օրս առանձնապես ոչնչով աչքի չի ընկել` ո՛չ պատմական անցյալ ունի (կառուցվել է անցյալ դարի 30-ական թվականներին, անունն էլ է այդ հուշում), ո՛չ էլ հայկական դասական գյուղերին համապատասխան նկարագիր… Սակայն գյուղն ունի սրբատեղի` Արցախյան պատերազմում անհետ կորած երեք հերոս ազատամարտիկների տապանաքարերը… որոնց կողքին մի սրբազան շիրիմ էլ ավելացավ …

Ես աղոտ եմ հիշում Սարգսին, երազի պես: Նա իմ հայրենակիցն է, մենք միևնույն հող ու ջրի ծնունդ ենք, և միայն նրա զոհվելուց հետո եմ իմանում, որ գյուղից իմ բացակայության երկար տարիների ընթացքում, ինձ մոտիկ ու հարազատ Մովսիսյանների գերդաստանում հասակ է առել մի դյուցազուն, որ հերոսի փառքով պետք է պսակեր իր թե՛ գերդաստանի և թե՛ իր ծննդավայր Մայիսյան գյուղի անունը:

Հերոսի հուղարկավորության ժամանակ անմիջական հրամանատարների, ծառայակից ընկերների շուրթերից երախտագիտության ու մեծարանքի բազում խոսքեր լսեցի Սարգիս Արմենի Մովսիսյանի անօրինակ սխրանքի ու խիզախության մասին: Առաջին վաշտ… Առաջին դասակ… Առաջին ջոկ… Եվ թշնամու անագորույն գնդակից ընկած առաջին հերոսը, որին մեր համագյուղացիներն իրենց աչքով տեսան, սգացին և մեծարեցին:

Քաջարի զինվորի հրամանատարներից մեկը նշեց, որ Սարգիսը ծառայության մեջ միշտ աչքի է ընկել բարձր կարգապահությամբ, ընկերներին հասնելու, օգնելու պատրաստակամությամբ՝ հրաշալի գիտակցելով կրտսեր հրամանատարի ուսերին դրված պատասխանատվության կարևորությունը: Ես, որպես զինվորական, հրաշալիորեն հասկանում էի գնդապետի ասած ամեն բառի նշանակությունն ու կշիռը հատկապես առաջնագծում ծառայող զինվորի համար` ազնվություն, ուժ, համարձակություն, քաջություն, պատրաստակամություն, պատիվ…

Սարգիսը, կամ ինչպես սիրում էին կոչել նրան մանկության և ծառայակից ընկերները` Սաքը, հերոսանալու առիթ երբեք չի փնտրել… Առիթն ինքն է նրան փնտրել ու գտել… Ադրբեջանցիների ձեռնարկած հերթական դիվերսիայի օրը, սահմանի այդ հատվածում մարտական հերթապահություն մեջ ընդգրկված էր նաև ավագ լեյտենանտ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանանի (հետմահու) ասպետ Զորիկ Ժիրայրի Գևորգյանի հրամանատարությամբ գործող վաշտը, որի կազմում էր նաև սերժանտ Սարգիս Մովսիսյանի ջոկը: Եվ հենց նրանք էլ առաջինը նկատում են գաղտագողի դեպի իրենց դիրքերը սողոսկող ելուզակներին ու մարտի բռնվում… Զոհվում է վաշտի հրամանատար Զորիկ Գևորգյանը, սերժանտ Սարգիս Մովսիսյանն էլ ծանր վիրավորվում է: Մարտի արդյունքում թշնամու դիվերսիոն խումբը նահանջում է` թողնելով տասնյակ սպանվածներ, տեխնիկական միջոցներ ու զենք-զինամթերք:

Մինչև օգնական ուժերի վրա հասնելը, անհավասար մարտում ծանր վիրավորված սերժանտը մինչև վերջ կռվում է իրենց դիրքերի մատույցներ ներխուժած մի քանի տասնյակի հասնող թշնամու գրոհայինների դեմ, և անգամ ծանր վիրավոր, արյունաքամ հերոս հայորդու զենքը չի լռում` մեկը մյուսի հետևից դժոխքի ծոցը ուղարկելով պիղծ շներին:

Սարգսին՝ իբրեւ իսկական հերոսի բնութագրող ևս երկու դրվագ եմ ուզում հիշատակել: Երբ մեր հերոսի ընտանիքը մեկնում է ՌԴ, նա չի գնում, ասելով. «Ես կծառայեմ, պարտքս կտամ, նոր կորոշեմ` գնամ, թե մնամ… Նրա անկոտրում կամքի մասին են վկայում հոր հետ հեռախոսազրույցի վերջին խոսքերը` «Պապ ջան, ես ինձ լավ եմ զգում, մի՛ անհանգստացեք, չգա՛ք»:

Ահա այսպիսին է մեր ժամանակի հերոսը՝ Սարգիս Մովսիսյան անուն-ազգանունով:

Սերժանտ Սարգիս Մովսիսյանին հուղարկավորեցին իր ծննդավայր Մայիսյանում, զինվորական կարգով` պատվո պահակներով և զինվորական երգչախմբով:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով զորամասի ջոկի հրամանատար, սերժանտ Սարգիս Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Շնորհակալ ու երախտապարտ ենք քեզ, Սարգիս: Դու քո երիտասարդ կյանքի գնով ապացուցեցիր, որ Հայրենիքից բարձր ոչինչ չկա այս արևի տակ:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ