Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐԸ



Արարատի մարզի Արմաշ գյուղում է ապրում ազատամարտիկ Վալերի Սարգսյանը։ Մինչ տուն հասնելը համագյուղացի Տիգրանը փորձում է ներկայացնել Վալերիին.

-Հերոս է, իսկական հերոս, նրա մասին լեգենդներ են պատմում, պատերազմի ժամանակ ադրբեջանցիները մեծ գլխագին են նրա համար խոստացել։ Ընկերները միշտ կատակով ասել են. «Վալեր ջան, արի քեզ տանենք հանձնենք, փողը վերցնենք՝ միևնույն է, դու էլի հետ կգաս»։ Ռացիայով լսել են թշնամու խոսակցությունները. «Հայերը մի «ռազվեդչիկ» ունեն, ոնց որ Սադամը լինի»։ Այդ օրերից էլ նրան ճանաչում են այդ անունով։

Վալերի Սարգսյանի բակ մտնող դռան վերևի մասում գեղեցիկ մի նուռ է քանդակված՝ ճյուղերով, տերևներով։ Շատ է գեղեցիկ, ոնց որ բնական լինի։ «Իր ձեռքի աշխատանքն է»,- ասում է Տիգրան Մաթևոսյանը։

Ծնվել է Բաքվում։ Նախնիները Բաքու են գնացել Սյունյաց աշխարհից։ Սումգայիթի, Բաքվի կոտորածներից հետո նրանք մեծ դժվարությունների գնով եկան Երևան։ Բարեկամների, հարազատների հորդորներին ուշադրություն չդարձնելով՝ Վալերին մեկնեց Տավուշի սահմանամերձ բնակավայրեր, որտեղ արդեն սկսվել էին բախումները։ Սկզբում գյուղերի սահմանները, ջրամբարներն էին պաշտպանում, հետո անդամագրվեց շրջանի երկրապահ ջոկատին, այնուհետև ծառայության անցավ հատուկ գնդում և մարտնչեց Տավուշի մարզի սահմանամերձ բոլոր բնակավայրերում, ինչպես նաև՝ Լաչինում։

Գրանցված է Նոյեմբերյանի Հաղթանակ գյուղում։ 1988-ից մինչև 2006թ. ապրել է այնտեղ, հանրակացարանում։ Կանոնավոր բանակի կազմավորումից հետո եղել է զորամասի հետախուզության պետ։ Բնակարանի համար հերթագրված է։ 2007-ին նորից թարմացրել են փաստաթղթերը և մինչ օրս սպասում է։ Արմաշ գյուղ են տեղափոխվել 2007-ին և բնակվում են կնոջ՝ տիկին Սեդայի եղբոր տանը (եղբայրը ՌԴ-ում է)։ «Ինձ ասում էին, թե տեղի մարդիկ են հեռանում, իսկ դու գալիս ես կռվելու, գյուղերը պաշտպանելու»,- վերհիշում է Վալերին։ -Ես ոչինչ չէի փորձում պատասխանել։ Պարզապես ես տեսել, զգացել էի ադրբեջանցիների վայրագությունները, դաժանությունը և հոգումս ուխտ էի արել՝ կռվել, ցույց տալ, որ խաղաղ բնակչությանը կոտորելը, սպանելը հերոսություն չէ։ Հերոսությունը ճակատ ճակատի, տղամարդավարի կռիվն է։ Այդպես մենք կռվեցինք։ Երբ խաղաղություն-հրադադար եղավ, փախչողները հետ եկան, իսկ մեզ մնացին մեր վերքերն ու կորցրած ընկերների մորմոքը»,- ասում է Վալերին ու ձեռնափայտով դանդաղ քայլելով բերում է այն, ինչ պահպանվել և ինչ վաստակել է։ Միակ լուսանկարում ինքն է ու Ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանը՝ Չաուշը, որի հետ շատ մտերիմ է եղել և պատմում է Չաուշի կյանքից հետաքրքիր դրվագներ։

«Երբ Սպարապետը գալիս էր Նոյեմբերյան, հարցնում էր. «Ո՞ւր է բաքվեցի ռազվեդչիկը»։ Երբ ինձ տեսնում էր, ձեռքով ջերմ բարևում էր. «Էդպես, միշտ դուխդ տեղը պահիր, ապրե՛ս»։

Պարգևատրվել է «Ծովակալ Իսակով» գերատեսչական մեդալով և հատուկ գնդի հուշամեդալով։ Վալերին մարդկանց այն տեսակին է պատկանում, ովքեր չեն սիրում բողոքել, լուռումունջ իր ցավի հետ է։

…1991թ. ծնկից վիրավոր Վալերիին ընկերները տեղափոխում են Երևան և ֆրանսահայ վիրաբույժ պարոն Միսակի վիրահատությունից հետո դեռ վերքը լրիվ չապաքինված՝ նորից մեկնում է սահման։ Կոնտուզիա է տարել, ձախ ականջը չի լսում։ Հիմա քայլելիս ծնկի սիլիկոնը բացի ցավերից (արդեն մաշվել է) նաև տարօրինակ ձայներ է արձակում։ Հաճախ ձեռնափայտն էլ չի օգնում և արդեն հաճախակի կրկնվող գլխացավերից, գլխապտույտներից կորցնում է ինքնատիրապետումը։

Վալերին լուռ նստած ցույց է տալիս Վ. Սարգսյանի հանձնած երկրապահի տոմսը, պատերազմին առնչվող փաստաթղթերը.

-Զավակներիս, թոռներիս կմնա որպես հպարտություն, իսկ եթե առողջությունս տեղը լիներ, ես կաշխատեի, կստեղծեի, ափսոս… Կնոջս առողջությունն էլ այն չէ… Ես լավ դարբին եմ եղել, էլեկտրազոդող…

Իսկ կինը, տիկին Սեդան ասում է.

-Ամբողջ մարմինը, գլուխը պատերազմի սպիներ են։ Արկի բեկորից ներքևի ողջ ատամնաշարը փշրվել է։ Ապրում ենք ամսական իմ ստացած չնչին թոշակով։ Իմ ամուսինը պատերազմի մասնակից է, հաշմանդամ է, բայց «թուղթ» չունի… Զինվորական կամ հաշմանդամության թոշակի մի՞թե արժանի չէ իմ ամուսինը։ Մի՞թե մոռացել ենք այն օրերի տղաներին, որոնք հայրենիքի շահը, հայրենասիրությունը վեր էին դասում ամեն ինչից։ Փաստաթղթային գործերի, լրացումների վրա ոչ մի ուշադրություն չէին դարձնում։ Այսօր միայն Վալերիի համար գնված դեղերին չի հերիքում իմ թոշակը… Անցած տարի հետազոտության համար մեկ շաբաթ Արմաշից ամեն օր գնում-գալիս էր հոսպիտալ։ Հեշտ չէր. ճանապարհածախս, ձեռնափայտով բարձրանում էր ավտոբուս, ու ոչ մեկը տեղը չէր զիջում… Հակառակը հաճախ էր պատահում՝ երբ տեսնում էր բարձրացող ծեր մարդկանց՝ ինքն էր իր տեղը զիջում։

-Ամենացավալին այն է, երբ գալիս է Անկախության օրը, Երկրապահի օրը, Մայիսի 9-ի Հաղթանակի օրը՝ մեկը քեզ չի հիշում։ Գոնե ասեն՝ տոնդ շնորհավոր…

…Ինչևէ… Այսօր մեր կողքին ապրող Վալերի Հրանտի Սարգսյանը արժանի է պետության, մեր, անհատի աջակցության ու հոգածության։

Հավատում եմ, որ կլինեն նրան օգնության ձեռք մեկնողներ, որովհետև միայն դառնություններն ու անտարբերությունը չէ, որ ուղեկցում են մարդուն։ Մեր շրջապատում կան մարդիկ, որոնք ապրում են զգալով դիմացինի հոգսը, ցավը, ապրում են պետական մտածողությամբ։ Վալերիի և իր տիկնոջ՝ Սեդայի հետ զրույցում տրվում էին մարդկանց անուններ, ովքեր իրենց ուժերի ներածին չափով փորձել էին սատար կանգնել ազատամարտիկին։ Նրանք սիրով էին տալիս Արմաշի գյուղապետ Հակոբ Զեյնալյանի, բնակիչ Տիգրան Մաթևոսյանի (զոհվածի եղբայր), Արարատի ԵԿՄ բաժանմունքի աշխատակից տիկին Հռիփսիմեի անունները, որը Արարատի երկրապահի անունից դիմեց ԵԿՄ նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, որի տրամադրած ուղեգրով էլ այժմ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում իր պատերազմական վերքերն է բուժում Վալերի Սարգսյանը, որն իր հետախույզ ընկերների՝ Սլավիկի, Ոսկեպարցի Հրաչի (զոհված), Արթուր Առուշանյանի (պատերազմի դաշտում կորցրել է ոտքը) հետ կատարեցին այնպիսի հերոսություններ, որոնք ժամանակի ընթացքում պատմում են մարդիկ։ Պատահում է՝ պատմում են նաև՝ հերոսների անունները մոռացած կամ էլ փոխարինած, հերոսությունը վերագրած մեկ ուրիշի…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #31 (1049) 14.08.2014 – 20.08.2014, Ճակատագրեր


14/08/2014