Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԸ ԿԱՄ`«ԱՐՅՈՒՆ ԹՈՂՆԵԼԸ» ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ



ՖԱԽՐԱԴԴԻՆ ԱԲՈՍԶՈԴԱ
Թալիշական ազգային շարժման առաջնորդ,
Թալիշ-Մուղանյան Հանրապետության
Խորհրդարանի նախագահ

Սույն հոդվածը անդրադարձ է ադրբեջանական և ղարաբաղյան (լայն իմաստով` հայկական) զինված ուժերի ճակատային գծում վերջերս տեղի ունեցած արյունալի միջադեպերին, ինչը հանգեցրել է վառ արտահայտված խուճապի ադրբեջանական հասարակության բոլոր շերտերում, իսկ երկրի իշխանություններն այն օգտագործում են բնակչության շրջանում հերթական ռազմական պսիխոզ առաջացնելու համար:

Այսօր Բաքվի ԶԼՄ-ների հրապարակումների վերլուծության հիման վրա կփորձենք այդ միջադեպի հետ կապված որոշ եզրահանգումներ կատարել: Եվ այսպես, ինչի՞ մասին են Բաքվի ԶԼՄ-ների հրապարակումները:

Գլխավոր եզրակացությունը. մի քանի դիվերսիոն խմբերի` Ղարաբաղյան բանակի թիկունք ներթափանցման հետ կապված ոչ մեծ միջադեպերը (իրական պատերազմի տեսանկյունից) մերկացրեց ադրբեջանական հասարակության ու պետության բոլոր թույլ տեղերը և ապացուցեց նրանց դատապարտված լինելը: Փորձենք հիմնավորել մեր այս եզրակացությունը կոնկրետ փաստարկներով:

Միջադեպն ապացուցեց բանակի և հասարակության լրիվ անպատրաստ լինելը գալիք պատերազմին, որի մասին շատ է սիրում թմբկահարել նախագահ Իլհամ Ալիևը: Որովհետև բանակ նշանակում է ոչ միայն ժամանակակից տեխնիկա և սպառազինություն, ոչ միայն զինվորների և սպայական կազմի որոշակի քանակություն զորքերի շփման գծում: Բանակ նշանակում է նաև բարձր արհեստավարժություն ունեցող զինվորականներ, որոնք ունակ են մշակել հակառակորդի դիմադրությունը հաղթահարելու հստակ ծրագրեր և իրականացնել գործնականում: Եվ այս ամենը` կոռուպցիայի հետ մեկտեղ, ինչը սովորական երևույթ է ադրբեջանական բանակի համար: Բաքվի որոշ փորձագետների գնահատականով՝ բանակը բյուջետային փողեր «խմելու» աստիճանով շինարարական արդյունաբերության հետ նույն շարքում է կանգնած:

Երևի թե փորձելով պարզել իշխանությունների համար այդպիսի անցանկալի խոսակցությունների տարածման պատճառները, նախիջևանյան կլանի անդամ, պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան հանդես եկավ axar.az-ում «Ո՞վ է պատերազմ վարելու» հետաքրքիր վերնագրով հոդվածով:

Նա ընդունում է, որ «չի տեսնում ժողովրդի ռեսուրսների օգնությամբ լայնածավալ պատերազմ վարելու հնարավորությունը»: Այսինքն` բնակչությունը ի վիճակի չէ պատերազմ վարել, ավելի ճիշտ` ժողովուրդը չի ցանկանում կռվել այս պետության (իշխանության) համար:

Ինչ վերաբերում է պարտիզանական խմբավորումներին, ապա, ըստ պատգամավորի, «նրանք վերջին 22 տարվա ընթացքում ոչ թե Հայաստանում, այլ նույնիսկ օկուպացված տարածքներում ոչ մի դիվերսիոն գործողություն չկարողացան իրականացնել»: Ստացվում է, որ նրանց վրա էլ հույս դնել չի կարելի:

Օտարերկրյա պետությունների վրա հույս դնել, ավաղ, նույնպես չի կարելի. «Մեր ամենամոտ դաշնակից Թուրքիան նույնիսկ իր հեղինակության համար չի կարող կռվել Իրաքում և Սիրիայում, նշանակում է` միամիտ կլիներ հուսալ, որ այն կկռվի Ղարաբաղում»:

Դեռ սադրանքի առաջին օրերին որոշ փորձագետներ Բաքվի լրատվամիջոցներում հանդես էին գալիս երկրի ռազմական ղեկավարության քննադատությամբ և նույնիսկ հաշվետվություն էին պահանջում ողբերգության պատճառների առնչությամբ: Սակայն արդեն իսկ հաջորդ օրը, ասես «գայլաձկան հրամանով», բոլորը միաբերան սկսեցին արդարացնել պաշտպանության նախարարին և ողբերգության ողջ մեղքը բարդել Մոսկվայի վրա:

Դեռ շարունակվում են խոսակցությունները, թե ով էր իրականում կազմակերպել ներթափանցումը` հայե՞րը, թե՞ ադրբեջանցիները: Նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովն իր հայտարարությունում կտրականապես հերքում է սեփական երկրի մեղքը:

Այս ամենից հետո հատուկ հետարքրքություն առաջացրեց Սոչիում ՌԴ նախագահ Վ.Պուտինի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների անսպասելի հանդիպման մասին հաղորդագրությունը: Մեզ մնում է միայն ենթադրել, թե ինչ է նրանց հետ խոսելու Պուտինը: Այն, որ Ալիևը համառորեն լռում էր, վկայում է, որ Սոչիում նա չի կարողանալու իր պայմանները թելադրել, քանզի միջադեպերը ցույց տվեցին, որ ադրբեջանական բանակ որպես այդպիսին գոյություն չունի, ավելի ճիշտ` այն ունակ չէ Ղարաբաղը վերադարձնելու ռազմական ճանապարհով: Ընդհակառակը, Ալիևը կարող է ավելի շատ տարածք կորցնել, ընդհուպ մինչև Քուռ և ավելի:

Իսկ Հայաստանն այս բանակցություններում ուներ միայն մեկ խնդիր` ինչպես պահել Լեռնային Ղարաբաղը: Այն արդեն 20 տարի փաստացի անկախ պետություն է: Մնում է հասնել նրան, որ Ադրբեջանն այն ճանաչի դե-յուրե:

Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը խնդիրների մի ամբողջ փունջ ունի, որոնք անպայման պետք է հաշվի առնվեն ԼՂՀ հարցը լուծելիս: Անկախ այն բանից՝ ինչ սկզբունքների շրջանակներում կլուծվի Ղարաբաղյան խնդիրը, Պուտինը պետք է իմանա, որ այն Ալիևին քարտ-բլանշ կտա, որպեսզի վերջինս վերջնականապես «լուծի» տարածաշրջանի այլ բնիկ ժողովուրդների հարցը` թալիշների, ավարների և այլն, ինչը ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ:

Սեփական սահմանների երկայնքով և մասնավորապես Անդրկովկասում ռուս իշխանությունների երկար տարիների անգործության պատճառով առաջացել է յուրատեսակ «սանիտարական սահման», որը, ինչպես վկայում են վերջին տարիների իրադարձությունները, սպառնում է վերածվել խեղդօղակի: Անկայունության այդ գոտու մասնակի ձևափոխման փորձերը կարող են իբրեւ հարցի կարճաժամկետ լուծումը լինել միայն, նման գործողություններ բազմիցս նախաձեռնվել են Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ: Արդյունքը բոլորին հայտնի է. այսպիսի մարտավարությունը բացառապես բարդացնում է իրավիճակը և դժվարացնում դրա լուծումը: Խնդրի միակ երկարաժամկետ ռազմավարական լուծումը կարող է դառնալ ձեւաչափի վերափոխումը, որի շնորհիվ տարածաշրջանում կարող է իրականացվել նոր աշխարհաքաղաքական ծրագիր: Միջազգային հարաբերությունների պատմությունը և այսօրվա իրավիճակը պահանջում են հենց այդպիսի խիզախ և հեռանկարային գործողություններ, ինչպես, օրինակ, Ղրիմը վերադարձնելու որոշումը: Այս խնդրի ցանկացած այլ տիպի հարցադրումը (չխոսելով արդեն լուծման մասին) կայունություն չի ապահովի Ռուսաստանի համար սահմանամերձ այս հատվածում: Քանի որ, նախ, Արևելյան Անդրկովկասի բնիկ ժողովուրդները երբեք չեն հոժարի իրենց ուղղակի ոչնչացմանը: Երկրորդ, հաշվի առնելով ոչ այնքան հանգիստ Դաղստանի և Հյուսիսային Կովկասի առկայությունը, որտեղ Բաքուն իրավիճակի վրա ազդելու և անհրաժեշտության դեպքում այն ապակայունացնելու գործուն լծակներ ունի, ռուսական ղեկավարությունը հետագայում ստիպված կլինի վերադառնալ այդ հարցին: Իսկ դա այնքան էլ ցանկալի չէ, եթե հաշվի առնենք, որ ներկա աշխարհաքաղաքականությունը Ռուսաստանից պահանջում է զբաղվել նման բարդ հարցերով իր սահմանների համարյա ողջ տրամագծով: Այժմ Ռուսաստանը բացառիկ պատեհություն ունի լուծելու դրանցից մեկը իր հարավային սահմաններում: Ճիշտ չէր լինի և նույնիսկ հանցավոր կլիներ այդպիսի հնարավորությունից չօգտվելը:

Այսպիսով, հասարակությունն «առողջացնելու» և Իլհամ Ալիևի դիրքերն ամրապնդելու փոխարեն վերջին արկախածախնդրությունը նրա և նրա ղեկավարած պետության համար լրացուցիչ բարդություններ ստեղծեց` ապացուցելով, որ և՛ ադրբեջանական հասարակությունը, և՛ պետությունն ամբողջովին դատապարտված են: Ասել է թե՝ ոչ մի «արյուն թողնել» այլևս նրանց չի փրկի:

Թարգմանությունը՝՝
ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ

Խորագիր՝ #31 (1049) 14.08.2014 – 20.08.2014, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


14/08/2014