Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐ



Վերջին տարիներին բավական արդյունավետ համագործակցություն է իրականացվում ՀՀ պաշտպանության, կրթության ու գիտության նախարարության «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջև: ՊՆ-ն աջակցում է կրթահամալիրի այն ծրագրերի իրականացմանը, որոնք միտված են մատաղ սերնդի՝ ապագա ուժեղ ու բանիմաց զինվորների պատրաստմանը: Նախարարության տրամադրած տեխնիկայի շնորհիվ այժմ ընթացքի մեջ են կրթահամալիրի մարզավանի շինարարական աշխատանքները, որոնք պետք է ավարտվեն օգոստոսի 23-ին: Նախատեսված է կրթահամալիրի արհեստագործական դպրոցում բացել ռազմական թեքումով դասարան: Քանի որ ուսումնական ծրագրերում մեծ տեղ է հատկացված ռազմահայրենասիրական դաստիարակությանը, կրթահամալիրի տնօրինությունը և՛ ուսումնական տարվա, և՛ արձակուրդների ընթացքում, սովորողների համար մշտապես կազմակերպում է հայրենագիտական ճամփորդություններ, վերելքների հաղթահարումներ, բազմօրյա արշավներ, ճամբարներ ու բանակումներ ինչպես Հայաստանի, Վրաստանի, այնպես էլ Արցախի մարզերում ու շրջաններում:

Արդեն չորրորդ տարին է, ինչ կրթահամալիրի սաներն իրենց նախնական զինվորական պատրաստության իմացությունն ու հմտությունները հարստացնում, կատարելագործում են ԼՂՀ «Ասպետ» ռազմամարզական ճամբարում: Բնականաբար, այս միջոցառումները կրթահամալիրից ու սովորողների ծնողներից որոշակի նյութական ու ֆինանսական միջոցներ են պահանջում, և պաշտպանության նախարարության ցանկացած օգնություն զգալիորեն նվազեցնում է պահանջվող ծախսերը: Կարևոր նշանակություն ունի նախարարության տրանսպորտային օգնությունը` հուսալի ավտոբուսներով և փորձառու վարորդներով: Այս անգամ էլ ՊՆ հովանավորությամբ Լոռու մարզի Կուրթան գյուղում կրթահամալիրը կազմակերպել էր «Հնեվանք» ռազմամարզական ճամբարը՝ դաշտային հրաշալի պայմաններ ստեղծելով սովորողների հանգստի, հայրենագիտական ճամփորդությունների կազմակերպման, ուսումնական ծրագրերի իրականացման համար, որին մասնակցում էին Սպիտակ քաղաքի, Կուրթանի, Վարդաբլուրի, ինչպես նաև` Գավառի սովորողները։ Դաշտային ճամբարի 4-րդ հերթին առանձին ջոկով մասնակցելու են կրթահամալիրի ավագ դպրոցների 12-րդ դասարանցիները։

Հ.Գ. Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ Սյունիքի մարզի Պն հաշվեկշռում գտնվող շինություններից մեկը տրամադրվել է կրթահամալիրին` Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարի մոդելով հայաստանյան ռազմամարզական պատանեկան նոր ճամբար ստեղծելու համար, որի բանակումներին կմասնակցեն նաև արցախցի պատանիները։

ՄԱՐԻԵՏ ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարները`
ԱՐՄԻՆԵ ԹՈՓՉՅԱՆԻ

Խորագիր՝ #31 (1049) 14.08.2014 – 20.08.2014, Բանակ և հասարակություն


14/08/2014