Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՁԱԳԱՆՔ



Այս օրերին, երբ հակառակորդը խափանարար գործողությունների մի քանի փորձ կատարեց և չարաչար պատժվեց, մեր ժողովուրդը` Հայաստանից և սփյուռքից, իրենց գոտեպնդող, քաջալերող, թեւավորող խոսքով ամուր թիկունք եղավ հայ սպային ու զինվորին` ցույց տալով, որ բանակն ու ժողովուրդը միասնական են ու համախումբ: Լավագույն ապացույցը օգտատերերի աննախադեպ այցելություններն են մեր ֆեյսբուքյան էջ` 145,000 անգամ, միաժամանակ և թողած մեկնաբանությունները` 856: Մեջբերենք մի քանիսը` «Ամեն օր աղոթում ենք մեր զինվորների համար», «Մենք ձեզ սիրում ենք, զինվորներ ջան», «Աստված, ամուր պահիր մեր երկիրն ու մեր բանակը», «Ես հիացած եմ ձեզնով, հայ տղաներ, միշտ առաջ», «Քիչ ենք, բայց հզոր ենք», «Հպարտ ենք ձեզնով, հայոց բանակի քաջ զինվորներ» եւ այլն:

Հատկապես օգտատերերի ուշադրության կենտրոնում էր հուլիսի 31-ին հակառակորդի ձեռնարկած հարձակման ընթացքում հերոսաբար զոհված շարքային Ազատ Ասոյանի մասին մեր գրառումը. զինվորի՝ արդեն հայտնի լուսանակարը` հայրենի դաշտում պառկած` խոհեմ հայացքը հառած երկնքի անհունին, «Հայ զինվորը» մակագրեց Ֆրանսիայի աշխարհահռչակ բանաստեղծ Արթյուր Ռեմբոյի «Հովտում քնածը» բանաստեղծությամբ: Գեղարվեստական հզոր լիցք պարունակող, զինվորի հոգեկան վիճակը արտահայտող, հայրենի հողին նրա կապվածությունն ընդգծող ապշեցուցիչ լուսանկարը և երկու հարյուր տարի առաջ գրված բանաստեղծությունը անտարբեր չթողեցին եւ ոչ մեկին: Ավելի քան 22 հազար դիտում, 700 հավանում, 57 կիսում եւ տասնյակ ջերմ ու անմիջական, անկեղծ ու ինքնաբուխ մեկնաբանություններ` «Աստված հոգիդ լուսավորի, անմահ զինվոր», «Մեր փառապանծ զինվոր, հայրենիքի հերոս, շնորհակալ ենք», «Խոնարհվում ենք քո առաջ, հավերժ փառք քեզ», «Ինչքան սիրուն դիմագծեր ունես, ինչքան գեղեցիկ աչքեր, ինչքան երազանքներ… Ինչո՞ւ…», «Նա ինձ այսօրվա խաղաղ օրն է պարգեւել, ներիր մեզ հերոս եւ փառք ու պատիվ քեզ», «Հպարտ եմ մեր ազգով եւ քեզ նման զինվոր մեզ պարգեւած մայրերով», «Եթե դու եւ մյուս զինվորները չլինեին, ես այսօր հանգիստ քաղաքում զբոսնելիս չէի լինի, շնորհակալ եմ…», «Փառք ու պատիվ բոլոր զոհված տղաներին, Աստված պահապան դիրքում կանգնած մեր զինվորներին»:

Այս լուսանկարը եւս մեկ անգամ ի ցույց դրեց այն առանձնահատուկ սերն ու ջերմությունը, որ տածում է հայ մարդը զինվորի հանդեպ, այն զինվորի, որ հանուն հայրենիքի, հանուն մեր հող ու ջրի, ազգային երազանքի պատրաստ է արիաբար մարտնչել ու հերոսաբար զոհվել:

Ահա զինվորի լուսանակարն ու ահա` բանաստեղծությունը:

ԱՐԹՅՈՒՐ ՌԵՄԲՈ

ՀՈՎՏՈՒՄ ՔՆԱԾԸ

Այնտեղ մի գետ է երգում՝ խաղ անելով խոլաբար
Գետեզերյա ուռենու արծաթի հետ ցնցոտի,
Այնտեղ հպարտ լեռներից արեգակն է շողում վառ,
Լույսի փրփուրն է շոյում կանաչ թավիշը խոտի:

Այնտեղ՝ կանաչ մահիճում, ցողապատ ու գլխաբաց,
Շրթունքները կիսախուփ ու ծաղկանց մեջ երերուն,
Ջահել զինվորն է քնել՝ ամպերի տակ մեկնված.
Նա գունատ է, ու տրտում լույսն է վերից անձրևում:

Հիրիկների մեջ կապույտ նա քնել է անվրդով
Ու ժպտում է մի հիվանդ երեխայի ժպիտով.
Նա մրսում է… Բնությո՛ւն, նրան ջերմիկ օրորիր.

Նա այլևս չի զգա բուրմունքը քո թովչանքի.
Հավերժական նիրհի մեջ խաղաղվել է, ու կրծքին՝
Գնդակներից բզկտված՝ արյան հետքեր կան կարմիր…

«Հայ Զինվոր»

Խորագիր՝ #30 (1048) 7.08.2014 – 13.08.2014, Ազգային բանակ


07/08/2014