Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՐԱԳՐՈՂ ԶԻՆՎՈՐԻ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԸ



Ես չգիտեմ, թե երբ և ով է եղել այն առաջին զինվորականը, որը պարգևատրվել է մեդալով կամ կրծքանշանով, չգիտեմ նաև, թե ով է եղել առաջին պարգևատրողը, բայց փաստ է, որ զինվորականները մեդալներով պարգևատրվել և պարգևատրվում են առանձին դեպքերի, սխրագործությունների կամ էլ օրինակելի ծառայության ու վարքագծի համար:Վստահ եմ, որ աշխարհի և ոչ մի բանակում վախկոտությունը խորհրդանշող որևէ տարբերանշան կամ խորհրդանիշ գոյություն չունի և զինվորական համազգեստին ոչինչ այնքան շուք ու հմայք չեն հաղորդում, որքան մեդալն ու շքանշանը:

Երբ ազգային բանակում սկսեց գործել կրծքանշաններով խրախուսելու, պարգևատրելու նախագիծը, պարգևատրման իրավունքը տրվեց վարչությունների պետերին, բայց վաղուց արդեն զորամասերի հրամանատարներն են իրենց զինվորներին կրծքանշաններով պարգևատրում, ինչն ավելի ճիշտ է, որովհետև այդպիսով և՛ հրամանատարի դերն ու հեղինակությունն է բարձրանում, և՛ գործընթացն է ավելի հեշտանում: Այնուամենայնիվ, մշտապես լինելով զորամասերում, նկատում ենք, որ մի զորամասում բավական շատ են կրծքանշաններով պարգևատրված զինվորները, մեկ ուրիշում՝ գրեթե չկան: Լինում են դեպքեր, երբ գումարտակում ընդամենը մեկ կրծքանշան ունեցող զինվոր է լինում: Եվ երբ հարցնում ենք՝ դուք չունեք լավ ծառայող զինվորներ, ասում են՝ ոնց չունենք, բոլորն էլ շատ լավ ծառայողներ են:

Փոխգնդապետ Ռ. Շահգելդյանի հրամանատարությամբ գործող զորամասի բոլոր ստորաբաժանումներում էլ տեսանք մեկ, երկու, երբեմն նաև երեք կրծքանշանով պարգևատրված զինվորների, որոնց մեջ քիչ չէին նաև պայմանագրայինները, որոնք պարգևներն ստացել էին հենց այստեղ ծառայելու ընթացքում: Շարքային Էրիկ Աստվածատրյանը պարտադիր ժամկետային ծառայության զինվոր է և կրծքին կրում է «Քաջարի մարտիկ», «Լավագույն մարզիկ զինվոր» և «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանները: Արժանապատիվ տեսքով զինվորն ինձ անակնկալի բերեց, երբ ներկայանալով ասաց, որ վարորդ է նորոգման վաշտում և ծառայել է ընդամենը մեկ տարի:

-Վարորդի մասնագիտությունը ձեռք եմ բերել բանակից առաջ, զինկոմիսարիատի միջնորդությամբ՝ մարզատեխնիկական ընկերության ավտոդպրոցում, բայց սկզբում զորամասում վարորդի ազատ հաստիք չկար, և ինձ նշանակեցին հաշվարկի լիցքավորող, որտեղ էլ ամբողջովին տիրապետեցի հակատանկային այդ հրանոթի օգտագործման գաղտնիքներին, և ինքս ինձ ոչ թե վարորդ, այլ հրետանավոր եմ համարում:

-Այս կարճ ժամանակամիջոցում ինչպե՞ս ես հասցրել դրսևորել քեզ, որ արդեն երեք ծանրակշիռ պարգև ունես:

-Այս մեկը համաբանակային սպարտակիադայի մասնակցության, «Հայոց բանակի գերազանցիկը» քննություները բարձր գնահատականներով հանձնելու, իսկ «Քաջարի մարտիկը» զորավարժության մասնակցության և ճամբարային հավաքի ժամանակ կատարած աշխատանքների համար եմ ստացել,- պարզաբանեց Էրիկը:

-Ճի՞շտ է, որ մասնագիտությամբ լրագրող ես:

-Այո, սովորել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, հաճախել եմ պատանի լրագրողների խմբակ, սովորել եմ լրագրություն և օպերատորական աշխատանք, իսկ դպրոցն ավարտելուց հետո աշխատել եմ ոստիկանության «02» շաբաթաթերթում, ապա՝ որպես օպերատոր հայկական ռադիոյում: Այժմ էլ մեր վաշտի պատի թերթի խմբագիրն եմ և հասարակական ակտիվը: Սիրում եմ գրել, հաղորդումներ պատրաստել քրեական հանցագործությունների մասին, ուզում եմ հասկանալ, թե ինչն է մարդկանց մղում կարգազանցության, հանցագործության:

-Ձեր պատի թերթում ի՞նչ թեմաների եք անդրադառնում:

-Պախարակում ենք թափթփվածությունը, անտարբերությունը ծառայության, պարտականությունների կատարման, զինվորական ունեցվածքի խնամքի նկատմամբ: Ցույց ենք տալիս, թե ինչ չի կարելի անել ու միաժամանակ ցույց ենք տալիս բարեխիղճ ծառայողներին, հաճախ նյութերը մատուցում ենք հումորի, երգիծանքի միջոցով:

-Զորամասը համալրվել է նորակոչիկներով, իսկ դու արդեն փորձառու զինվոր ես, ի՞նչ խորհուրդ կտաս նրանց:

-Մենք հանդիպում, զրուցում ենք նրանց հետ ու բնականաբար նաև խորհուրդներ ենք տալիս: Ամենակարևորն այն է, որ նրանք առժամանակ մոռանան քաղաքացիական ազատ ու անհոգ կյանքի մասին, հասկանան, գիտակցեն, որ այստեղ շատ կարևոր, պետական նշանակության առաջադրանքներ են կատարելու ու ծառայեն հավեսով, իսկ մյուս բաները իրենք իրենց գլուխ կգան:

Ա. Ն.

Խորագիր՝ #30 (1048) 7.08.2014 – 13.08.2014, Ազգային բանակ


07/08/2014