Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՁԱԳԱՆՔ



Վերջերս մեր լուսանկարիչ Արեգ Վարդանյանը գործուղվել էր հարավարեւմտյան սահմանագոտում տեղակայված զորամաս: Մարտական հենակետում լուսանկարել էր զինվորներին: Զինվորներից մեկի դեմքը նրան ծանոթ էր թվացել: Հարցուփորձից պարզել էր, որ Ռուստամ Գրեյանն է, որին վեց ամիս առաջ լուսանկարել էր հավաքակայանում: «Հիմա ավելի պնդակազմ էր ու ամուր, այնքան վստահ, այնքան համարձակ էր բռնել զենքը»,- արդեն խմբագրությունում պատմում էր Արեգ Վարդանյանը:

Հրաժեշտին զինվորը խնդրել էր` «Եթե որոշեք հրապարակել իմ լուսանկարը, ապա մակագրեք` «Բարի լույս, հայեր: Մենք ամուր ենք սահմանին, ու ոչ ոք, ոչ մի ուժ չի կարող խաթարել ձեր անդորրը: Շարքային Ռուստամ Գրեյան, հարավարեւմտայն սահման»:

Ամեն ինչ արեցինք այնպես, ինչպես զինվորն էր խնդրել… Տպագրեցինք անկեղծ ժպտացող զիվորին ու նրա խոսքը… Եվ հենց հաջորդ օրը, ինչպես ասում են, ֆեյսբուքը «պայթեց». 428 հավանում, 30 կիսում, 22 հազար դիտում, մի քանի տասնյակ մեկնաբանություններ: Արփի Հարությունյանը գրել է. «Դուք մե՛զ պահապան, Աստված էլ ձե՛զ պահապան», Ջեմմա Աղաբեկյանը` «Ամեն դժվարություն կհաղթահարվի, միայն թե դու սահմանում հաստատուն եւ անփորձանք լինես, տղաս», Մարիա Դավթյանը անկեղծացել էր` «Աշխարհի ամենագեղեցիկ բանը զինվորի ժպիտն է, հպարտանում եմ ձեզնով», Արմեն անունով զինվորն էլ, որ հավանաբար արձակուրդում էր, վստահեցնում էր. «Հարավարեւելյան կողմն էլ է ամուր»:

Այս լուսանկարը մեկ անգամ եւս ապացուցեց, որ սահմանին կանգնած զինվորը մի անուն ունի` ՀԱՅ ԶԻՆՎՈՐ, եւ որ այդ զինվորը բոլորինն է, ամբողջ ժողովրդինը…

Խաղաղ ծառայություն ձեզ, սիրելի զինվորներ:

Խորագիր՝ #29 (1047) 31.07.2014 – 6.08.2014, Բանակ և հասարակություն


30/07/2014