Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՐԱԺԻՇՏ ԶԻՆՎՈՐԸ
ԵՐԱԺԻՇՏ ԶԻՆՎՈՐԸ

Մեր որդին` Ստյոպա Սարգսյանը վեց ամիս է, ինչ ծառայում է փոխգնդապետ Ս. Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում:

Նա ութ տարեկանում ընդունվել է Ազգային նվագարանների յոթամյա երաժշտական դպրոց եւ գերազանցությամբ ավարտել սանթուրի եւ դհոլի բաժինը: Միաժամանակ նվագում էր «Նարեկացի» ժողգործիքների համույթում: Բազմաթիվ համերգներով եղել է Հայաստանի մարզերում, Արցախում, նաեւ՝ հայկական ժողովրդական երաժշտարվեստը ներկայացրել է Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի մի շարք քաղաքներում: Ցանկանում էր ուսումը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, բայց ստացավ ծանուցագիրն ու առանց երկմտելու մեկնեց բանակ: Ծառայում է նվիրումով, անթաքույց հիացմունքով է խոսում իր հրամանատարների, ծառայակիցների մասին: Մենք երջանիկ ենք, որ հայրենիքի համար պիտանի մարդ ենք մեծացրել, որ մեր զավակը արդարացնում է մեր սպասելիքները, և որ իր վարքով ու կեցվածքով հարգանքի է արժանանում։

Օգոստոսի 2-ին լրանում է մեր զինվոր որդու` Ստյոպա Սարգսյանի ծննդյան 19-րդ տարեդարձը, և ուզում ենք հենց զինվորական թերթով էլ շնորհավորել նրան:

-Սիրելի՛ Ստյոպա, սրտանց շնորհավորում ենք քեզ ծննդյանդ օրվա առթիվ, ցանկանում ենք խաղաղ եւ անփորձանք ծառայություն, քաջառողջություն և ամենայն բարիք: Վստահ ենք, որ դու քո արվեստով կոգեւորես ընկերներիդ, կբարձրացնես նրանց տրամադրությունը: Բայց անկախ մասնագիտությունից, դու նախ եւ առաջ հայրենիքի պաշտպան ես, ուստի պետք է զինվորի քո մասնագիտությանը վերաբերվես մեծ պատասխանատվությամբ եւ կատարես ծառայողական պարտականություններդ՝ ինչպես վայել է հայ զինվորին: Որդիս, թող մեր օրհնանքը միշտ պաշտպանի քեզ եւ բոլոր զինվորներին, հեռու պահի փորձանքից:

Ընտանիքի, մերձավորների և մտերիմների անունից քո մայր` ԼՈՒՍԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ