Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՀՄԱՆԻՆ…



Պատմաքաղաքական անդրադարձ

Հնարավոր է հաշվել այն ժողովուրդների, ընտանիքների, մարդկանց քանակը, որոնց ճակատագրում դաժան, անմարդկային խաղ խաղացին խորհրդային (բոլշևիկյան) պետության հիմնադիրները՝ Լենինը, Ստալինը, Տրոցկին, մյուսները: Ինչպես արյունալի եղավ բռնության բերդի՝ ԽՍՀՄ-ի կազմավորումը, այնպես էլ ոչ պակաս արյունալի եղավ կազմաքանդումը: Այլ կերպ լինել չէր էլ կարող, որովհետև թերուս ճիվաղների նպատակը ժողովուրդներին, էթնիկ խմբերին հազարամյա պատմությունից, պատմական հայրենիքից, հավատալիքներից, սովորույթներից, մշակույթից, հիշողությունից զրկելը, մանկուրտի վերածելն էր: Նրանք ազգային հարցերը «լուծում» էին զորանոցային սոցիալիզմի սկզբունքով, զոռբայությամբ: Իշխանության բուրգի գագաթին գտնվողներից ամեն մեկը ձգտում էր իր ժողովրդի համար ստեղծել տարածքով ու հնարավորություններով մեծ պետություն: Փոքր, թույլ ժողովուրդներին կերակրում էին սոցիալիզմի գաղափարախոսությամբ, համոզում, որ իրենք ապրում են եղբայրական հանրապետությունների կազմում, որ սահմանները սիմվոլիկ են: Քոչվոր, թափառական, անգրագետ ժողովուրդները հանկարծ պետականություն էին ստանում: Մշակույթ, պատմություն, պետականություն ունեցողները՝ զրկվում ամեն ինչից: Գաղութացումը շարունակվեց Երկրորդ համաշխարային պատերազմից հետո: Բռնի կերպով խորհրդայնացվեցին ու նույն կաթսայի մեջ լցվեցին համատեղելիության նախադրյալներ չունեցով բազմաթիվ ժողովուրդներ: Բայց այդ վիճակը չէր կարող երկար տևել: Տարբեր ժամանակներում բռնության դեմ ընդվզեցին Հունգարիան, Չեխոսլավակիան, Լեհաստանը, Ռումինիան: Հետո մարդիկ սկսեցին միմյանց ոչնչացնել Հարավասլավիայում, Չեչնիայում, Արցախում, Աբխազիայում, Օսեթիայում, Մերձդնեստրում: Այսօր էլ արյունահեղությունը շարունակվում է Ուկրաինայում…, ազգային հողի վրա սկսված պատերազմում կատարվում է մարդկային սպանդ, տեղահանություն, արտաքսում: Տարօրինակը, զարմանալին այն է, որ յոթանասուն տարի բոլշևիկյան անօրինականությունների դեմ պայքարող ազատ աշխարհը, դեմոկրատական ազատությունների, մարդկանց ու ժողովուրդների իրավունքների համար պայքարող Եվրոպան և Ամերիկան, կառչելով տարածքների անձեռնմխելիության սկզբունքից, որի դեմ մինչ ԽՍՀՄ-ի կազմաքանդումը հենց իրենք էին պայքարում, ձգտում են պահպանել սահմանների ներկայիս ստատուս քվոն՝ փաստացի օրինականացնելով բոլշևիկների՝ Լենինի, Ստալինի կատարած անօրինությունները:

1915թ. հայ ժողովուրդը երիտթուրքերի իշխանության կողմից ենթարկվելով ցեղասպանության՝ ընդամենը մի քանի տարի հետո երկրորդ ծանր հարվածն ստացավ, այս անգամ՝ բոլշևիկյան Ռուսաստանից, որը Թուրքիային հանձնելով ամբողջ Արևմտյան Հայաստանը, Արևելյան մասի կեսն էլ՝ մասնավորապես Նախիջևանը, Դաշտային ու Լեռնային Ղարաբաղները, նվիրաբերեց իր իսկ ստեղծած թուրք-թաթարական երկրորդ պետությանը, որը կոչեց Ադրբեջան: Հայաստանի սրտում գտնվող Նախիջևանը Հայաստանից առանձնացնելը նշանակում էր բախտի քմահաճույքին հանձնել հայ ժողովրդի հետագա ճակատագիրը: Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ ոչ բոլշևիկների ստեղծած պետության հիմնական ժառանգորդներին, ոչ էլ ժողովուրդների ճակատագիրը որոշող այսօրվա արևմտյան տերություններին, ռազմական ու քաղաքական միություններին չի հետաքրքրում ու չի հուզում Ադրբեջանի կողմից Նախիջևանը Հայաստանի դեմ ագրեսիայի պլացդարմ դարձնելու փաստը, ինչպես չհետաքրքրեց մեր ժամանակներում այնտեղ հայկական մշակութային արժեքների նկատմամբ ցուցաբերված վանդալիզմը: Ավելին՝ նրանք պատրաստակամությամբ զենք ու զինամթերք են մատակարարում (վաճառում) Ադրբեջանին էլ, Նախիջևանին էլ: Թե դրանից ինչ կստացվի, ցույց կտա ժամանակը:

Լեռնագագաթների իշխանությունը

Հայ-ադրբեջանական արևելյան և արևմտյան սահմանների միջև էական տարբերություն չկա:

Մի տեղ նրանց դիրքերն են ավելի նպաստավոր, հաջորդում՝ մերը: Բայց առաջին պատերազմի փորձը հաշվի առնելով, պիտի իմանանք, որ հնարավոր պատերազմի դեպքում առաջին կրակոցներից հետո այնտեղ քաղաքացիական ազգաբնակչություն չի մնա: Նրանք լավ գիտեն, որ այդ հողն իրենց հայրենիքը չէ և վաղ թե ուշ վրեժխնդիր է լինելու իրենցից: Իսկ այժմ կարող ենք ասել սահմանի պահպանությունն իրականացվում է վերջին տարիներին բնորոշ ռիթմով՝ որոշ տեղերում կան կրակոցներ, մյուսներում՝ ոչ, չկան, որովհետև դրանք երկու կողմերի համար էլ անիմաստ են:

Փոխգնդապետ Ս. Ղուկասյանի զորամասի պահպանության տակ գտնվող հատվածներից մեկի հենակետեր բարձրացանք ինժեներական ծառայության պետ մայոր Հովսեփ Մակարյանի ուղեկցությամբ: Դեռ հեռվից նա սկսեց ցույց տալ մեր և հակառակորդի դիրքերը, պարզաբանել դրանց առանձնահատկությունները:

-Այս հենակետի ճանապարհը լավը չէ, տարվա մեջ մի քանի անգամ նորոգում ենք, բայց յուրաքանչյուր անձրևից հետո բարձրանալը դժվարանում է: Նույն վիճակն էլ նրանց կողմում է, բայց դիրքերում մեր զինվորների վիճակը չի կարելի համեմատել նրանց զինվորների հետ: Նրանք ամիսը մեկ են հերթափոխ կատարում: Մենք երեք օրը մեկ թարմ հաց, ջուր ու որոշ պարենամթերք ենք բերում, իսկ իրենք ամեն ինչ բարձրացնում են միանգամից՝ հերթափոխին: Հարցիս, թե՝ ի՞նչ գիտեք, որ այդպես է, պատասխանում է:

-Չենք տեսնում, որ այդ ընթացքում իրենց դիրքերն ապրանք բերող մեքենա բարձրանա:

-Հնարավոր է էշով կամ ձիով են բերում, ու դուք չեք տեսնում:

-Չէ, չորքոտանի էլ չենք տեսնում։

-Փաստորեն ճանապարհի որոշ հատվածներ բաց են և հակառակորդի համար տեսանելի:

Մայոր Հ. Մակարյանն իմ կարծիքը չժխտեց, բայց վերևում՝ դիտակետից ցույց տվեց նրանց ճանապարհները:

-Տեսեք, այստեղից նրանց դիրքերն էլ, ճանապարհներն էլ մեր նշանառության տակ են, իսկ ավելի հեռվում, ա՜յ այնտեղ, գյուղեր են, այս ուղությամբ էլ Նախիջևանն է, այնպես որ՝ եթե պատերազմ լինի, մեր զորքերն իրենց առջև դրված բոլոր խնդիրներն էլ կկատարեն:

Ծառայության պետը

Մայոր Հ. Մակարյանը պատերազմի մասնակից, փորձառու զինվորական է, զերծ ինքնագոհությունից ու մեծամտությունից, և նրա հավասարակշռված խոսքը, պահվածքը համոզիչ են թվում ինձ:

Նա ծնվել է 1969թ. Զառիթափ գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո՝ 1987-89թ.թ. ծառայել է բանակում, զորացրվելուց հետո մասնակցել է Արցախյան շարժմանը, կամավորական ջոկատի կազմում մասնակցել է սահմանամերձ գյուղերի պաշտպանությանը, Լաչինի, Ղուբաթլուի ուղղությամբ իրականացված մարտական գործողություններին: 1992թ. ծառայության է անցել նորաստեղծ սահմանապահ վաշտում, հետո ձևավորված գումարտակում, այնուհետև զորամասում: Սովորել է սպաների վերապատրաստման դասընթացներում և տարբեր ժամանակ եղել է վաշտի, գումարտակի հրամանատար:

Ինժեներական աշխատանքները

Մայոր Հ. Մակարյանի մեզ հետ առաջնագիծ բարձրանալը պատահական չէր:

-Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ամբողջ սահմանի երկայնքով ընթանում են ճանապարհների սպասարկման, նոր ինժեներական արգելափակոցների ստեղծման, խրամուղիների լրասարքավորման, խրամաճեղքերի, խրամաբջիջների, կրակակետերի նորոգման, հողաթմբերի բարձրացման աշխատանքներ: Այժմ եղանակային պայմանները բարենպաստ են, և գործը թափով առաջ է գնում: Ապահովվածության մասին խոսելն ավելորդ է, որովհետև գործը կարևոր է, և ինչ պահանջում եմ, հրամանատարն անմիջապես հատկացնում է, միաժամանակ օգտագործում ենք տեղում եղած նյութերն ու միջոցները:

Մայոր Հ. Մակարյանը ներկայացրեց նաև զորամասի ինժեներական վաշտը:

-Մեր վաշտը բավական փորձառու, մարտունակ ստորաբաժանում է, հրամանատարն առաջ է քաշվել և ավելի բարձր պաշտոնի է նշանակվել: Հենակետերում ինժեներական աշխատանքները կատարվում են վաշտի զինվորների ուժերով, իսկ մարտական հերթապահություն կատարողներն զբաղված են իրենց գործով:

♦♦♦

Մեզ ցույց են տալիս կատարված վերջին աշխատանքները: Հենակետի տեղը բավական լավն է, իշխող: Եթե այս հատվածում հակառակորդը փորձի դիվերսիոն գործողություններ կատարել, անպայման կձախողվի, մերոնք կարող են աննկատ հակառակորդի թիկունք թափանցել։ Կարող են, բայց չեն անում, որովհետև չեն ուզում անիմաստ լարվածություն ստեղծել, որովհետև բանակի ու երկրի ղեկավարները ձգտում են քաղաքական հարցերը կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #29 (1047) 31.07.2014 – 6.08.2014, Ազգային բանակ


30/07/2014