Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ



Ռազմական տերմինաբանության մեջ ստորաբաժանումների փոխարինումը բնորոշվում է որպես զբաղեցրած դիրքերի և շրջանների ընդունում-հանձնում։

Սույն մարտավարական գործողությունը մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները կատարում են համաձայն մարտական հերթափոխի գրաֆիկի։ Այդ պատճառով էլ զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստության պարապմունքները կազմակերպելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ վերը նշված գործողությունը կատարվի գրագետ, կազմակերպված, արագ և, որ կարևոր է, ծածուկ։ Փոխարինված ստորաբաժանումները, որպես կանոն, մինչև լուսաբաց պետք է դուրս գան դասակների և վաշտերի համար սահմանված շրջաններ՝ ստուգելու անձնակազմի, սպառազինության և տեխնիկայի առկայությունը։

Շատ կարևոր է հիշել որոշ թվային անհրաժեշտ մեծություններ՝ վաշտերի համար հավաքի շրջանները նշանակվում են սեփական առաջնագծից 1,5-2 կմ հեռավորության վրա, իսկ գումարտակներինը՝ 4-6 կմ հեռավորության վրա։ Այդ շրջանները պետք է մանրակրկիտ քողարկված լինեն հակառակորդի օդային և ցամաքային հետախուզությունից և ապահովեն զորքերի բարձր կենսունակությունը։

Փոխարինման վերաբերյալ հրամանը ստանալուց հետո սկսվում է դրա նախապատրաստումը։ Այս աշխատանքը իրենից ներկայացնում է միջոցառումների համալիր, որն իրականացվում է հրամանատարների շտաբների և ստորաբաժանումների աշխատանքով և իր մեջ ներառում է փոխարինման իրականացում, փոխարինման որոշման ընդունում, փոխարինման պլանավորում, ենթականերին խնդիրների առաջադրում, փոխարինման համակողմանի ապահովում, ստորաբաժանումների նախապատրաստում, ստորաբաժանումների ղեկավարում հերթափոխի ընթացքում, հսկողություն հերթափոխին պատրաստ լինելու և այն իրականացնելու նկատմամբ։

Փոխարինող ստորաբաժանման հրամանատարն իր որոշման մեջ նշում է.

– ելման շրջանները,

– դրանց զբաղեցրած հերթականությունը,

– պաշտպանության շրջանը և հրետանու կրակային դիրքերը,

– տեղաշարժի երթուղիները,

– դիրքերի, շրջանների զբաղեցման ժամկետները,

– ղեկավարման կազմակերպումը։

Փոխարինվող ստորաբաժանման հրամանատարն իր որոշման մեջ նշում է.

– հակառակորդի հանկարծակի հարձակումը հետ մղելու կարգը,

– հավաքի շրջանները,

– տեղաշարժի երթուղիները,

– ապահովման կազմակերպումը,

– ղեկավարման կազմակերպումը։

Երբ փոխարինող և փոխարինվող հրամանատարներն ընդունում են իրենց որոշումները, դրանց իրատեսությունը ճշգրտվում է ընդունող (հանձնող) շրջանների համատեղ տեղազննման ժամանակ։

Տեղազննման ժամանակ փոխարինող ստորաբաժանման հրամանատարը ծանոթանում է հակառակորդի և փոխարինող ստորաբաժանման տեղաբաշխմանը, խրամատների սարքավորմանը, հաղորդակցման ուղիների և նրանցով շարժվելու կարգին, կրակի համակարգին, պաշտպանության շրջանի ինժեներական սարքավորմանը, արգելափակոցների և ականադաշտերի առկայությանը։ Որոշում է փոխարինման վայրին ծածուկ մոտենալու ուղիները, կարգավորման և ժամանող ստորաբաժանումների դիմավորման կետերի տեղաբաշխումը, ստորաբաժանումների ելման դիրքերը և դրանց զբաղեցման կարգը։

Շտաբները համատեղ մշակում են փոխարինման պլանը, որում սովորաբար նշվում է.

– ո՞վ՝ ո՞ւմ, ո՞ր տեղամասում և ե՞րբ է փոխարինում,

– ելման և հավաքի շրջանները,

– տեղաշարժի երթուղիները,

– պարետային ծառայության կազմակերպումը,

– ստորաբաժանումների ղեկավարման կարգը փոխարինման ժամանակ,

– ապահովման հարցերը և այլն։

Ստորաբաժանումների փոխարինումը պետք է լինի պարզ, իրականացվի արագ, կատարվի հակառակորդի օդային և վերգետնյա հետախուզությունից ծածուկ, միաժամանակ ոչինչ չպետք է խաթարի թիկունքի աշխատանքը։ Դրան կարելի է հասնել փոխարինումն իրականացնող ստորաբաժանումներին առանձին-առանձին երթուղիներ նշանակելով և մարտ վարող ստորաբաժանումներին բոլոր անհրաժեշտ նյութական միջոցների, զինամթերքի մատակարարումով, դուրս եկող ստորաբաժանումների կողմից նոր ժամանողներին տեղում սեփական նյութական պաշարների հանձնումով, ճանապարհներին զորքերի տեղաշարժը հստակ ղեկավարելով։

Ստորաբաժանումների փոխարինումը կազմակերպվում է այնպես, որ այն իրականացնող ստորաբաժանումները մշտապես գտնվեն մարտական պատրաստականության այնպիսի վիճակում, որ պատրաստ լինեն մարտի մտնելու։

Հակառակորդի հարձակման ժամանակ ստորաբաժանումների փոխարինումը դադարեցվում է, մասնակից բոլոր ստորաբաժանումները հետ են մղում հակառակորդի գրոհը, այս դեպքում մարտի ղեկավարումը իրականացնում է փոխարինվող ստորաբաժանման հրամանատարը, բոլորը ենթարկվում են նրան և անվերապահորեն կատարում են նրա բոլոր հրահանգները։ Ստորաբաժանումների փոխարինումը շարունակվում է հակառակորդի հարձակումը հետ մղելուց հետո միայն։ Ստորաբաժանումների փոխարինման ժամանակ որպես կանոն հանձնվում են.

– զբաղեցրած դիրքերը, շրջանները,

– տեղեկություններ հակառակորդի, նրա կրակային համակարգի մասին,

– տեղեկություններ սեփական կրակի և ղեկավարման համակարգի, տեղանքի բնույթի մասին,

– դիրքերի ինժեներական կահավորումը, արգելափակոցների առկայությունը,

– կապի կազմակերպման համակարգը։

Հրամանատարը, որ հանձնում է պաշտպանության շրջանը, պարտավոր է փոխարինող հրամանատարին ներկայացնել գումարտակի տվյալները, նշել պաշտպանության շրջանի հանձնման կարգը, հերթափոխից հետո՝ հավաքի շրջանը։

Փոխարինվող անձնակազմը պետք է գտնվի իր տեղում՝ պատրաստ դիրքերը հանձնելու և հետ մղելու հակառակորդի հնարավոր հարձակումը։

Տեղաշարժը սկզբում սկսում են դասակների, վաշտերի շարասյուներով քողարկված երթուղիներով։

Հրետանին դուրս է գալիս կրակադիրք առաջինը և առանձին երթուղով։ Ժամանող ստորաբաժանման հրամանատարները տեղաբաշխում են անձնակազմը դիրքերում, նշանակում են դիտորդներ և փոխարինվող հրամանատարի ներկայությամբ իրականացնում են հերթափոխը։ Ավարտից հետո փոխարինմանը մասնակցող պաշտոնատար անձինք զեկուցում են իրենց անմիջական պետերին։ Փոխարինված ստորաբաժանման հրամանատարի զեկույցից հետո, պահպանելով քողարկման պայմանները, դուրս են գալիս հավաքի նշանակման շրջան։ Փոխարինման փաստը ձևակերպվում է ակտով։

Փոխարինման ավարտը համարվում է պահպանության շրջանն ընդունած հրամանատարի՝ իր անմիջական պետին զեկույցը։

ԱՐԱՄ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ
գնդապետ

Խորագիր՝ #29 (1047) 31.07.2014 – 6.08.2014, Ազգային բանակ


30/07/2014