Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՆԱԿՆ ԻՐ ԽՆԴԻՐԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է
ԲԱՆԱԿՆ ԻՐ ԽՆԴԻՐԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է

ԱՎԵԼԱՑՎՈՒՄ ԵՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՒԱՎՃԱՐՆԵՐԸ

Հուլիսի 17-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Մինչ օրակարգին անցնելը ՀՀ վարչապետը ՀՀ պաշտպանության նախարարին առաջարկել է կառավարությանը զեկուցել Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի տարածքում տեղի ունեցած դեպքերի մասին։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան. «Պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, 1994 թ. զինադադարի պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի Հանրապետության վարած քաղաքականության հետեւանքով պարբերաբար ե՛ւ դիպուկահարների կրակոցների, ե՛ւ խափանարար հետախուզական գործողությունների ձեւերով լարվածություն էր ստեղծվում առաջին գծում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում։ Այս վերջին տարիներին այդ լարվածությունը տեղափոխվել է նաեւ Հայաստանի Հանրապետության հյուսիսարեւելյան՝ Տավուշի մարզ։ Միշտ տեղեկություն է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակից նաեւ Քարվաճառի հատվածում հնարավոր ներթափանցման դեպքերի վերաբերյալ, եւ վերջին ժամանակահատվածում նաեւ որոշակի հետքեր կային։ Պաշտպանության բանակի հրամանատարության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ բացահայտելու հնարավոր ներթափանցած խմբերը։ Այդ միջոցառումների ընթացքում, համագործակցելով նաեւ ներքին գործերի, ազգային անվտանգության ծառայության հետ, բանակի ստորաբաժանումները հայտնաբերել էին այդ հետքերը եւ վնասազերծել սահմանախախտ խմբի անդամներից մեկին։ Դրանից հետո մենք համապատասխան միջոցներ ձեռնարկեցինք. հավելյալ անցակետեր, նաեւ հավելյալ ստորաբաժանումներ ուղարկվեցին այդ հատված եւ, համագործակցելով պաշտպանության բանակի ստորաբաժանումների եւ իրավապահ մարմինների ստորաբաժանումների հետ, բացահայտվեցին նաև խմբի մյուս բոլոր անդամները, որոնք եղել են Քարվաճառի տարածքում։ Նախնական տվյալներով կա տեղեկություն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 17 տարեկան քաղաքացու սպանության համար կասկածվում է այդ խմբի անդամներից մեկը, որը վերջինն էր հայտնաբերվել։

Միջոցառումներն ամբողջությամբ իրականացված են, խմբի անդամները հայտնաբերված են, այսօր պաշտպանության բանակի հրամանատարությունը հետորոնումային համապատասխան խնդիրներ է իրականացնում ե՛ւ առաջին գծում ծառայությունն ուժեղացնելու, հնարավոր ներթափանցման ուղիները բացահայտելու, ե՛ւ ականապատման ու այլ միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ, եւ նաեւ ազգաբնակչության շրջանում համապատասխան միջոցառումներ են իրականացվում, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ բանակն, իրոք, իր առջեւ դրված խնդիրները լուծում է, այսինքն՝ այն խնդիրը, որը պետք էր կատարել բանակի եւ իրավապահ մարմինների համագործակցությամբ, իրականացվել է։ Այժմ համապատասխան հավելյալ միջոցառումներ կիրականացնենք՝ արդեն մեր բանակային զորամիավորման եւ պաշտպանության բանակի հրամանատարության միջեւ համագործակցության շրջանակում, որպեսզի հետագայում նման դեպքերը բացառվեն»։

Այնուհետեւ կառավարությունը ձեռնամուխ է եղել օրակարգի հարցերի քննարկմանը։

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ եւ լրացումներ, որոնք բխում են ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքների փոփոխությունից։ Մասնավորապես՝ դրամական օգնությունը վերանվանվել է պարգեւավճար, սոցիալական կենսաթոշակը վերանվանվել է ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, սահմանվել է, որ զոհված զինծառայողի ընտանիքի՝ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձին պարգեւավճարը վճարվում է անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից, ի տարբերություն մահացած զինծառայողի ընտանիքի անդամի, որին պարգեւավճարը վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու դեպքում։ Որոշմամբ 2014թ. մայիսի 1-ից 5 հազար դրամով բարձրացվել են առանձին զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամներին երկրորդ կենսաթոշակի փոխարեն տրվող, ինչպես նաեւ հաշմանդամ զինծառայողներին տրվող պարգեւավճարների չափերը, սահմանվել է մահացած զինծառայողի ընտանիքի անդամին դրամական օգնություն նշանակելու տեղեկանքի նոր ձեւ։ Որոշմամբ ձեռնարկված միջոցները հանրագումարի է բերել վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Փաստորեն կան զինվորական կենսաթոշակառուների առանձին կարգեր, որոնց չեն վերաբերելու 2014թ. հուլիսի 1-ից կատարված բարձրացումները, եւ մենք այս որոշումով 10-50 տոկոսով բարձրացնում ենք շուրջ 12 հազար 300 հաշմանդամ զինծառայողներին տրվող պարգեւավճարի չափը։ Զոհված զինծառայողների ընտանիքի շուրջ 1250 անդամների զինվորական կենսաթոշակի փոխարեն տրվող պարգեւավճարի չափը ավելացվում է 20 տոկոսով, եւ զոհված զինծառայողի ընտանիքի շուրջ 6500 անդամներ հնարավորություն են ստանում էապես բարելավելու իրենց սոցիալական պաշտպանվածության մակարդակը՝ իրենց երկրորդ կենսաթոշակի փոխարեն ընտրելով պարգեւավճար ստանալու տարբերակը, որի գումարը կաճի մոտ 50 տոկոսով»։

Եվս երեք որոշմամբ կառավարությունն ապահովել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխության կիրարկումը եւ 2014թ. հուլիսի 1-ից զինծառայողների կենսաթոշակների հաշվարկումը նոր կարգով։