Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐՈՎ



Զրույց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի հետ

-Պարոն Դավթյան, զրույցն ուզում եմ սկսել ժողովրդին ամենից շատ հուզող հարցով՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմաններին, պատերազմի մե՞ջ ենք։

-Պատերազմի մեջ չենք, բայց խաղաղության մեջ էլ չենք։ Վերջին շրջանի իրադարձությունները վկայում են, որ լարվածությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին մեծացել է, դիվերսիոն գործողությունների թվի աճ է նկատվում, ակտիվացել են դիպուկահարները։ Մյուս կողմից, պաշտպանության նախարարության՝ սահմանային ընդհարումների վերաբերյալ տեղեկատվությունը բաց ու թափանցիկ դարձնելու քաղաքականությունը, տեղեկատվության անարգել հոսքը ստեղծում են տպավորություն, թե աննախադեպ լարվածություն է սահմաններին, անգամ խոսվում է պատերազմի մասին։

-Ի՞նչ նպատակ է հետապնդում հակառակորդը՝ օր օրի սրելով իրավիճակը շփման գծում։

-Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու Ղարաբաղյան խնդրի վրա՝ նսեմացնելով խաղաղ կարգավորման հնարավորությունները, ճնշում գործադրելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների վրա՝ պարտադրելու միակողմանի զիջումներ։ Նմանօրինակ գործողություններով բազմաթիվ չլուծված խնդիրներ ունեցող բանակը մարտական ոգով տոգորելու ադրբեջանական ձեռագիրը նորություն չէ մեզ համար։ Ադրբեջանի պաշտպանության գերատեսչության ղեկավարի փոփոխությունից հետո, կադրային փոփոխություններ իրականացան նաև համակարգի ներքին օղակներում։ Նոր նշանակված կադրերը ակնհայտորեն ինքնահաստատման և ինքնադրսևորման խնդիր ունեն։

-Ի՞նչ է, ադրբեջանական բանակում ինքնահաստատման ու ինքնադրսևորման դաշտ չկա՞։ Մենք լավ գիտենք, թե ինչ մասշտաբների է հասել սպանությունների, ինքնասպանությունների և մահվան ելքով դեպքերի քանակը հակառակորդի զորքերում։ Գիտենք նաև ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով խոշտանգված ադրբեջանցի զինվորների մասին։

-Հենց դա է պատճառը, որ պատերազմի վերսկսման վտանգն առանձնապես չի հուզում փլուզվող երկրի ղեկավարությանը, իսկ սահմանային ընդհարումները հասարակության ուշադրությունը բանակի խնդիրներից շեղելու ևս մեկ ձև է։

-Ո՞ւմ օգտին է աշխատում ժամանակը։

-Պատերազմի օգտին։ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ձգձգումը մեզ է՛լ ավելի է մոտեցնում պատերազմին։ Ադրբեջանում բարձրանում է մի սերունդ, որը, ի տարբերություն խորհրդային սերնդի, մանկուց սնվել է Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ ատելության ոգով։ Այդ սերնդի հետ բանակցելը շատ ավելի դժվար կլինի։ Ժամանակը խորացնում է մեր երկու ժողովուրդների միջև առաջացած անդունդը։

-Ադրբեջանցիների ակտիվությունը սահմանին կարելի՞ է նոր պատերազմի նախերգանք համարել։

-Ես ավելի շուտ կօգտագործեի պատերազմի նախապատրաստական փուլ արտահայտությունը։ Ադրբեջանցիները, ինչպես գիտեք, գնդակոծում են մեր բնակավայրերը, սահմանամերձ ճանապարհները, նույնիսկ դաշտում աշխատող քաղաքացիներին։

-Հնարավո՞ր է, որ հակառակորդի նմանօրինակ գործողությունները մեզ դրդեն հարձակողական գործողությունների։

-Որևէ տարբերակ չեմ բացառում։ Բայց այսօր հարձակողական գործողություններ սկսելու համապատասխան նախադրյալներ չկան։ Մենք համարժեք պատասխան ենք տալիս հակառակորդի ամեն քայլին։

-Նախարարն ասում է՝ ոչ համարժեք։

-Ես նկատի ունեմ՝ մենք պատասխանում ենք հակառակորդի գործողություններին։ Ու մեր պատասխանը, բնականաբար, պիտի լինի շատ ավելի կոպիտ ու սուր։ Մենք իրականացնում ենք երկու տիպի գործողություն՝ պասիվ և ակտիվ։ Պասիվ գործողություններն ուղղված են խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը, կառուցում ենք այլընտրանքային ճանապարհներ, իրականացնում ենք ինժեներական աշխատանքներ առաջնագծում։ Ակտիվ գործողություններով լռեցնում ենք հակառակորդի կրակակետերը։

-Պարոն Դավթյան, իսկ ինչո՞ւ մենք չենք գնդակոծում Ադրբեջանի խաղաղ բնակչությանը։ Չէ՞ որ ադրբեջանական բանակը անգամ մեր մանկապարտեզների վրա է արկեր նետում։

-Մենք հակառակորդին պատճառում ենք մեծ կորուստներ՝ ամենաքիչը եռապատիկ գերազանցությամբ։ Բայց խաղաղ բնակչությանը չենք հարվածում։

-Ինչո՞ւ… Թող Ադրբեջանի ժողովուրդը կորուստներ ունենա, թող ահուսարսափով ապրի իր տան մեջ, վախով անկողին մտնի, չկարողանա մշակել իր այգին, գուցե այդ դեպքում զսպի իր իշխանություններին և թույլ չտա խախտելու զինադադարի ռեժիմը։

-Գիտեք, մեր կռիվը Ադրբեջանի ժողովրդի հետ չէ, մենք պատասխանում ենք ադրբեջանական զինված ուժերի գործողություններին։ Խաղաղ բնակչությանը գնդակոծելը պարզագույն մարդասպանություն է, դա միայն հատուկ է ադրբեջանական բանակին։ Ինչ վերաբերում է Ձեր այն մտքին, թե Ադրբեջանի խաղաղ բնակչության գնդակոծումը կզսպի Ադրբեջանի իշխանություններին, խորապես սխալվում եք։ Ադրբեջանական իշխանությունների համար իր քաղաքացու կյանքը ոչինչ չարժե։ Մենք 3-5 անգամ ավելի մեծ կորուստներ ենք պատճառում հակառակորդին՝ նրանց յուրաքանչյուր գործողությանն ի պատասխան, բայց դա չի կանխում ադրբեջանական բանակի ագրեսիան ու արկածախնդրությունը։

-Մի առիթով ասացիք՝ ամենավատ խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը։ Այդ պահին հնարավորություն չունեի մոտենալու Ձեզ և հարցնելու։ Ինչո՞ւ… Ինչո՞ւ ենք մենք խուսափում պատերազմից։ Պաշտպանության նախարարն ու բոլոր գեներալները միաձայն ասում են, որ մենք պատրաստ ենք հաղթանակով ավարտելու վերահաս կռիվը, բայց, չգիտես ինչու, խուսափում ենք պատերազմից։

-Դուք չգիտեք, թե որքան աղետալի է պատերազմը և՛ մեզ, և՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, և՛ Ադրբեջանի համար։ Հաշվի առնելով տարածաշրջանում կուտակված սպառազինությունը, պատերազմը կլինի դաժան ու կորստաբեր։ Մեզ համար թանկ է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը՝ մարդկային կյանքը։ Ինչ վերաբերում է հնարավոր պատերազմի ելքին՝ մենք ստիպված ենք լինելու հաղթել։ Մենք այլընտրանք չունենք։ Խաղաքարտին է դրված ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի Հանրապետության անկախությունը։

-Հետո՞ ինչ, շատ ավելի հզոր ազգեր են վերացել աշխարհիս երեսից։ Այլընտրանք չունենալը հաղթանակի երաշխիք չէ, մեզ ավելի պրագմատիկ երաշխիքներ են պետք։

-Այլընտրանք չունենալը նախադրյալ է, որ մենք ստեղծենք ամուր, գործուն և պրագմատիկ երաշխիքներ։ Մեր բանակն ու ժողովուրդը և՛ ֆիզիկապես, և՛ հոգեբանորեն պատրաստ են հաղթանակով ավարտելու այն կռիվը, որը ադրբեջանցիները կպարտադրեն մեզ։

-Պարոն գեներալ, ես մեր վերջին հարցազրույցի ժամանակ հարցրի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, թե «ինչո՞ւ չենք գրավում հակառակորդի այն դիրքերը, որոնք բարձրադիր են և հնարավորություն են տալիս հակառակորդին գնդակոծելու մեր բնակիչներին ու նշանառության տակ պահելու ճանապարհները»։ Նախարարը պատասխանեց, որ 1994թ.-ից ի վեր պատերազմով գծված սահմանները չեն փոխվել, և յուրաքանչյուր փոփոխություն կարող է դիտվել որպես պատերազմի վերսկսում։ Բայց այսօր ադրբեջանական մամուլը վայնասուն է բարձրացրել, որ հայկական կողմը դիրքեր է գրավել Նախիջևանում։

-Ապատեղեկատվություն է։ Մենք ադրբեջանական դիրքեր չենք գրավել։ Չեզոք գոտին կազմում է 3-ից 4 կիլոմետր, մենք բարելավել ենք մեր որոշ դիրքեր չեզոք գոտու հաշվին՝ ելնելով տեղանքի առանձնահատկություններից և մարտական խնդիրներից։

-Եվ մեր մոտենալը չի՞ ստիպել ադրբեջանցիներին հետ քաշվել։

-Ո՛չ։ Որքան էլ դա Ձեզ տխրեցնում է։

-2008թ.-ին հակառակորդը գրավեց մեր դիրքը։

-Մենք արագ հետ շպրտեցինք նրանց։ Գրավեց՝ օգտվելով մեր երկրի ներսում քաղաքական խառը իրավիճակից։ Մենք երբեմն ջուր ենք լցնում հակառակորդի ջրաղացին։ Օրինակ՝ մեր լրատվամիջոցները վերցնում են ադրբեջանական մամուլում հնչած հերյուրանքներն ու տարածում։ Սա անտրամաբանական է։ Մենք ասում ենք, որ այս կամ այն բախման ժամանակ ունեցել ենք այսքան կորուստ, իսկ որոշ լրատվամիջոցներ հրապարակում են ադրբեջանցիների տարածած թվերը, պնդելով, թե մենք խաբում ենք մեր ժողովրդին։ Մենք ասում ենք, որ ադրբեջանցի դիվերսանտները մտել են մեր հողը, սպանություններ են իրականացրել, մարմնական ծանր վնասվածք են հասցրել խաղաղ բնակչի, իսկ մերոնք սկսում են կասկածել՝ վկայակոչելով դիվերսանտների տեսքը…

-Ինչո՞ւ միջազգային ատյանները համարժեքորեն չեն արձագանքում Ադրբեջանի գործողություններին։ Մենք կարծես թե ձախողվում ենք դիվանագիտական ու քարոզչական հարաբերություններում։

-Ո՛չ, խնդիրն այդ չէ։ Յուրաքանչյուր երկիր փորձում է ճշմարտությունը տեսնել իր շահերի պատուհանից։ Եվ այդ դեպքում եզրահանգումները կարող են տրամագծորեն հակառակ լինել, օրինակ՝ կարող են ահաբեկչական ուժերին կոչել ազատագրական և, հակառակը, ազատագրական գործողությունները որակել ահաբեկչական։ Նայած, թե ինչ ուժեր ու շահերն են բախվում առանցքում։

-Ասացիք, որ մեր ժողովուրդը և՛ ֆիզիկապես, և՛ հոգեբանորեն պատրաստ է պատերազմի։ Ե՞րբ և ինչպե՞ս ենք նախապատրաստվել։

-Նախ՝ մենք երբեք չենք խաբել մեր ժողովրդին և ասել ենք, որ պատերազմը ամեն պահի կարող է վերսկսվել։ Իրականացրել ենք խաղաղ բնակչության անվտանգությունը և կենսագործունեությունը ապահովող աշխատանքներ։ Նախապատրաստվել են նաև պետական կառույցները՝ մշակելով գործողությունների հատուկ ծրագիր։ Ի վերջո, մենք չենք թաքցնում, որ հնարավոր պատերազմի ակտիվ ներգործության տակ կառնի մեր հանրապետության մեծ մասը։

-Հեռահար զենքո՞վ…

-Այո՛։ Որքան էլ մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի հաղթանակը մեզ տրվի նվազագույն կորուստներով։

-Շնորհակալություն, հույժ կարևոր զրույցի համար։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #28 (1046) 24.07.2014 – 30.07.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


24/07/2014