Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊՏՈՒՂՆԵՐԸ
ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊՏՈՒՂՆԵՐԸ

Հարցազրույց ՌՈ բաժնի պետ, փոխգնդապետ ՎԱՀԱԳՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ հետ

Ծնվել է Երևանում, սովորել է թիվ 172 անգլերեն թեքումով միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Ճարտարագիտական համալսարանի ռադիոֆակուլտետը: Ավարտել է ուսումը և զորակոչվել բանակ: Կապի ուսումնական զորամասում կապավորի զինվորական մասնագիտություն ձեռք բերելուց հետո տեղափոխվել է սահմանամերձ զորամաս: 1999թ. ծառայության է անցել ռազմական ոստիկանությունում: Եղել է ավագ սպա, այնուհետև օպերատիվ ծառայության գծով բաժնի պետի տեղակալ, իսկ 2013 թ. այստեղ՝ Լոռու կայազորի Վանաձորի բաժնի պետ:

Գաղտնիք չէ, որ բանակում (աշխարհի բոլոր բանակներում) զինծառայողների միջև հարաբերությունները կարգավորվում են համապատասխան օրենքներով, հրամաններով, կանոնագրքերի պահանջներով, այսինքն` այստեղ առկա ազատությունների որոշակի սահմանափակում, և ոչ մեկը չի կարող անել այն, ինչ իր սիրտն է ուզում, որովհետև նախ թույլ չեն տա, իսկ հետո էլ ընդունված կարգը խախտելու կամ հրամանները չկատարելու համար կպատժվի: Հաճախ նաև իրենց իմաստը կորցնում են զինվորներին ըստ կանոնակարգի շնորհվող մասնակի ազատությունները՝ ազատականներն ու արձակուրդները, երբ դրանք վատ ավարտ են ունենում:

Ռազմական ոստիկանությունը լինելով բանակի կարևորագույն ստորաբաժանումներից մեկը, օրնիբուն աշխատում է հանցագործությունների կանխարգելման (բացահայտման) ուղղությամբ: Սկզբից ևեթ մեծ է եղել կառույցի ազդեցությունը զորամասերում: Մանավանդ վերջին տարիներին ավելի են ընդլայնվել զորամասերում գործելու նրանց իրավունքները: Համենայնդեպս, բացառվում է մտնել որևէ զորամաս և չհանդիպել ռազմական ոստիկանի: Պարզ է, նպատակը բարի է, բանակի ղեկավարությունը ձգտում է կանխարգելման միջոցով բացառելու օրինախախտումները, զինծառայողների ոչ կանոնադրական հարաբերությունները:

Ռազմական ոստիկանության համակարգում անցած տարվա տվյալներով բավական լավ արդյունքներ է գրանցել փոխգնդապետ Վահագն Աղաջանյանի ղեկավարությամբ գործող ստորաբաժանումը, ինչի համար էլ արժանացել է «Լավագույն ՌՈ բաժին» կոչման և պարգևատրվել Պատվադրոշով:

Հանցագործությունների, իրավախախտումների տեսակների, դրանց դրսևորման միտումների, իրենց աշխատանքում կիրառվող մեթոդների, զինծառայողների փոխհարաբերությունների, ռազմական ոստիկանի դերի ու նշանակության մասին է մեր զրույցը բաժնի պետ, փոխգնդապետ Վահագն Աղաջանյանի հետ: Նրան ճանաչում են իբրև բարեկիրթ, դիմացինին լսելու, հասկանալու, օգնելու պատրաստակամությամբ օժտված, շփվող ու զրուցասեր, զինվորի ու սպայի արժեքն իմացող, ոստիկանի պատիվն ու հեղինակությունը բարձր պահող անձնավորության:

-Պարոն փոխգնդապետ, խնդրում եմ ներկայացնեք այն ցուցանիշները, որոնք կարևոր նշանակություն են ունեցել համակարգում լավագույնը լինելու և պատվադրոշով պարգևատրվելու գործում:

-Մեր բաժնի կողմից սպասարկվող զորամասերում 2013թ.-ին 2012-ի համեմատ բոլոր տեսակի դեպքերը նվազել են 26 տոկոսով: Մասնավորապես՝ զորամասն ինքնագլուխ լքելու դեպքերը նույն ժամանակահատվածում նվազել են 45 տոկոսով, հանցակազմ պարունակող դեպքերը նվազել են 3 տոկոսով: Սատանի ականջը խուլ, ծանր հանցագործություններ ընդհանրապես չեն եղել: Հաշվետու ժամանակահատվածում բացահայտվել է նախկինում չբացահայտված (թաքցված) քսանմեկ դեպք: Դրանց մեջ կան էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործման, զորամասն ինքնակամ լքելու, վառելիքի անօրինական յուրացման, զինվորական ունեցվածքի գողության, պակասորդի, ավելցուկի, զինվորին հասցված վիրավորանքի դեպքեր:

-Կարո՞ղ ենք արձանագրել՝ ավելի շատ խախտումներ ո՞ր զորամասերում են լինում:

-Չեմ ուզում մանրամասների մեջ խորանալ, միայն ասեմ, որ հրամանատարի ջանքերը կարող են նվազեցնել, բայց ոչ ամբողջովին վերացնել, բացառել խախտումները, ինչը շատ դժվար գործ է մի մարդու համար: Մենք ձգտում ենք ամեն ինչով աջակցել հրամանատարին, և մեր բոլորի ձգտումն ու նպատակն է, որ անցանկալի դեպքեր ու պատահարներ առհասարակ չլինեն, մանավանդ այնպիսիք, որոնց համար դատախազությունը պարտավոր է գործ հարուցել: Շատ դժվար է նայել այն ծնողի աչքերին, որը տանջվում է որդու վատ, չմտածված արարքի համար: Ես չեմ ուզում որևէ երիտասարդի, այն էլ՝ զինվորի, տեսնել մեղադրյալի աթոռին: Այսպիսի դեպքերից խուսափելու համար նախընտրում ենք իրականացնել կանխարգելիչ աշխատանքներ:

-Զորամասերում միշտ կան ոստիկաններ, զինվորը, սպան ամբողջ օրը տեսնում են նրան և գիտեն, որ բացահայտվելու է նույնիսկ ամենափոքր խախտումը, բայց, զարմանալի է, էլի խախտումներ, հանցագործություններ են կատարվում:

-Տարբեր մարդիկ գիտակցության, մտածողության տարբեր մակարդակներ ունեն, և շատերը հաճախ թեթևամտորեն են գործում: Ասեմ, որ դեպքերը հիմնականում տեղի են ունենում գիշերվա ժամերին, երբ զորամասում միայն հերթապահ սպաներն են։ Հենց դրա համար էլ մենք գերադասում ենք զորամասերում լինել գիշերվա ընթացքում և կատարել հանկարծակի ստուգումներ, ինչը շատ ավելի արդյունավետ է:

-Կա տեսակետ, թե զինվորները, երբեմն իրենց միջանձնային հարաբերությունները պարզում են զորամասից դուրս, ազատարձակման ժամանակ:

-Թեպետ հրամանատարները ազատականներ տրամադրում են իրենց լավագույն կողմերով դրսևորած զինվորներին, բայցև չեմ բացառում նաև նման երևույթները, հարկավոր է այդ ուղղությամբ նպատակային աշխատել:

-Ընդունո՞ւմ եք «դժվար դաստիարակվող զինվոր» արտահայտությունը:

-Որքան էլ ցավալի է, բայց այդպիսիք կան: Այսօր զորամասի հրամանատարները, մենք նորակոչիկների մասին ավելի շատ տեղեկություններ ենք ստանում: Նրանց հետ տանում ենք անհատական, բացատրական աշխատանք, պարզաբանում ենք օրենքները, կանոնադրությունների պահանջները, դրանց խախտման հետևանքները: Երբ տեսնում ենք, որ մարդը մեզ հետ շփումներից ինչ-որ հետևություններ է անում, ուղղվում է, նրա նկատմամբ մեր կանխակալ վերաբերմունքը, աշխատանքի ձևը ևս փոխվում է, բայց նա էլի մնում է մեր տեսադաշտում, իսկ թե էլի որևէ արարք է թույլ տալիս, դաստիարակչական աշխատանքները շարունակում ենք:

-Կարո՞ղ եք այս տարվա ձմեռային ուսումնական փուլի արդյունքները համեմատել անցած տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ:

-Տվյալների համեմատություն առայժմ չենք կատարել: Գիտեք, մեր աշխատանքի իմաստն ու նպատակը սոսկ թվերը չեն, եթե անցանկալի դեպքեր չգրանցվեն, տխուր վիճակագրություն էլ չենք ունենա։ Բոլորը գիտեն՝ պաշտպանության նախարարի հրամանով խստորեն պատժվում են այն հրամանատարները, ովքեր թաքցնում են արատավոր բարքերը, որոնք էլ հաճախ հանգեցնում են հոռի հետևանքների: Մեր ձգտումն է, որ մեր բանակը լինի միմյանց նվիրված մարդկանց, իրար հարգող անձնավորությունների բանակ:

-Վահագն Կառլենի, այսօր շատերի, մանավանդ՝ երիտասարդ սպաների շրջանում այն կարծիքն է իշխում, թե իրավապահ մարմիններն իրենց նկատմամբ ավելի խիստ վերաբերմունք ունեն, քան զինվորներից շատերի, ինչն էապես թուլացնում է սպայի հեղինակությունը, և դա էլ ազդում է ծառայության կազմակերպման վրա:

-Ես հասկանում եմ սպաներին, մանավանդ՝ երիտասարդներին, որոնք զինվորներից շատերի հասակակիցներն են, բայց ես այն կարծիքին եմ, որ բոլորս՝ ինչպես մենք, այնպես էլ իրենք, պիտի աշխատենք բաց, պարզ ու թափանցիկ: Եթե զինվորը հրամանը չի կատարում, այդ մասին պետք է բարձրաձայնվի, պետք է հովանավորչությունը բացառվի: Հակառակ դեպքում՝ մենք, իրոք, խնդիրներ, ձախողումներ կունենանք:

-Բաժնի ուժերը բավարա՞ր են աշխատանքի ծավալները հաղթահարելու համար:

-Ցավոտ հարց եք տալիս. քիչ են, հատկապես նպատակային, կանխարգելիչ աշխատանքների համար: Ասեմ, որ հաջողության հասնելու գործում իրենց լուրջ ներդրումն ունեն փոխգնդապետ Վարշամ Թադևոսյանը, փոխգնդապետ Արամ Հովհաննիսյանը, կապիտան Արտյոմ Ավագյանը, լեյտենանտ Վահան Անտոնյանը:

Տա Աստված, որ և՛ ուժերը բավարար լինեն, և՛ «անելիք աշխատանքը»։

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ