Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՐՁԱԳԱՆՔ
ԱՐՁԱԳԱՆՔ

Երբ հրապարակեցինք փոխգնդապետ Գևորգ Ասատրյանի՝ «Իր հույսերի գերին» ակնարկը, որտեղ պատմվում է պատերազմի տարիներին ընդամենը 13 տարեկան որդուն կորցրած Սամվել Մկրտչյանի ցավի, սպասումի, հույսերի մասին, մեր ընթերցողներից եւ ոչ մեկը անտարբեր չմնաց: Բազում մեկնաբանությունները, հակառակ տարածված կարծիքի, ապացուցում են, որ մեզ դեռ անհանգստացնում են մեր կողքինի ապրումները, մտահոգությունները, հոգսերը, ճակատագիրը: Մարդիկ իրենց վերաբերմունքն ու հուզմունքն արտահայտել են բազմակետերով… Մեր ընթերցողներից Սերգեյ Աբգարյանը գրել է. «Իմ առյուծասիրտ եղբայր, մեռնեմ քո այդ մեծ սրտին», Արտակ Մադոյանը որդեկորույս հորն ուղղված իր խոսքում խնդրում է. «Եղի՛ր ուժեղ, էլի՛ ուժեղ և մի՛շտ ուժեղ», Անուշ Սեդրակյանն էլ խոստանում է. «Կաղոթենք և չենք դադարի քեզ հետ միասին սպասել մեր որդուն»:

Կարդալով նյութի վերջաբանը, որտեղ ասվում է. «Ինչո՞ւ ես, սակայն, շշուկով խոսում, շշուկով պատմում… Ա՜խր, եթե մեկը մեր երկրում բարձրաձայն խոսելու, ո՛չ, բղավելու իրավունք ունի, դո՛ւ ես, միայն դո՛ւ եւ ուրիշ ոչ ոք… Ինչո՞ւ ես կորչում գորշ ամբոխի մեջ… Ա՜խր, եթե մեկը իր հաղթ հասակով ու բաց ճակատով միլիոնների մեջ զանազանվելու իրավունք ունի, դո՛ւ ես, միայն դո՛ւ եւ ուրիշ ոչ ոք… Ինչո՞ւ ես այդպես անվստահ, երեր քայլում քո՛ տան մեջ, ասես հյուր լինես կամ օտարական…Ա՜խր, եթե մեկը իր տառապած, ծանր քայլքով հողը ցնցելու իրավունք ունի, դո՛ւ ես, միայն դո՛ւ եւ ուրիշ ոչ ոք։ Ինչո՞ւ ես այդքան համեստ ու խոնարհ… Ա՜խր, եթե մեկը իր պինդ բռունցքը սեղանին խփելու իրավունք ունի, դո՛ւ ես, միայն դո՛ւ եւ ուրիշ ոչ ոք… Դու ինչ ունեիր, տվել ես իսպառ եւ անմնացորդ, էլ թաքցնելու ոչ մի ծեղ չունես՝ քո վշտից, ցավից ու տառապանքից զատ։ Եվ հիշիր՝ մե՛կ եւ մի՛շտ, հուր եւ հավիտյան, դո՛ւ ես, միայն դո՛ւ այս երկրի ՏԵՐԸ»: Անհետ կորած ազատամարտիկի այրին` Գայանե Չանախչյանը, այսպես է արձագանքել. «Ես վհատ էի և հուսավառվեցի, ես կոտրված էի, ընկճված և կրկին ամրացա ու որոշեցի` իրավունք չունեմ գլխիկոր քայլելու, ես իրավունք չունեմ հուսալքվելու, հուսահատվելու, հիասթափվելու… Ես պետք է քայլեմ գլուխս բարձր պահած, սեփական արժանապատվության խորը զգացումով»:

Մեր ընթերցողների արձագանքները հուշում են լրագրողական ճիշտ շեշտադրումների և հասարակության հետ «խոսելու» մեր թերթի ճիշտ և հետևողական քաղաքականության մասին:

Նյութը դիտվել է 8369 անգամ, արժանացել է 87 հավանման, կիսվել է 15 մարդ:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»