Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԵՐՈՍՆԵՐԸ ՉԵՆ ՄԵՌՆՈՒՄ
ՀԵՐՈՍՆԵՐԸ ՉԵՆ ՄԵՌՆՈՒՄ

Հունան Ավետիսյանը, հայրենիքի ազատության ու անկախության համար մղված մարտերում գիտակցորեն զոհաբերելով իր կյանքը, հավերժ անմահ կմնա: Նրա անունը միշտ էլ առանձնակի տեղ կգրավի Մեծ հայրենականի տարեգրության մեջ:

Ծավ գյուղի արևկող լեռնալանջի հարթավայրում վեհաշուք բարձրացել է Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժին տանող մարմարե հուշարձանը:

Այստեղ 1914 թվականին ծնվել է Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանը: Հայրենի գյուղում ստացել է սկզբնական կրթությունը, ավարտել է գյուղի 7-ամյա դպրոցը և 14 տարեկանից հովվություն արել գյուղում: 1935թ. զորակոչվում է զինվորական ծառայության: Ավարտելով զինվորական ծառայությունը՝ վերադառնում է հայրենի Ծավ գյուղ: Երբ սկսվում է Հայրենական մեծ պատերազմը, Հունան Ավետիսյանը շատերի նման մեկնում է ռազմաճակատ: Նրա չորս եղբայրները՝ նույնպես: Հինգ եղբայրներով մարտնչում են հանուն հայրենիքի:

1942թ. օգոստոսին 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի կազմում Հունան Ավետիսյանը մեկնում է Հյուսիսային Կովկասի ռազմաճակատ: Աչքի ընկնելով Կովկասի հերոսական պաշտպանության մարտերում՝ նա անձնական արիության ու խիզախության օրինակ ցուցաբերեց, երբ ռազմաճակատը 1943թ. հունվարի սկզբին անցավ ընդհանուր հարձակման: Դասակի հրամանատարի տեղակալ, ավագ սերժանտ Հունանն իր օրինակով ոգեշնչում էր մարտիկներին՝ դառնալով նրանց սիրելին:

89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի 390-րդ գնդի կազմում մասնակցում է Մալգոբեկ քաղաքի ազատագրմանը, այնուհետև մարտերով անցնում է 800 կիլոմետր ճանապարհ՝ հասնելով մինչև Ազովի ափ: 1943թ. սեպտեմբերին սկսվում են հարձակողական նոր մարտեր՝ Նովոռոսիյսկ քաղաքը և Թամանյան թերակղզին ազատագրելու համար:

Սեպտեմբերի 16-ին, վաղ առավոտյան, ամբողջ ճակատում սկսվում է հուժկու օդային ռմբակոծությունը, ահեղ որոտում են հեռահար հրանոթները, թնդում են ականանետները, ճարճատում գնդացիրները։ Վճռորոշ մի պահի զինվորները նետվում են մարտի՝ «հուռա» գոչելով: Դեպի Նովոռոսիյսկ տանող ճանապարհին Դոլգայա լեռան վրա ամրացած ֆաշիստները անդադար գնդացրային կրակ են տեղում:

Հունան Ավետիսյանին նախապես հանձնարարվել էր իր մարտիկներով ոչնչացնել բարձունքի վրա գտնվող թշնամու կրակակետը: Հակառակորդի հաստոցավոր գնդացրի տեղատարափ կրակի տակ Հունանն իր մարտիկներին գրոհի է առաջնորդում դեպի Դոլգայա լեռան բարձունքը: Հունանն ինքն է առաջինը հասնում հանձնարարված վայր և սողալով մոտենում թշնամու կրակակետին:

Դզոտի գնդացիրը շարունակ մահաբեր կրակ էր մաղում: Ջոկի գրոհող մարտիկները, մեծ դժվարությամբ հաղթահարելով բարձունքը և արհամարհելով մահը, հետևում են իրենց հրամանատարին: Հունանը և Սարգիս Սահակյանը, նռնակներ նետելով, ոչնչացնում են թշնամու անձնակազմը: Մարտում զոհվում է Սարգիս Սահակյանը, այդ պահին գնդացրային կրակ է սփռում մյուս դզոտը: Հունանը չի շփոթվում: Ջոկին հրամայելով շրջանցել երկրորդ քողարկված կրակակետը՝ ինքը մոտենում է առջևից: Գնդացրային գնդակից ծանր վիրավորվում է: Արյունաքամ Հունանը մի կերպ ձգվում է դեպի հրակնատը: Ինչպե՞ս լռեցնել գնդացիրը: Տեսնում է իր ջոկի մարտիկներ Վասիլ Սաքանյանի և Զավեն Գևորգյանի անշնչացած մարմինները: Հունանը վերջին ուժերը հավաքելով՝ զայրույթով նետվում է առաջ և կրծքով փակում հրակնատի խոռոչը` լռեցնելով թշնամու մահ սփռող գնդացիրը…

♦♦♦

Հունան Ավետիսյանը մեր հայրենիքի ազատության ու անկախության համար մղված մարտերում ցուցաբերեց անօրինակ, հերոսական ինքնազոհություն, դյուցազնական խիզախություն՝ մարտական նոր սխրանքների կոչելով ռազմիկներին: Հունան Ավետիսյանի սխրանքը անսպասելի չէր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան: Հայրենիքն անսահմանորեն սիրող երիտասարդն ինքն իրեն վաղուց էր նախապատրաստել հերոսական սխրանքի:

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944թ. մայիսի 16-ի հրամանագրով Հունան Ավետիսյանին հետմահու շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում:

1949թ. ապրիլի 22-ին ԽԱՀՄ զինված ուժերի նախարարի հրամանով Հունան Ավետիսյանի անունը առհավետ գրանցվում է վաշտի ցուցակում:

Հունանի հիշատակին հուշարձաններ են կանգնեցվել Վերխնի Բականսկում, Կապան քաղաքում, Երևանում, Արմավիրում, հայրենի Ծավ գյուղում: Հունանի անունով են կոչվել դպրոցներ, փողոցներ: Գրվել են գրքեր: Նրա անունը ոսկե տառերով գրանցվել է հայ ժողովրդի պատմության փառավոր էջերում։ Այսօր էլ նա իր հարազատ ժողովրդի հետ քայլում է դեպի հավերժություն:

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ