Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԸ»՝ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԸ»՝ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, ուղենիշ ունենալով «Հայոց պետականություն, Ազգային բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, սկսել է Հայաստանի Հանրապետության Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարք, որոնք նախատեսվում է անցկացնել ՀՀ ԶՈՒ բոլոր բանակային զորամիավորումների զորամասերում, մարզկենտրոններում եւ գյուղական մեծ համայնքներում:
Միջոցառումները մեկնարկեցին 5-րդ բանակային կորպուսից, որտեղ հավաքվել էին «Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպության 56 գրասենյակներից ժամանած 1100 անդամներ` մասնակցելու ռազմահայրենասիրական խոշոր ծրագրին` ծանոթացում զինվորի առօրյային, զինտեխնիկային, կրակային պատրաստության պարապմունք: Միջոցառման ընթացքում հնչեցին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ելույթներ, հանձնվեցին հուշամեդալներ եւ թանկարժեք նվերներ: Զորամասում տեղի ունեցավ նաեւ տոնական շքերթ, որին մասնակցում էր «Հայոց Արծիվների» գունդը` 1100 անդամով, ինչից հետո «արծիվները» մեկնեցին զորավարժարան՝ կրակելու: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, որ «Հայոց Արծիվների» առաջնորդն է, իր ելույթում կարեւորեց նման ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացումը:
Ըստ նրա՝ «Հայոց Արծիվների» գործունեության 1-ին՝ կայացման փուլը կարելի է համարել ավարտված: Հաջորդը զարգացման, հզորացման փուլն է, որի ընթացքում հիմնվելու են նոր մասնաճյուղեր, կազմակերպվելու են հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, ստեղծվելու է կազմակերպության 3000 ակտիվ անդամով համալրված օպերատիվ խումբ կամ «Հայոց Արծիվներ» գունդ եւ այլն:
«Հայոց Արծիվների»՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված հայրենասիրական միջոցառումների շարքը իրականացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: