Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԳԻՇԵՐԸ



«Մոտոհրաձգային (հրաձգային) դասակը պաշտպանությունում» թեմայով մարտավարաշարային պարապմունքի նպատակն է սովորեցնել ջոկերի հրամանատարներին պաշտպանություն կազմակերպելը, դիտարկում իրականացնելը, ջոկի գործողությունները գիշերով ղեկավարելը, ինչպես նաև զարգացնել զինվորների գործնական ունակությունները գիշերային դիտարկման սարքերի միջոցով հակառակորդին հետևելիս և հարկ եղած դեպքում նրան կրակային միջոցներով ոչնչացնել։

Այժմ քննարկենք մարտավարաշարային պարապմունքի կազմակերպման և անցկացման պայմանները։

ՊԱՐԱՊՄՈՒՆՔԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ.

Մոտոհրաձգային (հրաձգային) դասակի հրամանատարը պարզաբանում է մարտավարաշարային պարապմունքի թեման, բացում է նրա բովանդակությունը, այլ կերպ ասած՝ նախորոշում է, թե ինչպիսի մարտավարական հնարքներ և գործողություններ, երբ և ինչպիսի իրավիճակում պետք է իրականացվեն։

Պարապմունքի նախապատրաստման ժամանակ դասակի հրամանատարը պարտավոր է ուսումնասիրել և խորապես հասկանալ մարտական կանոնադրությունների, հրահանգների դրույթները, ծանոթանալ մեթոդական ուղեցույցներին, ուսումնասիրել թեմատիկ այլ գրականություն։

Մեկ պարապմունքի ընթացքում սովորաբար մշակվում են երկու-երեք ուսումնական հարցեր։ Գիշերով կազմակերպվող պարապմունքի համար ընտրվում են այնպիսի հարցեր, որոնք հնարավորություն են տալիս ուսուցանելու անձնակազմին մթության մեջ կողմնորոշվել տեղանքի առարկաներով, խոցել հակառակորդի կրակային միջոցները՝ կրակն ուղղելով նրանցից եկող փայլատակումների վրա։

Պարապմունքների ժամանակ հրամանատարները պետք է սովորեն վստահորեն ղեկավարել իրենց ջոկերը մթության մեջ և ապահովեն անընդհատ փոխհամագործակցություն։

Ուսումնական խնդիրների լուծման համար կարևոր նշանակություն ունի պարապմունքի համար տեղանքի ընտրությունը՝ հաշվի առնելով ռելիեֆի առանձնահատկությունները, քանի որ պաշտպանությունում ուսուցանվող գործողությունների համար տեղանքը պետք է ապահովի ստորաբաժանման և նրա կրակային միջոցների քողարկված տեղաբաշխումը։

Տեղազննում կազմակերպելիս դասակի հրամանատարը որոշում է յուրաքանչյուր ուսումնական հարցի մշակման հաջորդականությունը, մարտավարական իրադրությունը, հակառակորդի նմանակման կարգը և ձևերը։

Մարտավարաշարային պարապմունքի նախապատրաստման հաջորդ փուլը մարտավարաշարային պարապմունքի անցկացման պլանն է, որում նշվում են թեման, ուսումնական նպատակները, պարապմունքի անցկացման համար հատկացված ժամանակը, անցկացման տեղը, նյութական ապահովումը, ղեկավարումը, գործողությունները և պարապմունքի ընթացքը։

Մարտավարաշարային պարապմունքի գրաֆիկական պլանում ցույց է տրվում դասակի գործողությունների հաջորդականությունը, ուսումնական հարցերի մշակման ժամանակը, բացի դրանից, նշվում են այն հարցերը, որոնք պետք է մշակվեն պարապմունքի վայր շարժվելիս և դասակի մշտական տեղակայման վայր վերադառնալիս։ Մարտավարաշարային պարապմունքի անցկացման պլանը հաստատում է վաշտի հրամանատարը՝ պարապմունքն անցկացնելուց երկու-երեք օր առաջ։

Պարապմունքի պլանը մշակելուց հետո դասակի հրամանատարը ցուցումներ է տալիս սպառազինությունը և մարտական տեխնիկան նախապատրաստելու և նյութական ապահովման հարցերը լուծելու վերաբերյալ։ Անձամբ ստուգում է գիշերային տեսանելիության սարքերի, տեղանքի լուսավորման միջոցների առկայությունը, սարքին լինելը, միաժամանակ կազմակերպում է ջոկերի հրամանատարների և զինվորների նախապատրաստումը առաջիկա պարապմունքին։

Ինքնապատրաստության ժամանակ անձնակազմը ուսումնասիրում է կանոնադրությունների և հրահանգների դրույթները, մարտական պատրաստության համապատասխան նորմացույցները, ղեկավարման ազդանշանները, ինչպես նաև հավանական հակառակորդի տվյալները։ Մանրամասնորեն ուսումնասիրվում են անվտանգության կանոնները։

ՊԱՐԱՊՄՈՒՆՔԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ.

Մարտավարաշարային պարապմունքի դուրս գալուց առաջ դասակի հրամանատարը ստուգում է անձնակազմի առկայությունը. հանդերձավորումը, զենքը, նյութատեխնիկական ապահովումը, վերջիններիս անվտանգության կանոնների իմացությունը։

Դեպի ելման դիրք և պարապմունքից վերադառնալու տեղաշարժի ժամանակն օգտագործվում է նախկինում ուսուցանած խնդիրների (հարցերի) ամրապնդման կամ առանձին մարտավարական գործողությունների հնարքների մշակման համար, որոնք կապված են երթի (տեղաշարժի) ժամանակ ղեկավարման, տարբեր դասավորումների ազդանշաններով գործելու, ինչու չէ նաև հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ իրականացվող գործողությունների հակազդմանը։

Ջոկի հրամանատարները անցկացնում են պարապմունքները հետևյալ հերթականությամբ։ Անձնակազմին հայտարարում են առաջին ուսումնական հարցը և ըստ տարրերի դրա կատարման կարգը, անձնակազմին ներկայացնում են մարտավարական իրավիճակը, ցույց տալիս և բացատրում են ջոկի գործողությունները, ապա անցնում են նրանց հետ առաջին հարցի կատարմանը՝ սկզբում դանդաղ, ապա նորմացույցների պահանջներին համապատասխան ժամկետներում։ Առաջին հարցի ճիշտ կատարումից հետո ջոկի հրամանատարն անցնում է հաջորդ հարցին։ Այստեղ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հնարքների ճիշտ կատարմանը։

Զինվորների կողմից առաջին ուսումնական հարցն ըստ բաղադրիչների ճիշտ կատարելուց հետո ջոկի հրամանատարը հրամայում է այն իրականացնել ամբողջությամբ, ապա ջոկը հայտարարում է երկրորդ ուսումնական հարցը։ Նույնպես ներկայացնում է երկրորդ ուսումնական հարցի կատարման ժամանակին համապատասխան մարտավարական իրավիճակը, պարզաբանում է ջոկի գործողությունները և դրանց կատարման հերթականությունն ըստ բաղադրիչների։ Այդ ժամանակ դասակի հրամանատարը պարբերաբար վերահսկում է պարապմունքների ընթացքը՝ անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց տալով ջոկերի հրամանատարներին։ Առանձին դեպքերում դասակի հրամանատարը կարող է հավաքել դասակը և ցույց տալ, թե ինչպես է անհրաժեշտ կատարել առավել բարդ ուսումնական խնդիրները կամ տարրերը։ Պարապմունքի ընթացքում դասակի հրամանատարը հատուկ ուշադրություն է դարձնում անձնակազմի գիշերային պայմաններում տեղանքի լուսավորման միջոցներից օգտվելու, տեղանքում ճիշտ կողմնորոշվելու, գիշերային հրաձգությանը զենքը նախապատրաստելու, գիշերային նշանառության սարքերը ճիշտ և նպատակային գործածելու և այլ հարցերի։

Հասնելով անձնակազմի կողմից գործողությունների ճիշտ կատարմանը և բոլոր ուսումնական հարցերի մշակմանը՝ պարապմունքի ղեկավարը անցկացնում է պարապմունքի վերլուծություն, որն էլ պետք է լինի արդար, սկզբունքային և ուսուցողական։

Պատրաստեց Ա. ՊԱՀԼԱՎՈՒՆԻՆ
գնդապետ

Խորագիր՝ #28 (1046) 24.07.2014 – 30.07.2014, Ազգային բանակ


24/07/2014