Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼ
ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼ

Բանակ-հասարակություն, ծնող-հրամանատար հարաբերությունները ամրապնդելու և համագործակցությունը խորացնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և Արմավիրի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ հուլիսի 11-ին 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերում ծառայություն անցնող 70 արմավիրցիներ հնարավորություն ունեցան հանդիպելու իրենց ծնողներին:

Ենթակա զորամասերում ծառայող Արմավիրի մարզից զորակոչված 70 զինվորների և նրանց հարազատների հանդիպումը տեղի ունեցավ Արմավիր քաղաքի մշակույթի տանը: Մարզպետարանը, զորամասերի հրամանատարությունը և ՏԶԿ-ները նախաձեռնության մասին զինծառայողների հարազատներին տեղյալ չէին պահել` հաճելի անակնկալ մատուցելու նպատակով: Հրամանատարությունը զինծառայողներին նաև 5-օրյա հանգիստ տրամադրեց:

Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, 3-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանը, Արմավիրի կայազորի ղեկավար, գնդապետ Գ. Ենոքյանը, ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան սպաներ, պետական այրեր:

Ողջույնի խոսքում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շեշտեց, որ իր համար մեծ հպարտություն է այսպիսի միջոցառմանը ներկա գտնվելը:

-Սիրելի՛ զինվորներ, դուք այսօր ծառայում եք հանրապետության այն հատվածում, որտեղ լարվածությունը միշտ առկա է, բայց դուք փառքով եք կատարում ձեր ծառայությունը: Իսկ այն գիտելիքներն ու փորձը, որ ձեռք եք բերում բանակային երկու տարիների ընթացքում՝ համոզված եմ, որ վերադառնալով ձեր ընտանիքներ, լավագույնս կծառայեցնեք ձեր հետագա կյանքն ավելի ճիշտ կազմակերպելուն,- ասաց Ա.Ղահրամանյանը` զինվորների ծնողներին մաղթելով համբերություն: Մարզպետը շնորհակալություն հայտնեց գնդապետ Օնիկ Գասպարյանին՝ զինծառայողների հանդեպ ցուցաբերած ուշադրության և ծառայության համար ստեղծված բարենպաստ պայմանների համար:

Գնդապետ Օնիկ Գասպարյանն իր հերթին վստահեցրեց, որ շփման գծում պարբերաբար իրականացվող սադրանքների պայմաններում զորամիավորման սպաներն ու զինվորները հաջողությամբ են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրները:

-Դա ամենօրյա քրտնաջան, վտանգավոր, բայց ծայրահեղ անհրաժեշտ աշխատանք է, որը անտրտունջ կատարում են 18-22 տարեկան երիտասարդները, հաճախ նույնիսկ չպատկերացնելով, թե ինչպիսի հերոսական գործ են անում՝ համարելով ընդամենը սովորական պարտկանությունների կատարում, -ասաց զորամիավորման հրամանատարը:

Օնիկ Գասպարյանը երախտիքի խոսքով դիմեց նաև զինծառայողների ծնողներին.

– Ուրախ ու հպարտ եմ, որ հայ ազգն ունի արժանի զավակներ, որոնց դուք եք դաստիարակել ու ճանապարհել հայոց բանակ` պաշտպանելու մեր ազատ, անկախ հայրենիքի սահմանները: Սիրելի՛ ծնողներ, համբերատար եղեք ու հավատով լեցուն, մենք էլ մեր հերթին կանենք հնարավորն ու անհնարինը, որպեսզի ձեր զավակները ծառայեն խաղաղ երկնքի տակ: Աստված տա, որ ամեն զինվոր պատվով կատարի իր պարտքը և փառքով տուն վերադառնա:

3-րդ զորամիավորման հրամանատարի կողմից զինծառայողների հարազատներին հանձնվեցին շնորհակալագրեր: Շնորհակալության և երախտիքի խոսքեր հնչեցին նաև զինծառայողների և նրանց ծնողների կողմից։

-Նման միջոցառումները մեզ` ծնողներիս համար իսկապես էլ մեծ անակնկալ են, ինչի համար շնորհակալ ենք մարզպետարանից և հրամանատարությունից: Այս կերպ, իրոք, մեծանում է զինված ուժերի հանդեպ մեր վստահությունը,- ասաց զինծառայողի մայր տիկին Անահիտը:

Զինծառայողների հարազատները հույս հայտնեցին, որ նման նախաձեռնությունները կլինեն շարունակական և ծնողների հետ հանդիպման հնարավորություն կունենան մարզից զորակոչված նաև մյուս զինծառայողները: Նրանք գոհունակությամբ նշեցին, որ բարձր են գնահատում հրամանատարության ջանքերը ծնող-հրամանատար կապն ավելի ամրապնդելու գործում:

-Շնորհիվ վերջին բարեփոխումների` բանակը դարձել է առավել թափանցիկ, ծառայությունը` ավելի անվտանգ: Ցանկալի կլիներ, որ այդ ուղեգիծը շարունակվեր,- մաղթեց զինծառայողի հայր Հ.Հարությունյանը:

Նշենք, որ մայիսին նման նախաձեռնությամբ հանդես եկավ նաև ԼՂՀ պաշտպանության նախարարությունը: Իրենց հարազատների հետ հանդիպելու հնարավորություն տրվեց բանակ զորակոչված և իրենց ծառայությունը լավագույնս իրականացնող թվով 84 զինծառայողի:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ