Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԼԵՌՆԵՐԻ ԱՐԾԻՎԸ
ԼԵՌՆԵՐԻ ԱՐԾԻՎԸ

Հետմահու լույս է տեսել գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանի «ԲԱԴԱՀՇԱՆԻ ԼԵՌՆԵՐՈՒՄ» գիրքը: Հուլիսի 9-ին «Golden palas» հյուրանոցում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը:

Այս հրապարակման վերնագիրը նույն հաջողությամբ կարող էր լինել ռազմական լեգենդը, ճշմարիտ հայրենասերը, քաջության ու նվիրումի խորհրդանիշը… Որովհետև այս և նման բազմաթիվ խոսքեր հնչեցին գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանի հասցեին նրա «Բադահշանի լեռներում» (В горах Бадахшана) գրքի շնորհանդեսի ժամանակ։

Դեռևս «Golden palas» հյուրանոցի մուտքի մոտ մի տիրական հուզում էր համակել բոլորին։ Հայաստանի անկախ Հանրապետության առաջին զինվորական կոմիսար Արտուշ Հարությունյանի ընկերները՝ գեներալական համազգեստով, նրա զինակիցները, մարտական ընկերները գնում էին դեպի հանդիսության սրահը, իսկ նրանց դիմավորում էր ոչ թե Արտուշ Հարությունյանը՝ իր ջերմ ժպիտով, հաղթ հասակով ու բամբ ձայնով, այլ նրա որդին՝ Արմեն Հարությունյանը։ Նա նույնպես հուզված էր։ Գուցե հորինում եմ, գուցե բնավ էլ այդպես չէր, բայց ինձ թվաց, թե նրա աչքերը գեներալական համազգեստով, հայրենիքի, ժողովրդի ու բանակի պարծանք զինվորականների մեջ իր հորն էին որոնում։ Արտուշ Հարությունյանը իր ողջ շուքով, մեդալներով գեներալական համազգեստի կուրծքը զարդարած, արդեն հավերժությանն ուղղված հայացքով նայում էր էկրանից, ու ահռելի մոնիտորը այնքան հեշտորեն էր թերթում այն տառապալից, հերոսական ու պատվարժան ուղին, որ անցել է Արտուշ Հարությունյանն իր զինվորական կենսագրության ընթացքում։

Մենք եկել ենք ոգեկոչելու հերոսության, նվիրումի, ազնվության, վեհության դասերը, մենք եկել ենք հիշելու, ոչ թե հարգանքի տուրք մատուցելու համար (չեմ սիրում այս արտահայտությունը), այլ ինքներս մեզ արժևորելու մեծ մարդու ժամանակակիցը լինելու իրողությամբ, հավատալու, որ նրա նմանները եզակի չեն… որ ազգային բանակի գեներալական կամ զինվորական համազգեստի տակ էլի կարող ենք գտնել նման համեստ ու արծվենի սիրտ, որ տրոփում է սեփական հայրենիքի ու ժողովրդի սիրով։ Որ հայոց լեռներում հիմա էլ արծիվներ են ճախրում, ու պիտի բարձրանալ (գոնե մի քիչ) նրանց ճախրանքը նկատելու համար։ Եվ մենք եկել էինք բարձրանալու…

…Ամբիոնի մոտ Արտուշ Հարությունյանի ավագ որդին է (հիշում եմ, մի զրույցի ժամանակ Արտուշ Հարությունյանն ասաց, որ Արմենն իր ամենալավ ընկերն է ու ամենահավատարիմ համախոհը)։ Արմեն Հարությունյանը պատմում է գրքի մասին։ Ասում է, որ այստեղ, այս ամբիոնի մոտ պիտի Արտուշ Հարությունյանը կանգնած լիներ, բայց կյանքը այլ ճակատագիր էր կանխորոշել։ Ու ինքը տպագրության է հանձնել հոր գիրքը, որը ամփոփում է Աֆղանական պատերազմի ժամանակ Արտուշ Հարությունյանի ռազմական-հրամանատարական գործունեությունը։ Հետո Արմենը էկրանին ցույց է տալիս ինչ-որ տարբեր լեռներ, աֆղանական տեղանուններ է նշում, ասում է, որ այս լեռնաշղթան, որ գնդի հրամանատար Արտուշ Հարությունյանը հաղթահարեց առանց զոհերի, նախկինում երբեք չէր հաղթահարվել։ Մեջբերում է այն հեղինակավոր ռազմական գործիչներին, որոնք Օշից մինչև Ֆայդաբադ երթը բնութագրել են որպես անօրինակ քաջություն, ու մինչ օրս բազմաթիվ ռազմական բուհերում ուսանողները՝ որպես մարտավարության դաս, ուսումնասիրում են այդ ռազմական գործողության մանրամասները…

Ես չեմ մտապահում այդ տեղանունները, ու պետք էլ չէ, ես մտածում… ես փորձում եմ հասկանալ, թե ինչու մենք չենք հերոսացնում մեր ճշմարիտ հերոսներին։ Ինչու կենդանության օրոք չենք փառավորում նրանց՝ վաստակին ու սխրանքին արժանի փառքով։ Գուցե պատճառն այն է, որ մեր ազգի արգանդը շռայլորեն քաջեր է ծնում… Այդ դեպքում՝ ո՞վ է մեղավոր, որ քաջերի զարմից սերված սերունդը (սերնդի մի մասը) հերոսական արժեքները չի կրում այսօր, ու նյութա-քաղքենիական ձգտումները մեզ գամել են հողին ու կաշկանդել են մեր թռիչքը։

…Հետո խոսում են Արտուշ Հարությունյանի ընկերներն ու զինակիցները՝ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, Աֆղանական պատերազմի մասնակիցների միության նախագահ Արմեն Մխիթարյանը, պահեստազորի գնդապետներ Գևորգյանը, Բախշյանը, ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը։ Ես շատ եմ ցավում, որ սրահը փոքր է։ Ես կուզենայի, որ սրահում լիներ ամբողջ հայ ժողովուրդը, գոնե հայ երիտասարդությունը և լսեր… Հասկանար, որ հավերժությունից պոկված ակնթարթը, որ մենք անվանում ենք կենսագրություն, կարող է վերածվել հավերժության, եթե արժանավայել ես ապրել տարիներդ։

«Երբ թողնում էինք Շահումյանը, Արտուշ Հարությունյանը հեկեկում էր, նա շրջվել էր, բայց ես տեսնում էի, թե ինչպես էին ցնցվում նրա ուսերը։ Հետո հանեց իր կոստյումը ու հագցրեց մի կիսամերկ կնոջ, մենք հետևեցինք նրա օրինակին»,- պատմում է գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, իսկ Արտուշ Հարությունյանի կինը՝ տիկին Արմիդան, փսփսում է ականջիս. «Գիտե՛ք, նա ոչ ոքի ու ոչինչ այնպես չէր սիրում, ինչպես հայրենիքը։ Նա իրեն անմնացորդ նվիրաբերեց իր երկրին։ Ես երջանիկ եմ, որ նրա հերոսական ճանապարհի ուղեկիցն եմ եղել։ Ու միայն ես գիտեմ, թե որքան փխրուն ու սիրող սիրտ ուներ Արտյուշան»… Հանկարծ իմ մեջ ցանկություն է առաջանում բարձրանալ ամբիոն ու պատմել, թե գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանը որքան էր սիրում իր մորը։ Ու ասել, որ ծնողասիրությունն ինձ համար մարդուն բնութագրող առաջին հատկանիշն է։ Հանկարծ այդ պատկերը կանգնում է աչքիս առաջ. հանրապետության զինվորական կոմիսարը, խիստ ու անզիջում մարդու համբավով գեներալը, որին առաջին անգամ էի հանդիպում, Աֆղանական ու Արցախյան պատերազմներում թրծված զորականը իր կենսագրությունը պատմելիս երկու ձեռքով ծածկեց դեմքն ու սկսեց արտասվել՝ շատ եմ կարոտում մորս, աշխարհում ամենից շատ Հեղինե մորս եմ սիրել…

…Ես այդպես էլ ամբիոն չեմ բարձրանում։ Ամբիոնում գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանն է։ Նրա դեմքին դառը ժպիտ կա. «Երկու անգամ Արտուշ Հարությունյանին ներկայացրել են Խորհրդային Միության հերոսի կոչման, բայց, չգիտես ինչու, չեն հաստատել։ Նրան պարգևատրել են Լենինի շքանշանով ու բազմաթիվ բարձրագույն պետական պարգևներով։ Ես չեմ լսում, թե ուրիշ էլ ինչ պետական պարգևներ է տվել իմ ազգի գեներալին Խորհրդային Միությունը։ Ես սրահում նստած որսում եմ ամբիոնից հնչող բառերը և իմ խառնիճաղանջ ձեռագրով շարում եմ թղթին, որ հետո դրանցից ամենադիպուկն ընտրեմ ու վերնագրեմ այս հոդվածը։ Անբասիր հոգին, համեստ հերոսը, գթասիրտ և ուժեղ հայը…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ