Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐ ԵՂԲՈՐՍ…



Ողջու՛յն, Էդմո՛ն, ողջու՛յն, իմ սիրելի՛ եղբայր: Ինչպե՞ս ես, ինչպե՞ս է անցնում ծառայությունդ: Կարոտել եմ քեզ շա՜տ-շա՜տ: Գիտեմ՝ հաշված օրեր են մնացել ծառայությանդ, և ես էլ քեզ նման հաշվում եմ՝ 100, 99, 98…

Ինչպես քեզ բանակ ճանապարհելու օրը, այնպես էլ այն օրերին, երբ զորամաս էինք այցելում քեզ տեսակցելու, դու միշտ նույն ժպտերես, նույն կենսուրախ մարդն էիր: Քո այդ դրական լիցքերով դու կարողանում էիր վանել այն տխրությունն ու թախիծը, որ այդ պահերին պարուրում էր ինձ: Հիշում եմ, երբ միասին գնում էինք պատկերասրահ կամ թանգարան: Դու մեկնաբանում էիր անվանի նկարիչների այս կամ այն ստեղծագործությունը: Ես անընդհատ հարցեր էի քեզ տալիս… Երեկ, պատշգամբում նստած, թերթում էի ընտանեկան լուսանկարների ալբոմը. ես չգիտեի, որ այդքան շատ եմ քեզ սիրում ու այդքան շատ կարող եմ քեզ կարոտել…

Հասկանում եմ, որ դու քո պարտքն ես կատարում՝ ծառայելով հայրենիքին, պաշտպանելով հայրենի հողը, մեր երկրի սահմանները, ինձ, մեր ընտանիքը: Ես հպարտ եմ քեզնով, հպարտ եմ, որ ունեմ զինվոր եղբայր, ով բարձր է պահում հայ ռազմիկի պատիվն ու միշտ պատրաստ է հայրենիքի սահմանների պաշտպանությանը: Հպարտ եմ, որ զորամասի հրամանատարը մեր ընտանիքն արժանացրել է շնորհակալագրի՝ քեզ պես հայրենասեր որդի ու քաջարի ռազմիկ դաստիարակելու համար: Դու աչքի ես ընկել քո ազնվությամբ, կարգապահությամբ, կամքի ուժով, ինչը հրամանատարության ուշադրությունից չի վրիպել: Մենք հպարտանում ենք քեզնով, սիրելի՛ եղբայր:

Գիտեմ՝ հեշտ չէ ծառայել՝ հեռու լինելով ծնողներից, ընկերներից, հարազատ մարդկանցից, սակայն գիտակցում եմ, որ անհրաժեշտ է մի փոքր համբերություն, և դու կվերադառնաս հայրենի տուն ու կրկին շրջապատված կլինես մտերիմ, հարազատ մարդկանցով: Չէ՞ որ դու ինքդ ուժ էիր տալիս մեզ, որ չտխրենք, մեզ պինդ պահենք ու զինվենք համբերությամբ… Միայն, խնդրում եմ քեզ, թանկագի՛նս, մշտապես զգոն եղիր ու հետևիր առողջությանդ: Մենք բոլորս քեզ անսահման սիրում ենք, հոգով ու սրտով ամեն պահ քեզ հետ ենք: Համբուրում եմ և ամուր-ամուր գրկում…

Քո քույր՝ Նանե

Խորագիր՝ #26 (1044) 10.07.2014 – 16.07.2014, Բանակ և հասարակություն


10/07/2014