Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԵՍ ՔՈ ԿԵՆԴԱՆԻ ՍՈՒՐՆ ԵՄ, ՀԱՅՐԵՆԻՔ»
«ԵՍ ՔՈ ԿԵՆԴԱՆԻ ՍՈՒՐՆ ԵՄ, ՀԱՅՐԵՆԻՔ». թեմայով համաբանակային լավագույն շարադրություններից հատվածներ

«Այդ հաղթանակները մեզ ոգեղեն սնունդ են տվել, կոփել մեր ազգային ինքնագիտակցությունն ու պայքարելու կամքը, մղել սխրագործությունների, դարձրել մեկ միասնական բռունցք՝ պատրաստ ամեն վայրկյան մահվան դատավճիռ կայացնելու նրանց համար, ովքեր կփորձեն թեկուզ մեկ ակնթարթ խաթարել ազգի անդորրը, ոտնձգություն կատարել նրա նվիրական արժեքների նկատմամբ։
…Եվ եթե մորը կորցրած զավակը որբ է, ապա հայրենիքից հեռու մարդը նման է քամուց քշված տերևի, որ ամեն անգամ բնության քմահաճ վերաբերմունքով քշվում է մի վայրից մյուսը։
…Ու մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի մեկ պարզ ճշմարտություն. մենք ենք մեր հայրենիքի սրի ու վահանի կենդանի մարմնացումը, մենք ենք մեր երկրի այսօրվա պաշտպանը, մենք ենք գալիք սերունդների համար պայծառ ապագա կերտողը»։
շարքային Իխտիարյան Արթուր Գեորգիի

«Իմ անուշ հայրենիք, էությանս մեջ դու այնպես ամուր ես շաղախված ու հունցված, որ ձուլվել եմ քեզ։ Միշտ հավատացել եմ քո հաղթանակին։ Ու գոյությանդ խորհուրդը ոգևորել, զորեղացրել է ինձ։ Ես քո զինվորն եմ, քո խաղաղության կռողը, իսկ դու մեր հույսի, մեր կեցության պատվարն ես։ Դու կաս, քանի որ գալիս են որդիներդ, համալրում շարքերդ, ու շարունակվում է երթդ։ Նրանք երդվում են ու տեր են իրենց երդումին։ Ծփում ու ծածանվում է եռագույնդ, երկնքում արծիվներ են ճախրում։ Նրանց սլացքի մեջ եմ տեսնում մեր հեռավոր ու գալիք հաղթանակները։ Ինձ համար այլևս ահ չկա»։
սերժանտ Վարդան Արամի Պետրոսյան

«Ես հիմա ծառայում եմ տարածաշրջանի ամենահզոր բանակում՝ հայոց բանակում։ Եվ հպարտ եմ, որ հաղթանակած բանակի մի մասնիկն եմ, այն կենդանի սուրը, որը պատրաստ է ամեն վայրկյան խոցել հայրենիքի սահմաններին ոտնձգություն կատարած թշնամուն։
Մենք երբեք չպետք է մոռանանք հայ ժողովրդի նվիրյալ զավակներին՝ Մոնթե, Վազգեն Սարգսյան, Թաթուլ Կրպեյան, մեր հավերժ կենդանի սրերը, ում շնորհիվ է, որ մենք այսօր ունենք անկախ պետություն և հայոց բանակ։ Ուստի կոչ եմ անում բոլոր հայորդիներին գիտակցել հայոց բանակի դերը, բազմապատկել ազգային ներուժը և միշտ հիշել. մենք ենք մեր ազգի կենդանի սուրը»։
կրտսեր սերժանտ Գոռ Երվանդի Հովհաննիսյան

«Ծորում է հայ երգի մշտամորմոք մեղեդին։ Ու մեղեդուց կաթիլ առ կաթիլ հյուսվում է երգը՝ «Հայաստան, երկիր դրախտավայր»։ Ես սիրում եմ քեզ, իմ Հայաստան աշխարհ։ Սիրում եմ քեզ անմնացորդ սիրով, սիրահարվածի պես անհունորեն, զինվորի պես ամուր։
Ես քսանմեկ տարեկան եմ, սովորական մի հայ երիտասարդ, որն իր կենսագրության էջերն է գրում հայոց բանակի զինվորական մատյաններում։ Ամեն օր այս աշխարհին ու արևին է ուղղում իր մտքերը։ Սա է իմ՝ զինվորի նոր սկսվող, զարմանահրաշ աշխարհը։
…Այս երկիրը ստեղծվեց որպես Լույսի, Արարումի, Բարու երկիր։ Ու այս երկրում ծնվեց մեր օրերի Վահագնը՝ հայոց բանակը, որը դարձավ Ուժի, Արդարության և Հաղթանակի մարմնացում, դարձավ այս փոքրիկ աշխարհի մեծ հաղթանակների վահանը»։
սերժանտ Դավիթ Քոչարի Քոչարյան

«Հայրենիքը ես եմ, ընտանիքս, ազգս և այն տարածքը, ուր կհասցնի իմ զենքի փառքը։ Լինել հայրենիքի համար օգտակար և նրա առաջին պարիսպը՝ սա է մեր պատվի գործը։ Եթե չլինես հայրենիքիդ զինվորը, կլինես օտարի ստրուկը։ Ոչ մի ժամանակի և ոչ մի երկրի զինվոր չի կարող համեմատվել հայ զինվորի հետ իր հայրենասիրությամբ, որովհետև այն մեր արյան մեջ է»։
սերժանտ Վաչե Վալերիի Կարապետյան

«Այժմ ես ծառայում եմ Կարճաղբյուրի առանձին հրետանային դիվիզիոնում, ծառայում եմ պատվով և հպարտությամբ։ Հասկացել եմ մի պարզ ճշմարտություն. զինվորականի համար պատիվն ու հայրենիքը նույն բարձրության վրա են»։
կրտսեր սերժանտ Ղուկաս Էդիկի Սիմոնյան

«Այսօր իմ սերնդակիցներին է վիճակված լինելու անկոտրում Արցախի զինվորն ու տերը։ Եվ մենք քաջ գիտակցում ենք, թե ինչպիսի թանկ ժառանգություն ենք ստացել մեր հայրերից։ Պատմության դասերը մեզ սովորեցրել են մի պարզ բան. վստահել միայն սեփական ուժերին, երբեք չսպասել օտարների ողորմածությանը։ Մեր միասնությունը, հայրենիքին անմնացորդ նվիրվելը, հայկական բանակի անընդհատ հզորացումը կստիպեն աշխարհին ճանաչել Արցախի անկախությունը։ Ես հավատում եմ այդ բաղձալի օրվան։
Հայկյան ազնիվ արյունն է հոսում հայ զինվորի երակներում։ Ու գիշերվա լռության մեջ, ինքնաձիգը պինդ բռնած, մտորում է նա. «Ես սիրում եմ քեզ, հայրենիք։ Սիրում եմ քո ամեն մի քարը, թուփն ու խոտը։ Պաշտում եմ քեզ, հայրենի հող։ Կյանքս կտամ քո ազատության համար, կկռվեմ մինչև վերջին շունչս, քեզ երբեք չեմ թողնի բախտի քմահաճույքին»։
շարքային Արեն Արթուրի Սարգսյան

«Հայաստան, մի փոքրիկ կղզյակ քարաժայռերի մեջ կորսված, մի ափ հող և մի բուռ ջուր՝ լեռների ծերպերում ամբարված, աննշան՝ թեև քարտեզի վրա, բայց միշտ նշմարված դարերի վրա։
…Խոսքերն անզոր են նկարագրել այդ երկիրը։ Այն պետք է տեսնել սեփական աչքերով, այստեղ հարկավոր է ապրել»։
շարքային Վազգեն Վահանի Հախոյան

«Հայրենիքից կարոտդ առնելու համար պետք է երկու ոտքով ամուր կանգնած լինես այդ հողի վրա և նրան սիրես ոչ թե խոսքով, այլ՝ սրտով, հոգով, ողջ գիտակցությամբ։ Հայրենիքիս համար ինչ-որ առանձնահատուկ գործ չեմ արել, պարզապես ապրել եմ բարոյական նորմերին համապատասխան և այժմ ծառայում եմ նրան։ Ինչպես ինձ եմ սիրում, այնպես էլ սիրում եմ հայրենիքս։ Ես կամ ու կայուն կլինեմ միայն այս հողի վրա»։
շարքային Սերոբ Հուլյոսի Վարդանյան

«Այժմ մենք ունենք կայացած պետություն և կայացած բանակ, առանց որի պետություն գոյություն ունենալ չի կարող, քանզի բանակն է պետության անվտանգության երաշխիքը։ Մենք գիտակցում ենք, որ այդ հզոր կառույցի մի մասնիկն ենք և պարտավոր ենք ուժեղ լինել, ինչպես վայել է հային»։
սերժանտ Պետիկ Սևակի Կարապետյան