Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌՈՂՋ ԶԻՆՎՈՐ՝ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԲԱՆԱԿ



Եթե ասեմ, որ բանակի կարևորագույն զորամասերից մեկն էլ բուժծառայությունն է, բոլորովին չափազանցրած չեմ լինի։ Աշխարհի և ոչ մի բանակ, որքան էլ բազմամարդ լինի, չի կարող դիմանալ թշնամական հարձակումներին կամ անհրաժեշտ մարտական գործողություններ ծավալել՝ առանց կայացած բժշկական ծառայության։ Չէ՞ որ ինչպես զենք-զինամթերքը, այնպես էլ բանակի մարդուժը անսպառ լինել չեն կարող և անընդհատ համալրման կարիք են զգում։ Բանակը կենդանի օրգանիզմ է, և զինվորը, սպան, մյուսները կարող են հիվանդանալ, վիրավորվել, վթարի ենթարկվել, անկանխատեսելի դիպվածների հանդիպել։ Այս ամենը հաշվի առնելով ու աշխարհի բանակների փորձն ուսումնասիրելով, ինչու չէ, նաև հայոց զինուժի պատմությունը լավագույնս յուրացնելով՝ մեր բանակի կազմավորման առաջին իսկ օրերից լուրջ ուշադրություն դարձվեց բժշկական ծառայության ձևավորմանն ու կատարելագործմանը։

Հոսպիտալի պետի բուժ. գծով տեղակալ, փ/գ Արսեն Գրիգորյան

Ժողովրդական իմաստնությունն ասում է` լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել։ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի վարքուբարքին ներսից՝ որպես հիվանդ սպա, ծանոթացա 2008 թվականին և, նյարդաբանական բաժանմունքում անցկացնելով ընդամենը տասը օր, լիովին ապաքինված դուրս գրվեցի։ Լրագրողական հետաքրքրությունս հուշում-պարտադրում էր նորից այցելել հոսպիտալ, վերստին համոզվել ինչն-ինչոց է, միայն նյարդաբանական բաժանմո՞ւնքն է կայացած ու հիանալի բուժանձնակազմով համալրված, թե՞ մյուսներն էլ հետ չեն մնում ինձ ծանոթ բաժանմունքից։

Եվ ահա՝ առիթը։ Շուրջ կես ամիս աջ կրծքիս տակ ցավեր էի զգում։ Գործից քիչ թե շատ հասկացողները միաբերան պնդում էին, թե ոչ մի վտանգավոր բան չկա, ու անհանգստանալ պետք չէ։ Այնուամենայնիվ, անսալով կնոջս հորդորներին, քայլերս ուղղեցի ինձ ծանոթ հոսպիտալ։ Հոսպիտալում շատ բան էր փոխվել՝ ղեկավարությունից սկսած մինչև բուժանձնակազմ ու բուժսարքավորումներ։ Նույնն էին մնացել միայն կարգուկանոնը, մաքրությունը, օպերատիվությունն ու հոգատարությունը զինվորի, սպայի, քաղաքացիական անձանց նկատմամբ։

Ավագ բժիշկ-օրդինատոր, բ/ծ մայոր Սուրեն Հայրապետյան

Սկսվել է մեր բանակի հերթական՝ գարնանային զորակոչը։ Հասկանալի է, որ բավական թվով զինակոչիկներ, ծնված լինելով մեր երկրի համար դժվարին՝ իննսունական թվականներին, ձեռք են բերել տարաբնույթ հիվանդություններ ու բուժվում են այստեղ՝ օր առաջ համալրելու բանակի շարքերը։ Քիչ չեն նաև ծառայության ընթացքում հիվանդացածներն ու զինծառայողների ընտանիքների անդամները։ Հոսպիտալում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկա։

ՃՇԳՐԻՏ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ՝ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԲՈՒԺՈՒՄ

Մի քանի րոպեում ձևակերպելով հիվանդությանս փաստաթղթերը` ուղարկվում եմ կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիա՝ անալիզներ հանձնելու։ Լաբորատորիայի երկարամյա աշխատակցուհի Նունե Սարգսյանը մի քանի վայրկյանում, առանց ցավ պատճառելու, երակիցս արյուն է վերցնում ու, առողջություն մաղթելով, ուղարկում ախտորոշման բաժանմունք։ Բժիշկ-ռենտգենոլոգ, բուժծառայության կապիտան Ռուբեն Խաչատրյանը գերմանական «Սիմենս» մակնիշի նորագույն սարքով զննում է կրծքավանդակս, ինչ-որ նշումներ ու գրառումներ անում և ուղարկում է ախտորոշման բաժանմունքի ավագ բժիշկ-օրդինատոր, բ/ծ մայոր Սուրեն Հայրապետյանի մոտ՝ զննվելու։ Այստեղից էլ՝ հոսպիտալում ընդունված եզրաբանությամբ՝ «Թռիչքային» բաժանմունք՝ բժշկուհի, բ/ծ մայոր Անուշ Բալայանի մոտ։ Թե ուր և ինչո՞վ էի թռչելու, հետո էի հասկանալու։

Թերապևտ, բ/ծ կապիտան Անուշ Բալայան

Հետաքրքրությանս հագուրդ տալու նպատակով հայոց բանակին երկու որդի պարգևած տիկին Բալայանը պատմում է, որ բաժանմունքի «Թռիչքային» անվանումը մնացել է այստեղ ժամանակավորապես տեղավորված ռազմական օդաչուներին բուժելու, թռիչքների համար նրանց պիտանիությունը ստուգելու և թույլտվություն տալու գործառույթներից։ Իրականում սա ախտորոշման և փորձաքննությունների անցկացման բաժանմունք է։ Ժամանակավորապես, մինչև բաժանմունքի շենքի հիմնանորոգման ավարտը, այստեղ են իրականացվում նաև ռազմական օդաչուներին համակողմանի ստուգման ենթարկելու, բուժելու, թռիչքի թույլտվություն տալու գործողությունները։ Ինչ վերաբերում է հիշյալ բաժանմունքի նախկին մասնաշենքի հիմնանորոգմանը, ավելի քան երկու շաբաթ անցկացնելով հոսպիտալում, տեսա, թե ինչպես շինարարներն այստեղ աշխատում են վաղ առավոտից մինչ ուշ երեկո և պարտավորվել են նոյեմբերին հանձնել շահագործման։

ՈՉ ՄԻԱՅՆ ԴԵՂՈՐԱՅՔՈՎ, ԱՅԼԵՎ ԺՊԻՏՈՎ ՈՒ ԲԱՐԻ ԽՈՍՔՈՎ

Նրանք են ապահովում բուժման ընթացքն ու բաժանմունքի կարգուկանոնը։

«Թռիչքային» բաժանմունքի մասին տեղեկություններ տալուն զուգընթաց բժիշկ Բալայանը լսում էր թոքերս, ուսումնասիրում նախօրոք հանձնած անալիզներիս պատասխաններն ու նշանակումներ անում։ Քիչ անց ես արդեն բաժանմունքի բուժքույրերի «գրկում» եմ։ Այստեղ անխափան աշխատող գործարանային հարահոսի մոտ կանգնած աշխատողների նման յուրաքանչյուրը գիտե իր անելիքն ու ինձ կաթիլային, երակային, մկանային ներարկումներ է անում, դեղեր տալիս։ Ի դեպ, դեղերի մասին։ Երբ բուժող բժիշկը ավագ քույր Արևիկ Բարեկյանին ներկայացրեց նշանակումներիս թերթիկն ու հարցրեց, թե որ դեղերը կան, որոնք՝ ոչ, բուժքույրը ճիշտ զինվորական կեցվածքով պատասխանեց. «Մեզ մոտ «չկա» բառը գոյություն չունի։ Բոլոր դեղերն էլ ունենք, ընդ որում՝ եվրոպական արտադրության և աշխարհում լավագույնը ճանաչված»։

Առաջնակարգ սարքավորումներն օգնում են բժիշկներին արագ ախտորոշել հիվանդությունները։

Հետո ես այլ աղբյուրներից տեղեկացա, որ պաշտպանության նախարարությունը բարձր գնահատելով երկրի պաշտպանների ու նրանց ընտանիքների առողջությունը, ինքն է իր բուժհաստատությունների համար անհրաժեշտ դեղորայքը գնում, և որ պրոֆեսիոնալ, կատարողական կարգապահությամբ աչքի ընկնող բուժանձնակազմից ու ժամանակակից բժշկական սարքավորումների օգտագործումից բացի, հիվանդների արագ ապաքինումը արդյունք է նաև դեղամիջոցների ճիշտ ընտրության ու նշանակման, ինչպես նաեւ՝ բարձր որակի։

Բուժվելով հոսպիտալում՝ ես ուրախությամբ արձանագրեցի, որ անձնակազմի փորձառու մասնագետները, տարիների կուտակած փորձը նորերին փոխանցելով, իրենց արժանի փոխարինողներ են պատրաստում և նոր միայն գնում վաստակած հանգստի։ Ահա թե ինչու այստեղ կան թե՛ տարիների բեռն ուսած բժիշկներ ու բուժքույրեր և թե՛ նոր-նոր կյանքի ուղին բռնող երիտասարդներ։

Բուժքույր Նունե Սարգսյանը

Ավելի քան քառորդ դար հոսպիտալում աշխատող բուժքույր Ալլա Սարգսյանի կողքին արդեն երկրորդ տարին է, ինչ իր աշխատանքային կենսագրության առաջին էջերն է լրացնում Սաթենիկ Գասպարյանը։ Ավելորդ չէ ասել, որ հների ու նորերի նման արդյունավետ համագործակցությունը ևս հաջողության գրավականներից է՝ ի շահ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների։

Որպես վերջաբան ասեմ՝ հոսպիտալի ծառայողներից ոչ ոք տեղյակ չէր բուժմանը զուգընթաց իմ նյութեր հավաքելու եւ իրենց մասին գրելու մտադրության մասին։ Նրանք իրենց առօրյա գործն էին անում, ես՝ իմը։ Զրույցներս ու հարցուփորձս բուժվող զինվորների ու սպայական կազմի հետ ինձ հուշեցին գրելու այս հոդվածը, որը, ճիշտ է, իմ՝ հոսպիտալում անցկացրած մի քանի օրերի պատմությունը դուրս եկավ, սակայն լիովին արտացոլում է մեր երկրի լավագույն բուժհաստատություններից մեկի առօրյան։

ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Խորագիր՝ #26 (1044) 10.07.2014 – 16.07.2014, Ազգային բանակ


10/07/2014