Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ». ԽՆԴԻՐՆԵՐ, ՍՊԱՍՈՒՄՆԵՐ, ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ». ԽՆԴԻՐՆԵՐ, ՍՊԱՍՈՒՄՆԵՐ, ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սկիզբը նախորդ համարում

Իր վրա դրված գործառույթները լիարժեք իրականացնելու համար զինղեկին անհրաժեշտ է հարուստ ուսումնանյութական բազա: Շատ դպրոցներում այն բավականին թերի է: Վիճակը բարվոք է, թերևս, միայն ուսումնական զենքի մասով: Ընդ որում, վիճակը բարելավվում է շատ արագ: Օրինակ՝ 2000թ. զենքով ապահովվածությունը ողջ հանրապետությունում կազմել է 15 տոկոս, իսկ նախորդ տարի այդ ցուցանիշն արդեն 80 տոկոսից ավելի էր: Կան մարզեր, որտեղ բոլոր դպրոցներն ունեն ուսումնական զենքեր: Նշենք, որ դրանց բացակայությունը հիմնականում պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով: Ցանկացած դպրոցի համար ուսումնական զենքի ստացման առաջնահերթ պայմանը համապատասխան տարածքի առկայությունն է: Այն պետք է պահվի անվտանգության ազդանշանային համակարգով համալրված հատուկ սենյակում ճաղավանդակների ետևում: Անհրաժեշտ պահանջները բավարարելու դեպքում դպրոցից ստացված հայտը արագ ուսումնասիրվում է, և գործին ընթացք է տրվում: Ոստիկանությունը տվյալ հարցում հիմնական պատասխանատու է համարում դպրոցների տնօրեններին և զինղեկներին, որոնց անմիջական նախաձեռնությամբ էլ այդ սենյակները պետք է կահավորվեն: Հարկ է նշել նաև, որ ոստիկանության աշխատակիցների պնդմամբ` գործող չափանիշներին համապատասխանելու դեպքում դպրոցները 100 տոկոսով կարող են ապահովվել ուսումնական զենքով: Հավելենք, որ ամառային արձակուրդների ընթացքում զենքերը դպրոցի տնօրենի դիմումի հիման վրա հավաքվում և պահվում են ոստիկանական բաժանմունքների զինանոցներում` անցանկալի միջադեպերից խուսափելու համար:

Դպրոցին անհրաժեշտ են ոչ միայն ՆԶՊ առարկայի դասավանդման, այլև ընդհանուր ռազմահայրենասիրական դաստիարակության համար անհրաժեշտ ուսումնական նյութեր: Առաջին հերթին դա «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասագիրքն է: Որոշակի դժգոհություններ է առաջացնում այն փաստը, որ, հիմնական գիտելիքներից բացի, դասագիրքը աշակերտներին ծանրաբեռնում է ժամանակավրեպ և ոչ պիտանի նյութերով: Օրինակ՝ շատ զինղեկներ նշում են, որ, մինչև զորակոչվելը կամ ռազմական բուհ ընդունվելը, մարտավարության առանձնահատկությունների մասին թեման, ասելիքը պատանիներին պարզապես հարկավոր չէ և այլն: Հաշվի առնելով նմանատիպ դեպքերը՝ կրթության և գիտության նախարարությունում ձեռնամուխ են եղել դասագրքի փոփոխված տարբերակի հրատարակմանը: Աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու դեպքում առաջիկա ամիսներին դպրոցներն արդեն կստանան նոր դասագրքեր: Դասագրքերից պակաս կարևոր չեն ուսումնական պաստառները, ցուցադրական-տեղեկատվական նյութերը, որոնք հիմնականում տրամադրում է Կրթության ազգային ինստիտուտը: Սկզբնապես թվում է, թե այս հարցում ամեն ինչ կարգին է՝ դպրոցների պատերին ՀՀ ազգային հերոսների նկարներ են, մեր պատմության, մշակույթի, կրոնի, հիշարժան տարեթվերի մասին պատմող ուսուցողական նյութեր, ՆԶՊ դասասենյակներում առկա են ՀՀ զինված ուժերի կառուցվածքը, մարտական տեխնիկան և սպառազինությունը նկարագրող պաստառներ: Սակայն ուշադիր հետևելու դեպքում նկատում ենք, որ դրանց մի մասի արդյունավետության հետ կապված որոշակի խնդիրներ կան: Պետք է խոստովանել, որ սև-սպիտակ, փոքր չափսերի, աչքի համար ոչ այնքան տեսանելի վայրում փակցված պաստառները աշակերտները հաճախ աչքի չեն անցկացնում: Լավ կլիներ, որ բոլոր դպրոցներին տրամադրվեին միանման գունավոր մեծ պաստառներ՝ առանց հաշվի առնելու աշակերտների թիվը և դրանից բխող դպրոցի բյուջեի մեծությունը: Այնպիսի պաստառներ, որ միանգամից հնարավորություն տային ծանոթանալու ինքնաձիգի մեխանիզմի աշխատանքին, կրակի վարման տեղամասերին և այլն: Իսկ այսօր շատ դպրոցներում դեռ տասը-տասնհինգ տարի առաջ ստացած հին պաստառներ են…

Դասավանդման ընթացքում զինղեկները ցանկանում են լայնորեն կիրառել նաև տեսաֆիլմեր, պաշտոնական տեղեկատվություն: Այս առումով զարգացումը նույնպես լիարժեք չէ: Մի շարք դպրոցներում կան DVD-նվագարկիչներ, տեսապրոյեկտորներ: Դրանց մի մասը, ինչպես նաև զինված ուժերի, ազգային հերոսների և այլ թեմաներով տեսաֆիլմեր տրամադրել է պաշտպանության նախարարությունը, մի մասը գնվել է դպրոցների բյուջեի հաշվին: Պահանջների ամբողջական բավարարումից վիճակը դեռ հեռու է, քանի որ գործընթացը բավական ծախսատար է և ժամանակատար: Այս ուղղությունը երևի թե առավել մեծ ուշադրության կարիք ունի, քանի որ երեխաների տեսողական ընկալումն ավելի ուժեղ է:

Գրեթե բոլոր զինղեկները հատուկ ուշադրություն են հրավիրում այն փաստին, որ իրենց մեծապես կօգնի ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի՝ ՀՀ զինված ուժերի և սպառազինության համաշխարհային շուկայում տիրող զարգացումների շուրջ տրամադրած պաշտոնական տեղեկատվության կիրառումը: Այսօր էլ շատերն իրենց հետաքրքրող տեղեկությունները վերցնում են թերթից, սակայն ցանկանում են դասաժամերի ընթացքում լիարժեք օգտագործել դրանք: Համեմատության համար նշեմ, որ բոլոր դպրոցները բաժանորդագրվել են արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնաթերթին:

Բոլոր ցուցադրություններից, տեսողական և պատմողական ուսուցումից ավելի մեծ է գործնական պարապմունքների նշանակությունը: Աշակերտները սովորում են ուսումնական զենք քանդել-հավաքել, լիցքավորել, հակագազ հագնել, իրենց ձեռքում բռնում են ուսումնական նռնականետ, ական, այլ հմտություններ են ստանում: Եթե ՆԶՊ առարկան տվյալ դպրոցում անցկացվում է պատշաճ մակարդակով, արդեն զորամասում նախկին աշակերտն ավելի վստահ է զգում իրեն, արագ է հարմարվում զինծառայությանը: Պատանին զենքի, զինամթերքի հանդեպ վախի կամ վտանգի զգացողություն չի ունենում: Առավել ևս, որ դպրոցում զինղեկը կազմակերպում է ուսումնական հրաձգություն: Ճիշտ է, հիմնական դպրոցում աշակերտները կրակում են միայն օդամղիչ հրացաններով, միայն ավագ դպրոցի աշակերտներն են զորամասերի հրաձգարաններում մարտական զենքից կրակում: Բայց նույնիսկ օդամղիչ հրացանների դեպքում են խնդիրներ առաջանում: Նախևառաջ ոչ բոլոր դպրոցներն ունեն համապատասխան հրաձգարաններ: Օգտագործվում են հարմարեցված տարածքները: Օդամղիչ հրացանների համար էլ փամփուշտները կենտրոնացված կարգով չեն ստացվում: Զինղեկները ստիպված են իրենք գնել ուսումնական զինամթերքը, բնականաբար ձգտում են այն ձեռք բերել ավելի էժան գնով, ինչն էլ անհրաժեշտ որակ չի ապահովում: Դպրոցներից մեկում ինձ ցույց տվեցին բոլորովին նոր փետրավոր փամփուշտ, որը նույնիսկ թուղթը չէր ծակում-անցնում: Հրաձգության առումով վիճակն առավել քան բարվոք է այն դպրոցներում, որոնցում տեղադրված է ինքնաձիգից կրակի վարման ավտոմատ վարժասարք: Այն ապահովում է բնականին մոտ պատկեր, կրակի վարման պայմաններ՝ գործնականում լիարժեք նախապատրաստելով ապագա զինվորներին: Նշենք, որ հայրենական արտադրության նմանատիպ վարժասարքերով մարզվում են նաև զորամասերում, սակայն բոլոր դպրոցներն անխտիր նման վարժասարքերով ապահովել հնարավոր չէ, ոչ բոլորն ունեն անհրաժեշտ պայմաններ: Առայժմ մեկ այդպիսի վարժասարքը սպասարկում է համայնքի մի քանի դպրոցի:

Առանձին քննարկման թեմա է դպրոցների շարահրապարակներում և մարզադահլիճներում պարապմունքներ անցկացնելը։ Ուսումնական նռնակի նետում, ֆիզիկական, շարային պատրաստություն և այլն, գործողություններ են, որոնք պետք է իրականացվեն միայն համապատասխան բաց տարածքում, դասասենյակներից դուրս: Իսկ դպրոցներ կան, որ նույնիսկ տարրական պայմաններ չունեն: Օրինակ՝ Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցում շարահրապարակն ինքնին առկա է, սակայն այնպիսի անմխիթար վիճակում է, որ պարզապես զարմանում ես, թե ինչպես կարելի է այնտեղ դաս անել: Ասֆալտի ծածկույթն առնվազն 15-20 տարվա է, գծանշումների մասին խոսք անգամ չկա, ձգումները պտտաձողի փոխարեն աշակերտները կատարում են ֆուտբոլի դարպասի ավելի հաստ ձողի վրա և այլն: Դա էլ դեռ քիչ է, ամբողջ տարածքի ցանկապատը քանդված կամ վնասված է, իսկ մի հատվածում երեք-չորս մետր բարձրությունից ընկնելու վտանգ կա: Ավելին, նույնիսկ այս պայմաններում լիարժեք դաս զինղեկը չի կարողանում անցկացնել, որովհետև հենց դասի ժամանակ շարահրապարակով կարող են անցնել հարևան տների բնակիչները: Տարիներ առաջ, 90-ականների սկզբի համատարած ամենաթողության պայմաններում, բնակիչներն աստիճանաբար զավթել են դպրոցի տարածքի մի մասը, ապա նաև ավելի կարճ ճանապարհ բացել դեպի կենտրոնական փողոց: Այսպիսի պայմաններում որակյալ ուսուցում կազմակերպելու, բարձր արդյունքներ ցույց տալու մասին խոսել պարզապես չի կարելի…

Շարունակելի

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ