Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ՝ ՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ



Մարշալ Հ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի շտաբի պետ փոխգնդապետ Վահրամ Օհանյանը ծնվել է Հադրութում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտ։ 1987-89թթ. Վ. Օհանյանը ծառայել է խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը։ 1993-ի ապրիլ ամսից ծառայության է անցել պաշտպանության բանակում եւ մինչեւ հրադադարի հաստատումը, մասնակցել է զորամասի բոլոր մարտական գործողություններին։ Ծառայության ընթացքում զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ: Սովորել է Ռուսաստանի Դաշնության համազորային ակադեմիայում։
Փոխգնդապետ Վահրամ Օհանյանը պարգեւատրվել է «Դրաստամատ Կանայան» մեդալով։ Ամուսնացած է, ունի երկու տղա։
-Բանակում հրամանատարի եւ ենթակայի միջեւ պետք է լիակատար փոխադարձ վստահություն եւ հարգանք լինի։ Հարաբերությունները պետք է կառուցվեն եւ զարգանան ծառայության, առաջադրանքի անթերի կատարման գերակայության եւ արդարության ու ազնվության գիտակցության վրա, ինչը առաջնագծում՝ մարտական հերթապահության ժամանակ, ավելի է կարեւորվում։ Այստեղ ջոկի հրամանատարն իր գիտելիքներով, մարդկային հատկանիշներով, կարգապահությամբ, շարային ու ֆիզիկական պատրաստվածությամբ պետք է օրինակ ծառայի, ինչպես ասում են՝ մի գլուխ բարձր լինի իր ենթականերից, որպեսզի նրանք էլ ձգտեն հետ չմնալ նրանից։ Ջոկի հրամանատարը պետք է իրեն իրավիճակի լիարժեք տերը զգա, որ կարողանա անհետաձգելի որոշումներ ընդունել, մարտական խնդիր առաջադրել ու կատարել։ Եթե առաջնագծում ջոկը, դասակը ճշտորեն կատարեն իրենց հրամանատարի, զորամասի հրամանատարական կազմի հրահանգավորման պահանջները, եթե ջոկերի, դասակների հրամանատարները ստորաբաժանումների ներսում առաջացող խնդիրների մասին ժամանակին տեղեկացնեն ավելի բարձր հրամանատարական կազմերին, ապա առաջնագծում միջադեպերը եթե ամբողջությամբ չվերանան էլ, ապա անհամեմատ կնվազեն։ Ես կրտսեր հրամանատարի, ջոկի հրամանատարի պատրաստվածության աստիճանն այսքան կարեւորում եմ, որովհետեւ այսօրվա մեր կուրսանտն է վաղը, մյուս օրը հայտնվելու առաջնագծում, եւ նրա ղեկավարությամբ է իրականացվելու սահմանի մի զգալի հատվածի պահպանությունը։ Եվ եթե սերժանտն իր պարտականությունների կատարման գործում թերանա, ուրեմն այդ թերացման մեջ մենք էլ մեր մեղքի բաժինը ունենք, որովհետեւ կնշանակի՝ վատ ենք աշխատել… Իմ փորձով եմ համոզվել, թե ինչքան կարեւոր է ուսումնական զորամասում ծառայություն անցնող սպաների ճիշտ ընտրությունը։ Քաղաքացիական կյանքից ուսումնական զորամասում հայտնված տղաները բանակի, սպայի մասին կարծիք են կազմում ծառայության հենց առաջին շրջանում, առաջին ամիսներին։ Նրանք այստեղից են սպայի կերպարը տանում մարտական զորամասեր, առաջնագիծ։ Եվ այդ կերպարը որքան մաքուր, անբիծ ու անաղարտ լինի, այնքան ավելի նրանք կուզենան նմանվել նրան։
Ուսումնական զորամասի աշխատանքի որակը միայն արձանագրված թվերով, կուրսանտների ստացած գնահատականներով որոշելը, գնահատելը ճիշտ չէ։ Մենք չպետք է բավարարվենք ուսումնական ծրագրի պահանջները կատարելով միայն։ Մեր «շրջանավարտը», մեր զորամասի պատրաստած մասնագետներն ու կրտսեր հրամանատարները մարտական զորամասերում իրենց վստահված ռազմական տեխնիկայի, սահմանային իրենց պահպանությանը հանձնված հատվածի տերն ու պաշտպանը պիտի լինեն։ Նրանք իրենց պատրաստվածությամբ պետք է իսկական առաջնորդներ դառնան, արժանանան դասակների, վաշտերի հրամանատարների անվերապահ հարգանքին։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #13 (878) 6.04.2011 – 13.04.2011, Ազգային բանակ


14/04/2011