Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՆՎԱԶՈՒՄ Է
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՆՎԱԶՈՒՄ Է

Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ իրավունքները համատարած ոտնահարելու և Հայաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի, Հունաստանի, Իրանի, Իրաքի, Իսրայելի ու Սիրիայի նկատմամբ վարվող արտաքին քաղաքականության ասպարեզում թույլ տրված կոպիտ սխալների պատճառով Թուրքիան կորցրել է աջակցության զգալի մասը, որ երբեմն վայելում էր Միացյալ Նահանգներում և ընդհանրապես աշխարհում:

Հեղինակազրկման վերջին ապացույցը Ներկայացուցիչների պալատի հունիսի 26-ին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում թիվ 4347 բանաձևի (Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների հաշվետվության ակտ) ընդունումն էր: Բացի այդ, Էրդողանի և Թուրքիայում ու արտերկրում մեծ ազդեցություն վայելող թուրք կրոնական Ֆեթուլլահ Գյուլենի միջև գոյություն ունեցող հակամարտությունը, Անկարային զրկեց կարևոր աջակցությունից Միացյալ Նահանգներում: Գյուլենին հարող խմբերը մատը մատին չխփեցին փրկելու Էրդողանի կառավարությունը նվաստացուցիչ պարտությունից Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Մեկ այլ ներքին քաղաքական բանավեճի պատճառով Ամերիկայի թուրքական կոալիցիան հրաժարվեց թուրք-ամերիկյան երեք այլ խմբերի նամակն ստորագրելուց, որն ուղարկվել էր Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի անդամներին՝ ընդդեմ եկեղեցիների օրինագծի: Թուրքական լոբբիստական խմբերը աջակիցների հուսահատ որոնումներում կարողացան իրենց կողմը ներգրավել Ամերիկայի ադրբեջանական խորհուրդը, որն ընդհանրապես գործից անտեղյակ քիթը խոթեց Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների կարգավիճակի հարցի մեջ: Ստորագրելով նման թշնամական համատեղ նամակ, ադրբեջանական խումբն ավելի սրեց հարաբերությունները աշխարհասփյուռ հայության հետ՝ էլ ավելի բարդացնելով Արցախյան հակամարտության արդար կարգավորման հեռանկարը:

Վերջապես, Թուրքիայի կառավարության բախումը Իսրայելի հետ, մասնավորաբար` «Մավի Մարմարա» նավի վրա հարձակումից և վերջերս Թուրքիայի նոր դեսպան Սերդար Քըլըջի՝ Ամերիկայի հրեական կոմիտեին Հայոց ցեղասպանության ճանաչման առիթով հղած խիստ նամակից հետո, զրկեց Անկարային որևէ լոբբիստական աջակցությունից, ինչը նա սովորաբար ստանում էր Կոնգրեսում Իսրայելի կառավարությունից և Ամերիկայի որոշ հրեական կազմակերպություններից:

Ավանդական դաշնակիցների աջակցության բացակայության պայմաններում Թուրքիայի կառավարությունը կարող էր ապավինել միայն իր վարձկանների՝ թանկ վարձատրվող ամերիկյան լոբբիստական ընկերությունների օժանդակությանը` իրականացնելու թուրքական կաղապարված մարտավարությունը, որ կիրառվում է ընդդեմ ցանկացած նախաձեռնության, ինչն Անկարան համարում է իր շահերին դեմ՝

1. Վճռականորեն խափանել որևէ հակաթուրքական նախաձեռնություն՝ կանխելով դրա քննարկումը,

2. Եթե առաջին քայլը չի հաջողվում` փոփոխություններ առաջարկել նախաձեռնությունը թուլացնելու համար,

3. Նախաձեռնությունը թուլացնելուց հետո էլ ճնշում գործադրել հանձանժողովի անդամների վրա դեմ քվեարկելու համար:

Եկեղեցիների օրինագծի դեպքում թուրքական կառավարությանը չհաջողվեց խափանել հարցի քննարկումը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, և նա անզոր գտնվեց բավարար չափով քվեներ հավաքելու, որպեսզի օրինագիծը ձախողվի: Միակ բանը, որ մնում էր Անկարային` Կոնգրեսի Թուրքիային աջակցող խմբի որոշ անդամներից խնդրելն էր, որ նրանք փոփոխություններ մտցնեին օրինագծի մեջ այն թուլացնելու համար: Այս մարտավարությունը փոքր-ինչ արդյունավորվեց, քանի որ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Էդուարդ Ռոյսը փորձեց համախոհության հասնել այս օրինագծի շուրջ՝ փորձելով քննարկումների մեջ ներգրավել մի քանի տարակարծիք կոնգրեսականների: Ի վերջո, առողջ դատողությամբ որևէ մեկն ինչպե՞ս կարող էր դեմ քվեարկել մի օրինագծի, որը կոչ էր անում կրոնական կառույցները՝ տվյալ դեպքում քրիստոնեական եկեղեցիները, վերադարձնել իրենց իսկական տերերին…

Սա երկրորդ խոշոր պարտությունն է, որ Թուրքիան կրեց վերջին երեք ամիսների ընթացքում: Ապրիլի 10-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների 12 կողմ և 5 դեմ հարաբերակցությամբ ընդունել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, որը ևս մեկ վկայություն է Վաշինգտոնում թուրքական քաղաքական ազդեցության անկման: Բավական է կարդալ վերջին երկու հոդվածները, որոնք հրապարակվել են «Նյու Յորք թայմս» («Ապստամբների առջև ճանապարհ բացելուց հետո Թուրքիան թանկ է վճարում») և «Ուոլ սթրիթ ջըրնալ» թերթերում («Անօգուտ դաշնակից»), որպեսզի պարզ լինի Էրդողանի իր երկրի վարկին հասցրած վնասի չափը:

Ազդեցության կորստից բացի, Թուրքիայի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է, վճարում հզոր և ազդեցիկ, սակայն, ըստ էության, անպետք ամերիկյան լոբբիստական ընկերություններին, որոնք, մեծ խոստումներ տալով, գրպանում են ահռելի գումարներ և գրեթե ոչ մի օգուտ չեն բերում: Ե՞րբ պետք է Թուրքիայի ժողովուրդը հաշիվ պահանջի իր կոռումպացված և անպատասխանատու ղեկավարներից, որոնք վատնում են թուրք քաղաքացիների դժվարությամբ վաստակած հարկային դոլարները` փորձելով արդարացնել իրենց ցեղասպան պատմությունը:

Վերլուծաբանները կանխատեսում են, որ ի հեճուկս երկրի ներսում և դրսում վարչապետ Էրդողանի վարած աղետալի քաղաքականության, սպասվում է, որ նա նախագահ կընտրվի օգոստոսին: Հայերը, հույները, քրդերը և մյուս ճնշված ազգային և կրոնական փոքրամասնությունները ուրախ կլինեն տեսնելու Թուրքիան ղեկավարող մի ապաշնորհ առաջնորդի, որը ծնկի կբերի երկիրը…

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆոռնիա Կուրիեր»

թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ