Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄ՝ ԾԽԱԽՈՏԻՆ



ԲԱՆԱԿՆ ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ. ԱՌՈՂՋ ԶԻՆՎՈՐ, ԱՌՈՂՋ ԲԱՆԱԿ

ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔ

Ծխելը մարդու ամենավտանգավոր սովորություններից է: Ամբողջ աշխարհում տարեկան միլիոնավոր մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործման հետեւանքով առաջացած հիվանդություններից: Մեր երկրում եւս ծխողները մեծ թիվ են կազմում, ծխելու հետեւանքով մահացության ցուցանիշով Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը «առաջատարների թեժ տասնյակում է»: Նույնիսկ առանց վիճակագրական տվյալներն ուսումնասիրելու էլ անզեն աչքով նկատելի է Հայաստանում ծխողների բազմաքանակությունը. ամեն քայլափոխի ծխում են՝ կանգառներում, սրճարաններում, երթուղայիններում: Իսկ ծխախոտի մնացորդները ամենուր են…

Տարբեր պետություններ ծխելու դեմ պայքարելու հազար ու մի օրենքներ են ստեղծում: Հակածխախոտային օրենսդրությունը տարբեր պատժամիջոցներ է նախատեսում ծխախոտի գովազդի եւ հանրային վայրերում ծխելու համար:

Միջազգային փորձը փաստում է, որ հեռուստաեթերով ծխախոտի օգտագործման ցուցադրումը նույնիսկ անուղղակիորեն գովազդում է ծխելը եւ նպաստում ծխելու տարածմանը։

♦♦♦

Շատերիս հիշողության մեջ դեռեւս թարմ են «Marlboro» ծխախոտի, չեմ կարող անկեղծ ասած չխոստովանել, իրոք բավականին հաջողված գովազդը։ Առնական, փառահեղ տղամարդիկ՝ կովբոյները՝ ձիերը սանձած, սլանում էին անծայրածիր տափաստանում եւ բոլորին կանչում հեքիաթային աշխարհ՝ Marlboro, իսկ զուգահեռ հնչում էին հետեւյալ խոսքերը. «Միայն իսկական տղամարդիկ են ծխում «Marlboro»։ Կանայք հիանում-հալվում էին նրանց առնական, ջլապինդ եւ արևահար տեսքին նայելով, իսկ տղամարդիկ շտապում էին մոտակա կրպակները՝ «Marlboro» գնելու։ Գովազդը ներկայացնող տղամարդիկ այնպես կատարյալ էին թվում, այնպես տիրական, որ թվում էր՝ ոչ մի խնդիր չունեն։ Սակայն հեքիաթային աշխարհ կանչող այս կովբոյները մահացան հենց իրենց իսկ գովազդած ծխախոտից առաջացած հիվանդություններից։ Հայտնի են նրանց անունները` Ջանըթ Սաքմընը մահացավ ձայնալարերի քաղցկեղից, Դեյվիթ Գոեռիթը 30 տարեկանում սրտային նոպայից։

51 տարեկանում էլ թոքերի քաղցկեղից մահացավ «Marlboro» ընկերության գովազդային դեմքերից ամենանշանավորը՝ Ուեին Մակլարեն։ Մարդ, որը 27 տարի գովազդել էր «Marlboro» ծխախոտը, երբ տեղեկացավ, որ թոքերի քաղցկեղ ունի, մեծ դժվարությամբ, այնուամենայնիվ, կարողացավ թողնել ծխելը, բայց արդեն ուշ էր… Հեքիաթային աշխարհից միանգամից հայտնվեց ուռուցքաբանական բաժանմունքում։ Բժիշկները հեռացրին նրա մի թոքը։ Եվ ծանր հիվանդ, նա չէր դադարում պայքարել ծխախոտի դեմ: Հիմա արդեն հեռուստատեսությամբ և ռադիոյով հաճախ էր հանդես գալիս հակածխախոտային ելույթներով: Մահվանից առաջ նա խոստովանել էր. «Իմ վնասակար սովորությունը խորտակեց կյանքս։ Ծխախոտը կսպանի ձեզ, եթե չեք հավատում` նայե՛ք ինձ»։

Նա չէր ստում, իսկապես` ծխախոտը ջլապինդ այդ տղամարդուն վերածել էր զառամյալ ծերուկի:

Հայտնի ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերությունները, մեծ գումարներ բերելով հիվանդ Մակլարենին, փորձում էին ամեն կերպ լռեցնել, փակել նրա բերանը: Բայց նրանք չէին հասկանում կամ գուցե չէին ուզում հասկանալ, որ մեռնողին փող պետք չէ, որ այն աշխարհում փողն իշխանություն չունի…

♦♦♦

Նմանատիպ ճակատագրի արժանացավ նաև Winston man-ը` ոչ պակաս հայտնի այս ծխախոտի գովազդային դեմք Ալան Լենդերսը, նա էլ մահացավ կոկորդի քաղցկեղից: Ծխախոտի գովազդից ստացած հսկայական գումարները նա վատնեց առողջության վերականգնմանը, սակայն հրաշալի մի խոսք կա՝ փողով կգնես դեղ, բայց ոչ առողջություն: Երկարատև քիմիաթերապիաներ… և կորցրեց ձայնը… Նա էլ միացավ Marlboro man-ի` Մակլարենի հակածխախոտային պայքարին:

Միլիոնավոր մարդկանց ծխել սովորեցնող կովբոյները իրենց կյանքի վերջում դարձան հակածխախոտային մոլի քարոզիչներ, բայց չափազանց ուշ էր։

Ասում են՝ խելացի մարդիկ սովորում են ուրիշների սխալների վրա։ Եթե, սիրելի՛ ծխողներ, այս նյութը ձեզ չի սթափեցնում, գուցե պարզապես հիշեցնեմ ռուսական դաժան մի ասացվածք. «Յուրաքանչյուր ծխած գլանակ սեփական դագաղին խփած մի մեխ է»։

Ա.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #26 (1044) 10.07.2014 – 16.07.2014, Բանակ և հասարակություն


10/07/2014