Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ
ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ

Հունիսի 28-ին մեկնարկեց Հայաստանում կազակական շարժման հիմնադրման 15-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը: Տոնակատարություններն սկսվեցին Երևանի Քանաքեռ համայնքում տեղադրված 19-րդ դարի սկզբին ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների ժամանակ հայկական հողում հերոսի մահով ընկած ռուս կազակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ: Նույն օրը Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում կայացավ հանդիսավոր նիստ, որին մասնակցեցին Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի, Բուլղարիայի կազակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հայաստանում կազակական շարժման հիմնադրման 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում մասնակիցներն իրենց ելույթում կարևորեցին հայ-կազակական դարավոր բարեկամությունը և այդ հիմքի վրա տարածաշրջանային անվտանգության խնդիրները:

-Հայ ժողովուրդը խորապես երախտապարտ է կազակներին: Նրանք հերոսաբար կռվել և զոհվել են մեր երկիրն ու մեր ժողովրդին պաշտպանելով: Մենք ջանքեր ենք գործադրում այդ հերոսների հիշատակը պահելու-պահպանելու ուղղությամբ: Եվ այսօր նրանց հետնորդները հնարավորություն ունեն գալու Հայաստան և խոնարհվելու հայկական հողում թաղված իրենց պապերի աճյունի առջև,- իր խոսքում ասաց Հայաստանում կազակական շարժման հիմնադիր և առաջնորդ, «Նիտ» միջազգային հայ-ռուսական կազակական միաբանության ղեկավար Կարապետ Զադոյանը:

«Կազակական զորքերի մեծն միաբանության» (Ռուսաստանի Դաշնություն) ղեկավար Վալերի Նիկիտինի գնահատմամբ` տասնհինգ տարի առաջ նշանակալից իրադարձություն է տեղի ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև ողջ միջազգային կազակական հանրության մեջ` կազակական քարտեզի վրա հայտնվել է մի նոր կետ:

-Որպես ձեր եղբայրներ, մենք չէինք կարող չուրախանալ: Ուշի ուշով հետևում էինք ձեր առաջին քայլերին: Այսօր հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ ձեր շարժումը կայացել է և շարունակում է զարգանալ: Ըստ արժանվույն գնահատելով ձեր ներուժն ու հնարավորությունները՝ չենք կասկածում, որ մեր կազմակերպությունները դեռ երկար տարիներ միասին կշարժվեն առաջ: Եվ մեր գալիք սերունդներ արխիվներում հայտնաբերելով Հայաստանում կազակական շարժման 15-ամյակին նվիրված փաստաթղթերը, կհասկանան, թե որքան հեռատես էինք մենք, երբ համախմբվեցինք՝ հանուն ապագայի, հանուն այսօրվա փխրուն խաղաղության, – ասում է Վալերի Նիկիտինը:

Հանդիսավոր նիստում Հայաստանի բոլոր կազակական կազմակերպություններին միավորվելու կոչ արվեց: Մասնակիցները խոստովանեցին, որ շարժումը պետք է ծառայի միավորման, Հայրենիքի բարգավաճման և խաղաղասիրության նպատակներին:

Հոբելյանական տոնակատարությունների շրջանակներում հանդիպումներ և միջոցառումներ կանցկացվեն նաև ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում:

Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ