Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԺՎԱՐԻՆ ՈՒՂԻ ԴԵՊԻ ԱՍՏՂԵՐ



Նրա անունը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մեծ սպորտի աստիճանակարգում: Ամերիկյան հանրահայտ «World Masters Games»-ից հետո շատ պարբերականներ մեր տիտղոսավոր հայրենակցուհուն անվանեցին մոլորակի ամենաուժեղ, քաջասիրտ եւ հմայիչ հայուհի` այդ ձեւակերպումը դարձնելով լրագրային ծավալուն հոդվածների վերնագիր:
Այն, որ Սվետլանա Եսայանի ընտանիքում սիրում եւ հարգում են սպորտը, դժվար չէ հասկանալ տան ամենատարբեր տեղերում ցուցադրված բազմաթիվ մեդալներից եւ գավաթներից: Ուշադրություն է գրավում ձիթենու ոսկյա տերեւներով շրջանակված տպավորիչ չափսերի մրցանակը՝ 1975 թ. Գրան պրին` Եգիպտոսում կայացած միջազգային մրցույթի գերագույն պարգեւը եւ առաջին փայլուն հաղթանակը, որից, ըստ էության, սկսվեց խորհրդային բանակի սպա Սվետլանա Եսայանի հաղթարշավը մեծ սպորտում: 60-ից ավելի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ համալրեցին ոչ միայն նրա անձնական հավաքածուն, այլեւ միութենական թեթեւ աթլետիկայի մրցանակային ֆոնդը: Այն ժամանակ արտասահմանյան շատ ակումբներ էին աչք դրել ԽՍՀՄ հավաքականի արդյունավետ մարզիկի վրա, բայց նա մնաց ԽՍՀՄ-ում: Եւ ոչ թե միայն այն պատճառով, որ «երկաթյա վարագույրի» ժամանակներում նույնիսկ իրավունք չուներ մտածելու այդ մասին: Ինչպես ասում է Սվետլանան, իր մտքով նույնիսկ անցնել չէր կարող արտասահմանում մնալը, քանի որ «հայրենիք» եւ «հայրենի տուն» հասկացություններն ինքը երբեք չի առանձնացրել:
Երբ 90-ական թթ. սկսվեց պատմության վերանայումը, Սվետլանա Եսայանը հիմնեց Հայաստանի Սպորտի վետերանների ասոցիացիան, որի հիմնական նպատակը դարձավ մեր երկրում վետերանների սպորտային շարժման վերածնունդը: Ասոցիացիայի նախագահի կարծիքով, իր կազմակերպության կարգախոսը` «Սպորտ` ամբողջ կյանքում», ոչ միայն արտահայտություն է, այլեւ առողջ ապրելակերպի միջոց նրանց համար, ովքեր հեռացել են մեծ սպորտից, բայց շարունակում են պրոպագանդել այն երիտասարդության շրջանում: Եվ այդ իմաստով նշանակալի է այն փաստը, որ 1999թ. առաջին Համահայկական խաղերի ժամանակ, երբ օլիմպիական կրակը խորհրդանշորեն փոխանցվում էր սպորտի վետերաններից երիտասարդ սերնդին, էստաֆետային վազքի փուլերից մեկում Սվետլանան ջահը ձեռքից ձեռք փոխանցեց իր ավագ որդուն, ով նույնպես մասնակցում էր միջոցառմանը: Վերջին մի քանի տարիների ընթացքում Սվետլանա Եսայանը մասնակցել է Գերմանիայում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում եւ Ֆրանսիայում անցկացված մի շարք հեղինակավոր մրցումների եւ գրավել մրցանակային տեղեր:
Երկար տարիներ նա հաջողությամբ համատեղում էր ծառայությունը Հայոց ազգային բանակում եւ մարտական կարիերան` մնալով հյուրընկալ հայկական օջախի կին, մայր եւ սրտաբաց տան տիրուհի: Սվետլանայի աշխարհընկալմամբ՝ ընտանիքը փոքր հայրենիք է՝ մեծ երկրում, որը սրբորեն պահպանում են հայրենյաց պաշտպանները: Երբ սկսվեց պատերազմը, Սվետլանա Եսայանն ամուսնու` Վիլհելմ Գասպարյանի հետ կամավոր ընդգրկվեց աշխարհազորում` պաշտպանելու Ղարաբաղը: Արցախի մայրերի կոմիտեն Սվետլանա Եսայանին խիզախության համար պարգեւատրեց «Մայրական երախտագիտություն» մեդալով:
-Մենք պարգեւների համար չէինք կռվում: Եթե սպորտը ուժեղագույնների միջեւ խաղաղ պայքար է մրցանակի համար, ապա այս դեպքում ոչ թե պայքար էր, այլ պատերազմ եւ ոչ թե մրցանակների համար, այլ սեփական երկրի պատվի համար,- կարծում է մեր հերոսուհին:
Նա ընդհանրապես չի սիրում խոսել իր պատերազմական տարիների մասին, բայց նրա սխրանքների մասին պատմում է Արցախի ռազմական պատմության հանրագիտարանը, որտեղ նրան է նվիրված առանձին հոդված:
Խաղաղ կյանքում Վիլհելմ Գասպարյանը վերադարձավ մարզչային աշխատանքի եւ շարունակեց սպորտային արժանի հերթափոխ կրթել: Իսկ Սվետլանա Եսայանը, «անցնելով փշերի միջով», շարունակեց ճանապարհը դեպի աստղերը: Աստղեր, որոնք Սվետլանան կրում է իր ուսադիրներին. նա երկար տարիներ ծառայում էր Հայաստանի սահմանամերձ գնդերից մեկում` որպես ֆիզպատրաստության պետ:
– Արդեն մեծացել է նոր սերունդ, որը ծնվել է անկախ երկրում: Ընդունելով հերթափոխը` հիմա էլ նրանք են պաշտպանում մեր սահմանները: Եւ երբ շարային պատրաստության ժամանակ տեսնում ես մեր երիտասարդ զինվորներին` հավատում ես, որ լավ ապագա ենք ունենալու,- ասում է տիկին Եսայանը:
Այսօր նա մարզիչ է աշխատում Հայաստանի պաշտպանության նախարարությունում եւ զբաղվում մեր զինծառայողների առողջությամբ:
Իհարկե, կարելի է հարց տալ` իսկ ինչո՞ւ կինն իր կյանքը նվիրի ոչ այդքան կանացի մասնագիտությանը: Չէ՞ որ ըստ մեր դարավոր մտածելակերպի` հայ կինն ավանդաբար պետք է լինի միայն ընտանեկան օջախի պահապան: «Չեմ կարծում, որ ես ապրում եմ սովորական ավանդույթներից կտրված,- ասում է թեթեւ աթլետիկայի աշխարհի բազմակի չեմպիոն, Հայաստանի Սպորտի վետերանների ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ազգային բանակի պահեստի մայոր եւ պարզապես հայ կին Սվետլանա Եսայանը:- Ես ունեմ հրաշալի ընտանիք եւ սիրված աշխատանք, հրաշալի երեխաներ եւ երկու հարս: Ըստ իս` «հայրենի տուն» եւ «հայրենիք» հասկացություններն առաջացել են նույն արմատից: Նշանակում է, որ, ընդհանուր առմամբ, ես` որպես կին եւ որպես մայր, պարտավոր եմ խաղաղություն բերել մեր մեծ ընտանիքին, որի անունն է ՀԱՅՐԵՆԻՔ»:
ՆԱՏԱԼՅԱ ՕՀԱՆՈՎԱ

Հ.Գ.- Երբ նյութն արդեն պատրաստ էր տպագրության, հայտնի դարձավ, որ կանանց տոնի նախաշեմին պահեստի մայոր Սվետլանա Եսայանը, որպես Ղարաբաղյան պատերազմի մասնակից, պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով, որը 2011 թ. մարտի 4-ին նրան է հանձնել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Խորագիր՝ #13 (878) 6.04.2011 – 13.04.2011, Ճակատագրեր


14/04/2011