Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ԱՌԱՆՑՔ



Ուկրաինական ճգնաժամը արևմուտքին հնարավորություն է տալիս Եվրոպայի և Ռուսաստանի միջև գտնվող բուֆերային գոտում ռազմական նոր դաշինք ստեղծել: Միաժամանակ Ուկրաինան հանդես է գալիս որպես այս ծրագրի «նախերգանքը»` շեղելով Մոսկվայի ուշադրությունը ռազմաքաղաքական նոր դաշինքի ձևավորման քայլերից: Արևմտյան քաղաքագետների գնահատմամբ՝ նոր ձևավորվող ռազմական դաշինքի հիմնաքարը դառնալու է Լեհաստանը:

Հատկանշական է, որ ռազմական այս դաշինքում եվրոպական վերլուծաբանները տեսնում են Լեհաստանը, Ռումինիան և Թուրքիան: Եթե Ուկրաինական ճգնաժամը անմիջական կապ ունի Վարշավայի և Բուխարեստի հետ, ապա Անկարան այն դիտարկում է որպես Մոսկվայի հետագա հզորացման կասեցմանն ուղղված մի գործընթաց:

Միաժամանակ, Ուկրաինայում ստեղծված իրավիճակից անհանգստացած են հենց Մոսկվայում: Ռուսաստանում շատ ցավագին են ընդունում այն փաստը, որ անկախ երկու տասնամյակ Արևմուտքի հետ ունեցած պայմանավորվածությունից, Կիևում իշխանության եկան արևմտամետ ուժեր, ինչը, բնական է, դառնում է ՌԴ ազգային անվտանգության հիմնական մարտահրավերներից մեկը: Մոսկվայում գիտակցում են, որ մերձբալթյան երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո Ուկրաինայի «արևմտացումն» ուղղակի կարող է հանգեցնել Ռուսաստանի շրջափակմանը: Միակ պատուհանը մնում է Բելառուսը: Ռուսաստանում դեռ վառ են Հայրենական մեծ պատերազմի հիշողությունները, երբ հենց ուկրաինացիներն էին հիտլերյան իշխանությունների հովանու ներքո ձեռնամուխ եղել համառուսական ինքնության վերացման քայլերին: Այսօր Մոսկվան փորձում է կանխել պատմության կրկնությունը:

Հատկանշական է, որ խնդրի շուրջ առկա են իրար հակասող տեսակետներ հենց Եվրոպայում: Լեհաստանն ու Ռումինիան անհանգստացած են Ռուսաստանի ցանկացած մակարդակի հզորացմամբ: Սակայն այդ հարցում նրանք հանդիպում են Գերմանիայի դիմադրությանը, որը չի ցանկանում վտանգել առանց այդ էլ ճգնաժամ ապրող ԵՄ-ՌԴ հարաբերությունները և սպառնալիք ստեղծել ՆԱՏՕ-ի արևմտյան սահմաններին: Միևնույն ժամանակ, Բեռլինը մեծապես կախված է ռուսական էներգակիրներից և, ընդհանուր առմամբ, վերջինիս ձեռնտու է ստատուս քվոն: ԵՄ արևելյան անդամներին ոչինչ չի մնում անելու, քան հաշտվել Գերմանիայի դիրքորոշման հետ: Բայց ԵՄ նոր անդամներն իրենց վրա զգում են գերմանական կապիտալի մեծ ազդեցությունը և մտահոգված են Գերմանիայի տնտեսական կցորդ ու հումքի աղբյուր դառնալու հավանականությամբ:

Այնուամենայնիվ, հասկանալի է դառնում, որ լեհական ռազմաքաղաքական վերնախավը նախընտրում է ստեղծել պաշտպանական, քան հարձակողական դաշինք, թեև իրականում ռուսական որևէ վտանգ չկա: Լեհաստանն այսօր միայնակ է մնացել իր հակառուսականության հարցում:

Ուկրաինական ճգնաժամի պայմաններում Վիշգորոդյան դաշինքի Լեհաստանի գործընկերները (Հունգարիա, Չեխիա, Սլովակիա և Շվեդիա), այնքան էլ հակված չեն փչացնելու կապերը Ռուսաստանի հետ, թեև պարբերաբար հանդես են գալիս հակառուսական հայտարարություններով: Միաժամանակ Եվրամիությանն անդամակցելը փոքր-ինչ զսպվածության է կոչել Վարշավային:

Արևմտյան փորձագետների գնահատմամբ՝ ռուսական սևծովյան նավատորմի համար իրավիճակը է՛լ ավելի կբարդանա, եթե Կիևի գործող իշխանությունները երկար կառավարվեն, ինչի դեպքում շրջափակման մեջ հայտնված Ղրիմը կարող է կորցնել իր նշանակությունը Ռուսաստանի համար:

Անկարայում չեն ցանկանում Սև ծովը տեսնել որպես ռազմական գործողությունների հնարավոր թատերաբեմ: Միաժամանակ` Թուրքիան չի ցանկանում անմասն մնալ նոր ձևավորվող դաշինքից: Թուրքիայում մեծ սպասումներ ունեն իրաքյան և իրանյան էներգակիրներից, իսկ ռուսական ազդեցության մեծացումը թուրքական հեռանկարների հիմնական սպառնալիքն է:

Փաստացի` ուկրաինական ճգնաժամի պայմաններում հանդես են գալիս տեղական նոր խաղացողներ, որոնք ներառված են ձևավորվող դաշինքում: Թեև այն դեռևս սաղմնային փուլում է, սակայն չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին: Հատկանշական է, որ Մոսկվայից վտանգ տեսնող երկրները մեծամասամբ կախված են ռուսական բնական գազից: Եվ դա Մոսկվային ներգործելու մեծ հնարավորություն է տալիս, միաժամանակ Ռուսաստանի թույլ տեղն է, որի տնտեսությունը հիմնականում կառուցված է նավթից ստացվող եկամուտների վրա, և Մոսկվան չի կարող վերահսկել գների տատանումը, որը կարող է ճակատագրական լինել ՌԴ տնտեսության համար:

Ըստ այդմ` պարզ է դառնում, որ Արևմուտքի համար ռազմական ուժի ծավալումը հիմնական մարտավարությունը չէ: Սպասելի է, որ հարվածը կհասցվի նավթային շուկայում: Հենց որ Թեհրանն ու արևմուտքը կարողանան պայմանավորվածությունների հասնել իրանական միջուկային ծրագրի հարցում, Իրանը ևս կարող է միանալ այդ նավթային «գործարքին»: Դրան կմիանան նաև իրաքյան և լիբիական նավթային հոսանքները:

Մոսկվան արդեն իսկ նախատեսում է դիվերտիֆիկացնել իր տնտեսությունը, որպեսզի 10 տարուց շատ ավելի խոցելի չդառնա նավթային հարցում: Այստեղ ռուսական տնտեսության համար վտանգավոր կլինի նավթի ներկրման ծավալների հանկարծակի մեծացումը:

Ներկայումս արևմուտքն ունի իրեն հպատակված իշխանություններ Կիևում, և չի բացառվում, որ արևմտամետ ուժերը փորձեն ապակայունացնել իրավիճակը Բելառուսում, ինչով Ռուսաստանի շրջափակումը Եվրոպայից կդառնա վերջնական:

Ռուսաստանը կանգնած է ընտրության առաջ: Ուկրաինական ճգնաժամի շարունակությունը կարող է հանգեցնել Լեհաստան-Ռումինիա-Թուրքիա դաշինքի ձևավորման արագացմանը: Մոսկվան կհանդուրժի Կիևում գործող խանությունների գոյությունը, եթե վերջիններս հրաժարվեն միանալ որևէ արևմտյան միջազգային կառույցի: Փոխարենը Ռուսաստանը կարող է երաշխավորել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:

Հատկանշական է, որ Ուկրաինայի չեզոքացմանը կողմ է նաև Գերմանիան, և հենց դրանով են պայմանավորվում ԵՄ շրջանակներում ուկրաինական ճգնաժամի շուրջ գլխավոր տարաձայնությունները:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #25 (1043) 3.07.2014 – 9.07.2014, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


03/07/2014