Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍԽՐԱՆՔԻ ՊԱՏՐԱՍՏ
ՍԽՐԱՆՔԻ ՊԱՏՐԱՍՏ

Համալսարանում սովորելու տարիներին մի սփյուռքահայ, ավելի ստույգ՝ բեյրութցի համակուրսեցի ունեի՝ Հակոբ Էսքիջյան: Մարդամոտ, ընկերասեր, ասող-խոսող տղա էր: Նա անցյալ դարի յոթանասունականների կեսերին Բեյրութում տեղի ունեցած մահմեդականների և քրիստոնյաների կռվի ժամանակ եղել էր հայկական թաղամասերի պաշտպանների շարքերում, վիրավորվել էր, կորցրել ձախ ոտքի կեսը: Հանրակացարանի երկրորդ հարկի նրա սենյակը բանասիրականի ուսանողների հավաքատեղին էր: Մենք ակնածանքով էինք լսում այդ պատերազմի մասին Հակոբի պատմությունները: «Ամեն ինչ տեսել եմ, անգամ սևամորթ հայ, միայն հայ օդաչու չէի տեսել, այն էլ հայրենիք գալուց տեսա: Պատկերացնում եք՝ Կիպրոսում բարձրացանք ինքնաթիռ ու տեսանք՝ օդաչուները հայերեն են խոսում, հայեր են, խենթացել էի, ուրախությունից լաց էի լինում: Մարշալ Բաղրամյանի մասին գիտեի, ծովակալ Իսակովին գիտեի, հայ գեներալ Սուրիո մեջ էլ կա, բայց հայ օդաչո՞ւ…»,- խոսում էր նա ու սրտանց հիանում հայերի տաղանդով: Ճարել ու ամեն ինչ կարդացել էր Նելսոն Ստեփանյանի մասին: Հակոբը Հայաստանից գնաց այն ժամանակ, երբ սկսվել էր Արցախյան շարժումը, եթե մի քիչ էլ մնար, հավանաբար կտեսներ, թե հայ օդաչուներն ինչ վարպետությամբ են ճեղքում կրակե օղակը և օգնություն հասցնում շրջապատման մեջ գտնվող Արցախին, կտեսներ, թե ինչպես, չվախենալով դժվարությունների հաղթահարումից, Դանիել Բալայանն ստեղծեց ազգային առաջին ռազմական ուսումնական հաստատությունը՝ Երևանի թռիչքատեխնիկական ուսումնարանը, որն այնուհետև դարձավ ինստիտուտ և, արդեն քսան տարի է, ինչ բարձրակարգ մասնագետներ է պատրաստում ավիացիայի զորամասերի էսկադրիլիաների ու արդիական տեխնիկայով զինված հակաօդային պաշտպանության դիվիզիոնների համար, կտեսներ ու կխենթանար հայրենակիցների տաղանդով, օդաչուների սխրանքով:

Ըստ գնդապետ Ա. Ներսիսյանի, որը ղեկավարում է զինված ուժերի ավիացիայի վարչությունը, զորամասի համար 2013թ. ուսումնական տարին սկսվեց ու ավարտվեց քրտնաջան և բեղմնավոր աշխատանքով: Բարեբախտաբար այս անգամ ի հայտ չեկան նույնիսկ չնչին մանրուքներ, որոնք կարող էին որևէ կերպ ազդել գրանցվող բարձր ցուցանիշների վրա: Արդյունքում՝ զորամասը զորատեսակի կազմում ճանաչվեց լավագույնը և չորս տարվա ընդմիջումից հետո վերստին պարգևատրվեց փոխանցիկ Պատվադրոշով:

-Չէի ասի, թե հաշվետու ժամանակաշրջանում ինչ-որ առանձնահատուկ միջոցառումներ ենք անցկացրել, պարզապես մեր ուսումնական ծրագիրն ենք կատարել՝ ձգտելով ամեն ինչ անել ճիշտ և ժամանակին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին՝ օդաչուներին, ինժեներատեխնիկական անձնակազմին, որոնք արեցին իրենցից կախված ամեն ինչ թռիչքային ծրագրերը նախապատրաստելու, իրականացնելու, ինքնաթիռների սպասարկումն ու շահագործումը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

ՌԵՊՈՐՏԱԺ ԹՌԻՉՔՈՒՂՈՒՑ

Երբ լուսաբացի ամպրոպներով ուղեկցվող տեղատարափից անմիջապես հետո այցելեցի զորամաս, պարզվեց՝ մարդիկ վաղուց արդեն իրենց տեղերում են, իսկ հրահանգիչ օդաչուները տեսական պարապմունքներ են անցկացնում Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիայի ինստիտուտի երրորդ ու չորրորդ կուրսերի կուրսանտների հետ, որոնք պետք է հերթական ինքնուրույն թռիչքային ծրագրի ստուգարքը հանձնեին: Քիչ անց երկինքն սկսեց պարզել, և շտաբի պետ, հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հ. Վարդանյանը հրամայեց պատրաստվել թռիչքի:

Ուսումնական Լ-39 ինքնաթիռների լիցքավորումից հետո առաջին թռիչքը կատարելու չգրված օրենքով ինքնաթիռին մոտեցան փոխգնդապետ Հ. Վարդանյանը և ուսումնական էսկադրիլիայի հրամանատար, փոխգնդապետ Գ. Խնուսյանը: Դուրս գալով թռիչքուղի՝ ինքնաթիռը հավաքեց անհրաժեշտ արագությունը ու բարձրանալով երկինք, անհայտացավ հորիզոնում: Որոշ ընդմիջումներով երկինք բարձրացան երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ ինքնաթիռները: Ժամանակ առ ժամանակ նրանցից որևէ մեկը հայտնվում էր մեր տեսադաշտում ու կրկին անհետանում: Կես ժամից փոխգնդապետներ Հ. Վարդանյանն ու Գ. Խնուսյանը եկան վայրէջքի, նրանցից հետո, տասը րոպե ընդմիջումով, վերադարձան ավագ ղեկապետ, փոխգնդապետ և կուրսանտ Ա. Ղազարյանը, օդաչու տեսուչ, փոխգնդապետ Գ. Մանուկյանը և կուրսանտ Հակոբ Խաչատրյանը, զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հ. Զաքարյանը և կուրսանտ Սերգեյ Սիանոսյանը: Յուրաքանչյուր վայրէջքից հետո տվյալ ինքնաթիռն անմիջապես լիցքավորվում էր ու նախապատրաստվում հաջորդ թռիչքին, իսկ քանի որ թռչելիս օդաչուները շատ էներգիա են ծախսում, վայրէջքից անմիջապես հետո գնում են ճաշարան` սնվելու: Դրանից հետո հրահանգիչ օդաչուներն սկսում են միասին քննարկել ու վերլուծել կուրսանտների իրականացրած թռիչքները, նրանց գործողությունները, օդում ընդունած որոշումները: Այդ քննարկումները մասնագիտական լսարանում սկսվելով շարունակվում են դրսի տաղավարում, որը հանգստանալու համար օդաչուների ամենասիրած վայրն է: Նրանք երբեմն իրենց մոտ են հրավիրում առանձին կուրսանտների և հարցնում՝ ինչո՞ւ այս բանն այսպես արեցիր և ոչ թե այնպես, իսկ ի՞նչ էիր անելու, եթե լիներ մեկ այլ իրավիճակ…

♦♦♦

Մինչ ստուգարքի ընդունումը շարունակվում էր, փոխգնդապետ Հ. Վարդանյանը համառոտ ներկայացրեց զորամասի անցած ու այս տարվա կատարած աշխատանքները:

Փոխգնդապետ Հ. Պետրոսի Վարդանյանը ծնվել է Ջավախքի Ծղալթբիլա գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի թռիչքատեխնիկական ուսումնարան (Ա. Խանփերյանցի անվան ավիացիայի ինստիտուտ): 1999թ. ավարտել է ուսումը և ծառայության նշանակվել: Եղել է օդաչու, օղակի հրամանատար, էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ: 2007-09 թթ. սովորել է ՌԴ ակադեմիաներից մեկում: 2012թ.-ից զորամասի շտաբի պետն է:

-Մշտապես մարտական հերթապահության մեջ գտնվող մեր զորամասն իր վրա զգում է հանրապետության ղեկավարության, պաշտպանության նախարարության ուշադրությունն ու հոգատարությունը: Նրանք պլանավորված ապահովում են զորամասի զարգացումը: Անցած ուսումնական տարում ամբողջությամբ կատարվել է վարժանքների ծրագիրը, միաժամանակ մասնակցել ենք մոտոհրաձգային զորամասերի անցկացրած երկու մեծ զորավարժության: ՀՕՊ զորքերի հետ անցկացրել ենք շրջաթռիչքային զորավարժություններ: Ամփոփիչ քննություններից զորամասն ստացել է «լավ» գնահատական: Ստուգվել են անձնակազմի ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները:

Գոհ ենք ինժեներատեխնիկական անձնակազմից, որը հաջողությամբ է կատարում առաջադրանքները: Այս տարվա ձմեռային ուսումնական փուլի ծրագիրը նույնպես կատարվել է, վերջերս մասնակցեցինք զորամասերից մեկի մարտավարական զորավարժությանը և խոցեցինք բոլոր թիրախները:

Անձնակազմը վերջին տարիներին գրեթե ութսուն տոկոսով երիտասարդացել է: Գործընթացը շարունակվում է: Ունենք օդաչուներ, որոնք սովորում են ՌԴ ակադեմիաներում, այս տարի էլ ցանկացողներին գործուղելու ենք: Ստացել ենք ՍՈւ-25-ի վարժասարք, որից օգտվում ենք բոլորս: Այն հնարավորություն է տալիս իրականացնելու որակավորման տարբեր կարգերի թռիչքներ և շատ արդյունավետ սարք է: Ասեմ նաև, որ սկսվել է շտաբի նոր շենքի և զորանոցի շինարարությունը, թեև օդաչուների համար ամենակարևորը օդ բարձրանալն է, և այսօր չկա մի հանգամանք, որը կարող է խոչընդոտել թռիչքային ծրագրերի ամբողջական կատարմանը: Վստահեցնում եմ. զորամասը մարտունակ է և պատրաստ կատարելու հրամանատարության բոլոր հրամանները:

ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ԳԵՐԴԱՍՏԱՆ

Թռիչքահրապարակում զրուցեցինք փոխգնդապետ Գևորգ Մանուկյանի և որդու՝ օդաչու, օղակի հրամանատար, կապիտան Մովսես Մանուկյանի հետ: Գ. Մանուկյանը փորձառու օդաչու է: Ծնվել է Երևանում, սովորել է Ստավրոպոլի ուսումնաավիացիոն կենտրոնում, 1992թ. ծառայության է անցել ազգային բանակում: Փոխգնդապետ Գ. Մանուկյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Մարշալ Բաղրամյան», «Նելսոն Ստեփանյան», «Անբասիր ծառայության համար» առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ աստիճանի մեդալներով ու այլ պարգևներով:

-Ամեն ինչ սկսվել է հորիցս՝ Մանուկյան Պողոսից, որին բոլորը Միքայել էին ասում: Նա ծառայում էր քաղաքացիական ավիացիայում, այժմ իննսուն տարեկան է ու հաճախ է հետաքրքրվում մեր գործերով,- ասում է փոխգնդապետ Գ. Մանուկյանը:- Կինս՝ Ալլա Բեջանյանը, նույնպես օդաչու է, մարզուհի, թռչում էր մարզական ինքնաթիռներով: Որդիս էլ որոշեց օդաչու դառնալ: Ես որևէ կերպ չեմ ազդել նրա ցանկության վրա: Սա այն դեպքը չէ, երբ կարելի է մարդուն միջնորդությամբ գործի ընդունել, առաջ տանել: Եթե մարդ չի սիրում, ձգտում չունի, ավելի լավ է ձեռք քաշի, չմոտենա ինքնաթիռին: Այնպես որ` Մովսեսն իր ցանկությամբ է այստեղ հասել:

Օդաչուներ են նաև Գևորգ Մանուկյանի եղբայրը՝ ուղղաթիռային զորամասի գումարտակի շտաբի պետ, մայոր Աշոտ Մանուկյանը, նրա որդին՝ Միքայել Մանուկյանը: Բայց այսքանով գերդաստանի օդաչուների շրջանակը չի սահմանափակվում:

-Ուղղաթիռային օդաչու, գնդապետ Արմեն Սիրկինն էլ քրոջս տղան է, նրա որդին՝ Սարգիսը, ավիացիայի ինստիտուտի կուրսանտ է ու եթե իրեն լավ դրսևորի, կարողանա, ինչպես հարկն է, տիրապետել ինքնաթիռին, օդաչու կդառնա, եթե ոչ, կարող է տեղափոխվել ուրիշ՝ տեխնիկական բաժին: Ամեն ինչ իրենից է կախված: Բնական է, երբ որևէ առիթով հարազատ-բարեկամներով հավաքվում ենք, խոսակցության հիմնական թեման ինքնաթիռն ու ուղղաթիռն են լինում, մեր կատարած թռիչքները: Իրոք, քիչ չենք, մի էսկադրիլիայի չափ կանք:

Այսօր կան լավ, հեռանկար ունեցող երիտասարդներ, որոնք զգում են մեքենան, գիտելիքներ էլ ունեն ու ինքնավստահ են իրենց ընդունած որոշումների մեջ: Կան տղաներ էլ, որոնց որքան էլ պարզաբանում, օգնում ենք, առաջընթացը չենք զգում, և ավելի լավ է նրանք պատասխանատու աշխատանքներ կատարեն երկրի վրա: Մենք մեր թշնամին չենք, ի վերջո, ամենաթանկ բանը կյանքն է: Գիտեք, շատ դժվար է երազանքներով լեցուն երիտասարդին ասել, որ՝ ցավդ տանեմ, չես կարողանում, չի ստացվում, դու հրաժարվիր օդաչու դառնալու մտքից ու ինժեներ դարձիր… Դժվար է, բայց պարտավոր ենք ասել և ասո՛ւմ ենք:

Շնորհավորում եմ ավիացիայի բոլոր ծառայողներին: Թող մեր բոլոր տոները նշվեն խաղաղության պայմաններում, և մեր թռիչքները լինեն վարժական:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուսանկարները՝ հեղինակի