Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԱՌՆԱԼ ԱՌԱՋՆՈՐԴ»
«ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԱՌՆԱԼ ԱՌԱՋՆՈՐԴ»

Վերջին աշխարհաքաղաքական զարգացումները՝ կապված Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու, Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներում առկա ճգնաժամային իրավիճակի հետ, իրենց ազդեցությունն են թողնում ոչ միայն ամբողջ տարածաշրջանի, այլև Թուրքիայի վրա: Թե ինչպիսի՞ ներքին ու արտաքին քաղաքական զարգացումներ են սպասվում Թուրքիայում, ներկայացնում է պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԸ:

-Պարոն Չաքրյան, վերջերս Թուրքիայում տեղի ունեցած տեղական ընտրությունները, ինչի արդյունքում վարչապետ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պահպանեց իր դիրքերը, մեծ քաղաքական արձագանքի արժանացան: Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ հետընտրական իրադրություն է ստեղծվել Թուրքիայում: Եվ ներքաղաքական զարգացումներն ի՞նչ անդրադարձ կունենան տարածաշրջանի վրա:

– Դրանք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին և որևէ կերպ չեն կարող ազդել տարածաշրջանի վրա: Պարզապես, նախքան ընտրությունները, կոռուպցիայի դեպքեր էին ի հայտ եկել՝ կապված Էրդողանի անվան հետ: Ընդդիմությունն այդ դեպքերը անխնա շահարկում էր, ինչի պատճառով ընտրությունները Էրդողանին վստահության քվե տալու-չտալու արժեք էին ստացել: Եվ նա հաղթեց՝ ստանալով մոտ 45% ձայն: Նրա կուսակցության դիրքերը կայուն են՝ անկախ կոռուպցիայից: Բայց Էրդողանի ընտրազանգվածին չեն հետաքրքրում մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, կայուն պետություն ստեղծելը և նման արժեքները. դա գալիս է նրա ընտրազանգվածի կրթական ցածր մակարդակից: Որքան էլ Էրդողանը մեղադրվի մարդու իրավունքների ոտնահարման համար, միևնույն է, նրանց միայն հետաքրքրում է, որ Մուհամմեդ Մարգարեի մասին դասերը, գլխաշոր կապելը մտնեն դպրոց:

-Օգոստոսին Թուրքիայում նախագահական ընտրություններ են անցկացվելու: Դուք ի՞նչ կարծիքի եք` Էրդողանին կհաջողվի՞ իր պաշտոնը պահել:

-Այո՛, առաջին անգամ նախագահին ընտրելու է ժողովուրդը: Եվ կարծում եմ՝ Էրդողանը կընտրվի, քանի որ մրցակից չունի:

-Իսկ ի՞նչ զարգացումներ են սպասվում Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում՝ կապված Ղրիմի միավորման հետ:

– Թուրքիան, իհարկե, չի կարող հավանություն տալ Ղրիմի միավորմանը, բայց Ռուսաստանն այն պետությունը չէ, որի հետ թուրքերը հաշվի չնստեն: Նույնիսկ դրանից հետո թուրքական կողմն աշխատեց աղմուկ չբարձրացնել, քանի որ իրենք էլ գիտեն՝ Ռուսաստանի հետ խաղալ հնարավոր չէ: Ռուսաստանը Սիրիա չէ, որ հոխորտան: Թուրքիա ներմուծվող 67% բնական գազը ռուսական է: Հետո նաև Ռուսաստանը մեծ շուկա է թուրքական բանջարեղենի համար: Մի տարի թուրքերը Ռուսաստանին բարկացրել էին, և նրանք լոլիկի ամբողջ խմբաքանակը ետ ուղարկեցին: Մի անգամ էլ Ռուսաստանը գազն էր կտրել. 15 օր գործարանները չաշխատեցին, և միլիարդավոր դոլարի վնաս կրեցին: Հետևաբար, այստեղ ուժերն անհավասար են: Անգամ ԱՄՆ-ն և Եվրամիությունն են այդ հարցում զուսպ. նրանք չեն կարող կիրառել այն պատժամիջոցները, ինչի մասին այդքան խոսում են:

– Չենք կարող չանդրադառնալ հունիսի 5-ին Նախիջևանի սահմանին տեղի ունեցած հակառակորդի խափանարար հարձակմանը, որի արդյունքում ունեցանք երկու զոհ: Արդյոք սրա ետևում պե՞տք է տեսնել թուրք-ադրբեջանական տանդեմը: Ի՞նչ նպատակ ունի Հայաստանի սահմանին լարվածություն ստեղծելը, եթե նկատի ունենանք, որ այս ուղղությամբ վաղուց միջադեպ չէր գրանցվել:

– Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ արդե՛ն թշնամական է: Եվ այդ քաղաքականությունը դեռևս անկախության առաջին օրից է ուժի մեջ: Անցած 23 տարիների ընթացքում միակ թշնամական քայլը, որ Թուրքիան Հայաստանի հանդեպ չի կատարել, ռազմական ներխուժումն է: Եվ այդ քայլը չէր էլ կարող կատարել, քանի որ սահմանը մենք Ռուսաստանի հետ համատեղ ուժերով պաշտպանում ենք՝ համաձայն պայմանագրի: Ռուսաստանը, պաշտպանելով Հայաստանի սահմանը, միաժամանակ պաշտպանում է իր ռազմաքաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում: Այսինքն՝ Հայաստանը, որպես գործոն Հարավային Կովկասում, Ռուսաստանի համար դրական դեր է կատարում:

– Պարոն Չաքրյան, ակնհայտ է, որ Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների ներկայիս ճգնաժամային իրավիճակում իր ազդեցությունն ունի նաև Թուրքիան: Չի՞ նշանակում արդյոք, որ Թուրքիան նրանց հարված հասցնելու միջոցով ձգտում է դառնալ տարածաշրջանային գերտերություն: Եվ ինչքանո՞վ դա նրան կհաջողվի:

-Գերտերություն դառնալու համար մի քանի նախապայման է անհրաժեշտ. նախ՝ պետք է տարածաշրջանում լինես առաջնորդ երկիր, և առաջնորդողի քո դերի հետ տարածաշրջանի մյուս երկրները պետք է համակերպվեն: Տարածաշրջանում մեծ մասամբ արաբական երկրներ են, որոնք չեն կարող հանդուրժել Թուրքիայի առաջնորդող դերը, Թուրքիային չեն ընկալի որպես առաջնորդ: Իրենց համար նախընտրելի է Եգիպտոսը, որն ունի 80-100 մլն բնակչություն, Թուրքիայի հետ էլ հարաբերությունները լարված են: Հետևաբար, Թուրքիան չի կարող դառնալ տարածաշրջանային գերտերություն:

Երկրորդ. Թուրքիան տարածաշրջանի առանցքային երկրներում՝ Իսրայելում, Սիրիայում, Եգիպտոսում դեսպանատներ չունի: Այսպիսի քաղաքականությամբ ևս չի կարող դառնալ տարածաշրջանային գերտերություն:

Երրորդ. Թուրքիան առաջ է քաշել նեոօսմանիզմի գաղափարը: Իսկ օսմանյան տիրապետության անցյալի հուշերն արաբական երկրներում հիմա էլ կրքեր են բորբոքում: Հետևաբար, տարածաշրջանային գերտերություն ասվածն ինքնին սխալ է:

– Մոտ երկու ամիս առաջ Թուրքիայի տարածքից հայաբնակ Քեսաբ ներխուժեցին արմատական իսլամիստ խմբավորումները: Իսկ հունիսի 2-4-ը թուրք կամ թուրքամետ ահաբեկչական ուժերի հրետակոծության տակ էր հայտնվել Հալեպի հայահոծ Նոր Գյուղ թաղամասը (զգալի վնասներ են կրել հայկական եկեղեցիներն ու վարժարանները, կան զոհեր ու վիրավորներ), որն այժմ հայտարարված է աղետի գոտի: Կարելի՞ է այս ամենը դիտարկել Թուրքիայի՝ 2015թ.-ին նախապատրաստվելու համատեքստում:

– Այո՛: Կարելի է իրար հետ կապել: Բացի այդ՝ իր կազմավորման օրվանից Թուրքիան հետամուտ է եղել տարածաշրջանի երկրներում հայկական գաղթօջախների կազմալուծմանը: Երբևէ առիթը բաց չի թողել Սիրիայում, Իրաքում և տարածաշրջանի մյուս երկրներում հայկական գաղթօջախները կազմալուծելու: Ինչո՞ւ, որովհետև այդ գաղթօջախների հայ բնակչությունը Հայոց ցեղասպանության անմիջական ժառանգներն են, հետևաբար՝ պահանջատիրության գլխավոր հասցեատերը: Այս «Արաբական գարնան» հետ կապված խժդժությունները խիստ բարենպաստ եղան Թուրքիայի համար, նաև 2003թ. ԱՄՆ-ի՝ Իրաքի դեմ սանձազերծած պատերազմն էլ դրան նպաստեց: Ահաբեկչությունն այդ երկրում դարձել է մշտական գործոն. օրը միջին հաշվով 30-40 զոհ է գրանցվում, երկիրն ապակայունացել է, և ամենախոցելին ազգային փոքրամասնություններն են՝ քրդերը, ասորիները և շիա մահմեդականները… Հայերը կրկնակի խոցելի են՝ Թուրքիայի պատճառով: Մի հանգամանք էլ կա. օրինակ, երբ դատարկվում է քաղաքը (վերցնենք՝ Քեսաբը, որտեղից հայերը տեղափոխվել են Լաթաքիա), պատերազմից հետո ժողովուրդը վերադառնում է նախկին բնակավայր, բայց՝ ոչ ամբողջ կազմով: Թիվը միշտ կրճատվում է: Քեսաբում կար շուրջ 8000 հայ, բայց նրանց նախկին թիվը չի վերականգնվի:

– Անդրադառնանք օրերս Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի պահվածքին, երբ նա ներկայացրեց Ադրբեջանի նախագահի նամակն առ այն, թե Հայաստանը ԵՏՄ-ին պիտի անդամակցի ՄԱԿ-ի ընդունած սահմաններով: Ըստ Ձեզ, որտեղի՞ց է այն ուղղորդված, և ո՞վ է դրա հասցեատերը:

-Նազարբաևը ինքնուրույն նման բան չէր անի: Իհարկե, եթե մենք ժամանակին՝ մինչև 1994թ. (երբ Ադրբեջանն աղաչում էր զինադադար կնքել ոչ միայն Հայաստանին, այլև ԼՂՀ-ին) Արցախի միավորումն ապահովեինք, նման դեպքեր տեղի չէին ունենա: Եվ որքան էլ Նազարբաևի ասածներն ինձ համար անընդունելի լինեն, նրանց ինչ-որ տեղ պետք է հասկանալ. այսինքն՝ Հայաստանն Արցախի հետ միասին ընդունելու համար պետք է հիմք ունենալ: Եվ որպեսզի դա կարողանան անել, պետք է ճանաչել Արցախի անկախությունը: Դա էլ կլիներ իդեալական տարբերակ:

-Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստից հետո բոդրումում թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի IV գագաթնաժողովի արդյունքների հիման վրա Ն. Նազարբաևը հայտարարեց. «ԵՏՄ-ն բաց է նաև այլ երկրների համար, օրինակ՝ Թուրքիան և մյուս երկրները կարող են ապագայում ասոցատիվ անդամ դառնալ»: Որքանո՞վ եք սա իրատեսական համարում: Արդյոք թուրքական լոբբին կարո՞ղ է մեծ դեր ունենալ:

– Էրդողանը մի քանի հայտարարություններ արել է, թե իրենք պետք է ձեռք քաշեն Եվրամիությունից, բայց դա իրատեսական չէ. ուղղակի Նազարբաևը ժեստ է արել: Այսինքն՝ Արևմուտքը Եվրասիական տնտեսական միությանը բուռն հակազդեցություն է ցուցաբերում, իսկ Թուրքիան, բացի Արևմուտքի դաշնակիցը լինելուց, դեռ ՆԱՏՕ-ի անդամ երկիր է. միանալու դեպքում, ըստ երևույթին, պետք է ՆԱՏՕ-ից էլ հրաժարվի: ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ինչպե՞ս պետք է անդամակցի ԵՏՄ-ին, չգիտեմ: ԱՄՆ-ն դա չի հանդուրժի: Նախ՝ Արևմուտքը թույլ չի տա, կկանխեն: Ռուսաստանը վերջերս 400 մլրդ դոլարի առևտրային պայմանագիր է ստորագրել Չինաստանի հետ: Հետևաբար, Ռուսաստան-Չինաստան համագործակցությամբ ստեղծվող ԵՏՄ-ն ձևավորվելու դեպքում կասկածի տակ կդնի Եվրամիության կենսագործունեությունը: Հետևաբար, հարցն ավելի քան ընդգրկուն է:

Զրույցը վարեց ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ