Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲՆԱՎԵՐ ԵՐԱՄ
ԲՆԱՎԵՐ ԵՐԱՄ

Սկիզբը՝ նախորդ համարներում

Եկավ հունվար ամիսը. ձյունը նստեց մեկ մետրի չափ: Դրությունը նորից փոխվեց: Ռուսները Էրզրումի գծում խիստ նեղել են թուրքերին և շուտով կարող է Էրզրումը գրավեն: Թուրք կառավարությունը գազազել է. նորից խիստ հրաման է տվել, որ ոչ մի հայ չմնա, հայտնաբերել և անխնա կոտորել: Մենք նորից ընկանք տագնապի մեջ… Մյուս օրը, ժամը տասներկուսին, մենք թողեցինք մեր «բնակարանը» և ոչ մի բան հետներս չվերցնելով՝ ընկանք ճանապարհ, բայց ինչ ճանապարհ… Ձյունը մեկ մետրի չափ նստած է: Ճանապարհի ոչ մի հետք չկա: Պարզկա գիշեր է: Աստղերը փայլում են, կարծես էլեկտրական լամպեր լինեն: Ձյունը չի ամրացել: Մինչ գոտկատեղը թաղվում ենք, քայլել չի լինում… Եթե միայն դժվարությունը դա լիներ, լավ էր: Պատահեց այն, ինչին չէինք սպասում. այդ օրը քույրս՝ Աղավնիկը, իրեն տկար էր զգում: Երբ գյուղից երկու կիլոմետրի չափ հեռացանք, հանկարծ Աղավնիկը կանգ առավ և այլևս տեղից չկարողացավ շարժվել: Շալակել չէր լինի. հազիվ էինք կարողանում քայլել: Հնար չեղավ տեղից շարժել նրան: Հետ դառնալ չի լինի, իսկ առաջ գնալ` բոլորովին հնարավոր չէ: Ստիպված նստեցինք մի քիչ հանգստանալու: Այդ միջոցին մայրս մի քսան քայլ մեզնից հեռացավ, մի քիչ կողքերը նայելուց հետո վերադարձավ, ասաց.

-Աղավնիկ՛, այստեղ մի ծառ կա, սուրբ է. արի գնանք, համբուրիր, կառողջանաս…

Ու մտավ թևը, եղբայրս էլ մյուս ձեռքից բռնեց, մի կերպ հասցրին ծառին: Մայրս սկսեց աղոթել… Աղավնիկը երեք անգամ համբուրեց ծառը և երեսը խաչակնքեց: Վերադարձան մեզ մոտ: Կամաց շարունակեցինք ճանապարհը: Քիչ անց Աղավնիկն սկսեց դժվար, բայց ինքնուրույն քայլել, տասը րոպե չանցած՝ նա սկսեց մեզնից արագ քայլել, բոլորից առաջ անցավ: Մայրս էլ, ձեռքերը վեր բարձրացնելով, կոչեց.

-Մեռնե՜մ քո սուրբ զորությանը… Տեսա՜ք՝ ինչպես փրկվեց երեխաս…

Ու մենք հավատացինք, որ սուրբ ծառը բուժեց Աղավնիկին, բացի եղբորիցս, բայց նա ոչինչ չասաց… Ես հետագայում հասկացա, որ դա ապաքինման, հույսի ներշնչում էր, հուսադրվեց և ուժ առավ… Վերջապես շատ տանջվելով, բարձրացանք սարի գագաթը: Առաջներս մի խոր ձոր բացվեց: Սկսեցինք իջնել: Իհարկե, վայրէջքը ավելի հեշտ է, քան բարձրանալը, ուստի կես ժամ հետո իջանք ուղիղ գոմերի մոտ: Հանկարծ շներն սկսեցին հաչել և շրջապատեցին մեզ: Նույն րոպեին շների հետևից հասան հովիվները և անասնապահները. նրանք այդ գիշեր բոլորովին չէին քնել, սպասել էին մեր գալուն: Աղան խստիվ պատվիրել էր, որ չքնեն, որպեսզի շները մեզ չվնասեն: Բարևելուց հետո մեզ տարան հատկացրած տունը, տեսանք բուխարին թեժ վառած, յուրաքանչյուրիս համար հատակին առանձին-առանձին անկողին էր փռված, նույնիսկ կերակուր էին եփել, բայց մենք այնքան էինք հոգնել, որ բոլորովին հրաժարվեցինք ուտելուց, պառկեցինք և անմիջապես քնեցինք: Առավոտյան ես անմիջապես Արմենի հետ դուրս եկա, եւ նոր միայն տեսանք, որ գտնվում ենք մի խոր ձորի մեջ, որտեղ ընդամենը հինգ տնտեսություն կար՝ հովիվները և անասնապահները իրենց ընտանիքներով…

Եղբայրս շարունակ մեզ հուսադրում էր, թե շուտով ռուսները Էրզրումը կգրավեն, և մենք կազատվենք այս տանջանքներից, այն ժամանակ մեր վրեժը կլուծենք թուրքերից… Բայց ես նրա ասածներից շատ բան չէի հասկանում, միայն իմ մեջ տպավորվել էր ռուսների գալը, կարծում էի, որ եթե ռուսները գան, մենք կազատվենք, կվերադառնանք մեր գյուղը և կսկսենք երջանիկ ապրել, ինչպես առաջ էինք ապրում…

Մարտ ամիսն էր, երբ գյուղից դուրս եկանք: Ձյունը հալվել էր, սակայն գետինը դեռ լրիվ չէր չորացել: Երկինքը պատած էր սև մութ ամպերով: Լուսին չկար, այնպես որ` հինգ քայլի վրա ոչինչ չէր կարելի նկատել: Այդ միջոցին եղբայրս կանգ առավ, մենք էլ կանգնեցինք: Ասաց.

-Մի րոպե լուրջ ուշադրություն դարձրեք, թե ինչ եմ ասում: Եթե հանկարծ որևէ վտանգ պատահի, կամ մարդիկ պատահեն, պետք է անմիջապես փախչել, բայց չլինի որևէ մեկդ հանկարծ հետ փախչի… Դեպի առաջ… առաջ փախչելիս հույս կա, որ կազատվենք…

Ու շարունակեցինք ճանապարհը… Հասանք մի բլրաշարքի, որին Սիրվի էին կոչում: Այնտեղ մեր առաջ բացվեց մի ընդարձակ հորիզոն՝ մոտ հիսուն կիլոմետր տարածություն: Տեսանք՝ ամբողջ տարածության վրա կրակներ են վառվում, ինչպես երկնքում աստղերը: Այդ վայրկյանին մի տեսակ սարսափ տիրեց մեզ, եւ մեր մարմիններով մահվան դող անցավ: Ամենից շատ դողում էին Միհրան աղան և մեզ միացած երիտասարդը: Եղբայրս բացատրեց, որ առջևի երեք շարքը թուրքերն են, իսկ մեջտեղում՝ բավական տարածություն, մյուս կողմում նորից երեք շարք էր սկսվում, դրանք էլ ռուսներն են, և մենք պետք է այդ կրակների միջով անցնեինք այնպես, որ ոչ մի ծպտուն չլինի…

-Մենք անպայման պետք է գնանք. կա՛մ մահ, կա՛մ ազատություն,- ասաց Հարությունը,- սպասելու ժամանակ չկա:

Այդ րոպեին մեզ ազատությունից բաժանում էր մեկ ժամ: Մահը, սակայն, կանգնած էր առջևում, իսկ ազատությունը նրա հետևում էր: Մահն ավելի ուժեղ էր, քան ազատությունը, բայց ազատության տենչանքը մեզ ամեն քայլափոխի նոր ուժ ու եռանդ էր տալիս: Մենք, որ մոտ մեկ տարի հազար ու մի փորձանքից ազատվել և դիմացել էինք, մի՞թե այս մեկ ժամվա տարածությունը չպիտի կարողանանք հաղթահարել: Ու Աստված կանչելով` շարունակեցինք առաջանալ: Քիչ հետո մեր ոտքերը խճճվեցին ինչ-որ թելի մեջ, ու մենք մի պահ ընկրկեցինք: Եղբայրս ասաց, որ «դաշտային տելեֆոն է»: Մեկ էլ տեսնենք՝ Միհրան աղան և այն երիտասարդը հետ են փախչում: Ձայն տալ չէր լինի, ուստի եղբայրս վազեց նրանց ետևից, երկու հարյուր քայլի վրա հազիվ հասավ, բռնեց նրանց, սկսեց նախատել և հետ բերեց…

Եղբայրս հարյուր քայլաչափ սողեսող առաջ էր գնում, նորից վերադառնում, մեզ տանում: Հասանք կրակներին: Մենք նրանց պարզ տեսնում էինք, իսկ նրանք մեզ՝ ոչ… Առաջին գիծը կես էինք արել, մեկ էլ առջևում մեծ փոսեր տեսանք: Եղբայրս ձեռքով պառկելու նշան արեց, անմիջապես պառկեցինք, իսկ ինքը նորից սողեսող առաջացավ և անմիջապես էլ վերադարձավ նույն ձևով, շշուկով հայտնեց, որ թնդանոթներ են մեր առջևում: Ու մենք զգույշ վերադարձանք, մի քանի քայլ շրջանցեցինք ու կրկին սկսեցինք առաջանալ: Բլրի լանջով գնալու ժամանակ, չգիտեմ մեզանից ով, անզգույշ ոտքը խփեց քարին, և մի երկու քար գլորվեց ներքև՝ հասնելով կրակին: Խարույկի մոտ նստածները կարծեցին, թե մյուս դասակի զինվորներից են, սկսեցին հայհոյել… Եղբայրս նրանց լեզվով ասաց.

-Ձայնդ կտրի, սրիկա՛, հետախույզներ ենք…

Ու նրանք անմիջապես սսկվեցին: Սկսեցինք ավելի արագ անցնել… Մեր առջևի կրակները վերջացան: Մեզնից ահագին հեռավորության վրա նորից կրակների շարք երևաց: Եղբայրս ասաց՝ ռուսինն են… Ու մենք սկսեցինք դեպի առաջ փախչել: Այդ միջոցին, չգիտեմ՝ ինչ էր, լույս պահեցին մեզ վրա, եւ մենք մնացինք լույսի մեջ: Այդտեղ, որտեղով անցնում էինք, մարդու հասակի չափ չոր խոտեր էին, այնպես էին խշխշում, կարծես հարյուրավոր ձիավորներ էին անցնում: Մոտ կես կիլոմետրի չափ մեզ լույսի մեջ պահեցին, սակայն ո՛չ տեղներից շարժվեցին և ո՛չ էլ ձայն հանեցին… Ազատվա՜ծ ենք… Հիմա արդեն սկսեցինք համարձակ քայլել: Երեք հարյուր ոտնաչափ գնալուց հետո հանկարծ լսեցինք՝ մեկը գոռաց… Ոչինչ չհասկացանք… Մտածեցինք՝ վե՛րջ, բռնվեցինք… Երկրորդ անգամ կրկնվեց: Գլխի ընկանք, որ թուրքերեն չէ, ուրեմն` ձայն տվողը ռուս է: Մենք բոլորս միաբերան սկսեցինք բացականչել.

-Խրիստիա՜ն…

-Էրմանի՜…

Մեկ էլ լսեցինք.

-Թաթո՛ս, Թաթո՛ս, իտի սուտա…

Ես ռուսերեն այդ երկու բառը հենց այդ վայրկյանին սովորեցի… Երկու րոպե չտևեց, Թաթոսը ձայն տվեց թուրքերեն.

-Օ քիմտր (այդ ով է)…

-Թաթոս եղբայր, հա՛յ ենք…

-Հա՞յ եք… Հուրտեղի՞ց եք կյամ…

…Հետո պարզվեց, որ Թաթոս եղբայրը ղարաբաղցի է… Մոտ երեսուն հոգի մեզ օղակի մեջ առան, տարան կրակի մոտ: Մութ տեղը, երբ մեզ առան օղակի մեջ, ես ու Արմենը, տեսնելով նրանց, շատ վախեցանք, նույնիսկ զղջացինք, որ եկել ենք: Թուրքերը ասում էին, թե ռուսները … գազանի կերպարանք ունեն: Հիմա ես լրիվ հավատացի նրանց ասածներին: Նրանց գլխարկները ծալովի էին, բաց էին արել, քաշել ականջներին, իսկ շինելների օձիքներն էլ բարձրացրել էին դեպի վեր, ստացվել էր մի այլանդակ ձև, իսկական գազանի տպավորություն էին թողնում, բայց երբ հասանք կրակի մոտ, ինչ տեսնենք, բոլորը տասնութից քսան տարեկան գեղեցիկ շեկ երիտասարդներ են: Հիմա նրանք, ինձ ու Արմենին փաթաթվելով, ասում էին.

-Արմիա՞ն, դա՞…

Իսկ մենք պատասխանում էինք.

-Էրմանի, էրմանի…

Նրանց հրամանատարը հայ էր՝ անունը Ապիկ Ալեքսանդրապոլցի… Վերջապես մեզ տարան շտաբ, մանրամասն հարցաքննելուց հետո մեզ հարցրին.

-Ինչպե՞ս եք ցանկանում՝ ձեզ ուղարկենք Ալրիկ՝ Հայ կամավորական բանակի տրամադրության տակ, թե ուղարկենք Մամախաթուն՝ Ազգային խորհրդի տրամադրության տակ, այնտեղից էլ Էրզրում:

Եղբայրս քիչ մտածելուց հետո պատասխանեց.

-Մեզ ուղարկեք Մամախաթուն…

… Իսկ մեր ուրախությանը չափ ու սահման չկար… Կարծում էինք, թե այդ բոլորը երազ է, հետո սթափվելով տեսնում, որ իրականություն է, դարձյալ ուրախանում…

…1916թ. սեպտեմբեր ամիսն էր: Մի օր մի թեթև խոսակցություն լսեցինք, որ Գալուստ եղբայրս ազատվել է, և Երզնկայում տեսնող է եղել: Ուրախությունից քիչ էր մնում մեր սրտերը պայթեին: Եղբայրս՝ Հարությունը, այլևս չհամբերեց, նույն օրը ճանապարհ ընկավ դեպի Երզնկա: Էրզրումից մինչև Երզնկա հարյուր ութսուն կիլոմետր էր… Երեք օր սպասելուց հետո մի հեռագիր ստացանք… «Եղբորս ազատվելը ճիշտ է»… Այսքա՛նը… Վեցերորդ օրը եղբայրս եկավ միայնակ, այդ տեսնելով՝ բոլորս շշմեցինք… Տեսանք, որ եղբայրս ուրախ է: Մայրիկս այլևս չհամբերեց, ասաց.

-Ո՞ւր է Գալուստը…

Եղբայրս պատասխանեց.

-Ամեն ինչ ճիշտ է, Գալուստը ազատված է, հիմա գտնվում է Երզնկայում, նրան առայժմ բաց չեն թողնում, որպես թուրքական զինվոր հաշվում են գերի, ուզում են ուղարկել Սիբիր, բայց նախ պետք է բերեն Էրզրում:

Շարունակելի

ԼԵՎՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ