Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶԻՆՎԱԾ ՊԱՀԱԿՆԵՐ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑԻՑ
ԶԻՆՎԱԾ ՊԱՀԱԿՆԵՐ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑԻՑ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով հունիսի 6-ին և 7-ին անցկացվեց պաշտպանության նախարարության գերատեսչական պահպանության ռազմականացված և պահակային ստորաբաժանումների պետերի երկօրյա մեթոդական հավաք: Միջոցառման նպատակը տեսական և գործնական պարապմունքների միջոցով պահպանության ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակի բարձրացումն էր, ինչպես նաև իրականացվող գործառույթների իրավական հիմքերի լուսաբանումը:

ՀՀ զինված ուժերում նոր ներդրված գերատեսչական պահպանության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության և զինծառայության անվտանգության ապահովման վարչությունը, և օրերս անցկացված պահակային ստորաբաժանումների պետերի մեթոդական հավաքները ղեկավարեց վարչության պետ գնդապետ Հայկ Կարապետյանը:

– Այս ծառայության առանձնահատկությունն այն է, որ քաղաքացիական անձանցից կազմավորված գերատեսչական պահպանության ստորաբաժանումներից ձևավորվում են պահակային խմբեր, որոնք, սակայն, չեն համալրվում զինծառայողներով, եւ որոնք էլ դառնում են հրաձգային զենքով քաղաքացիական պահակներ՝ գործելով ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի: Ներկայումս աշխատանքներ են տարվում գերատեսչական պահպանության աշխատակիցների որակական ցուցանիշը բարձրացնելու ուղղությամբ: Ուստի մեթոդական պարապմունքների նպատակը գործնական և թեմատիկ պարապմունքների միջոցով ստորաբաժանումների պետերի պատրաստվածության մակարդակի բարձրացումն է: Դասընթացների ժամանակ ներկայացվում են նաև պահակային աշխատանքի իրավական հիմքերը,- անցկացվող վարժանքները ներկայացրեց գնդապետ Հ. Կարապետյանը:

Ուսումնական ավանում անցկացվող պարապմունքների մասնակիցներին տեսականորեն ներկայացվեցին ժամապահի և պահակախմբի գործողությունները հրդեհի ժամանակ: Ստեղծվեց հրդեհի փոքրիկ օջախ, որից հետո պահակախումբն անցավ հրդեհաշիջման գործողություններին:

Ցուցադրվեցին պահակախմբի նախապատրաստումն ու փոխարինումը, պահակային ծառայության կազմակերպումը, ինչպես նաև զենքի լիցքավորման և լիցքաթափման կարգը: Պարապմունքի ղեկավար, կայազորային և պահակային ծառայության բաժնի ավագ սպա, գնդապետ Գ. Մխիթարյանը հավաքի մասնակիցներին հիշեցրեց զենքի հետ ճիշտ վարվելու անվտանգության կանոնները:

Գործնական պարապմունքներից հետո սկսվեց տեսական պարապմունքների փուլը, որի ընթացքում ներկայացվեց գործող գերատեսչական պահպանության նոր կանոնակարգը:

Հավաքը եզրափակվեց մասնակիցների տեսական գիտելիքների յուրացման աստիճանը գնահատող թեստային ստուգարքով: Արդյունքների ամփոփումը, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ էր:

Հատկանշական է, որ գիտելիքների բավարար պաշար ունեին նրանք, ովքեր ծառայել էին զինված ուժերում: Անբավարար գնահատվածներին տրվեց 20 օր ժամանակ՝ բարելավելու թեստ-ստուգարքի պահանջները:

Մ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
լեյտենանտ