Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉԻ» ԿՐԿՆԱԿԻ ԱՍՊԵՏԸ
«ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉԻ» ԿՐԿՆԱԿԻ ԱՍՊԵՏԸ

Մայիսի 27-ին լրացավ «Թալիշի պաշտպանի»` Արցախյան պատերազմի հերոս Մեխակ Մեխակյանի 50-ամյակը: Մանկավարժի, մտավորականի ու մեծ հայրենասերի հոբելյանի առիթով միջոցառումներ կազմակերպվեցին Արմավիրի մարզի` հերոսի անունը կրող դպրոցում և փոխգնդապետ Մհեր Վարդանյանի հրամանատարությամբ գործող զորամասում:

Զորամասի ակումբում կազմակերպված հուշ-երեկոն իրենց ներկայությամբ պատվեցին հերոսի հայրը` Վալենտին Մեխակյանը, մայրը, այրին: Ներկա էին նաև զորամասի հետ համագործակցող դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները: Արագած գյուղի դպրոցի սաները հանդես եկան Արցախյան պատերազմի մասնակիցներին մեծարող բեմադրությամբ: Ներկայացվեց մեծ հայրենասերի կյանքն ու մարտական ուղին հայրենասիրական երգերով և ազգային պարերով: Ցերեկույթին տոնական տրամադրություն հաղորդեց «Օկտավա» մշակութային ակումբը:

Միջոցառման ընթացքում հանձնվեցին շնորհակալագրեր և պատվոգրեր: ՌՔԿՊ վարչությունից Վալենտին Մեխակյանը պարգևատրվեց հուշանվերով: Զորամասի հրամանատարության անունից պատվոգրեր և շնորհակալագրեր տրվեցին նաև զորամասի հետ ակտիվ համագործակցող դպրոցների տնօրեններին և զինղեկներին, միջոցառման մասնակիցներին և կազմակերպիչներին:

Անդրադառնալով օրվա խորհրդին` զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Էդիկ Շիրինյանը պատմեց, որ իրեն անձամբ բախտ է վիճակվել լինել պատմության ուսուցիչ Մեխակ Մեխակյանի աշակերտը: Նա խիստ կարևորեց բոլոր դպրոցներում արցախյան հերոսների մեծարումը, նրանց սխրանքների հավերժացումը:

Միջոցառման ավարտին Վալենտին Մեխակյանը շնորհակալություն հայտնեց զորամասի և դպրոցի ղեկավարությանը՝ իսկական հերոսների հիշատակը վառ պահելու համար. «Ցավալի է, որ այսօր երիտասարդ սերնդի դաստիարակությունը և իդեալները մեծապես թելադրված են հեռուստատեսության մատուցած և անարժեք սերիալներով: Մինչդեռ այսպիսի միջոցառումներով է, որ ճանաչելի և ընդօրինակելի են դառնում մեր հայրենիքի իրական հերոսները, դրանցով պետք է դաստիարակվի իսկական հայրենասեր սերունդը»:

Արագած գյուղի պատմության ուսուցիչ Մեխակ Մեխակյանի մարտական ուղին սկսվել է 1990 թվականին: Նույն տարում` սեպտեմբերի 1-ը նա դիմավորել է Հադրութի շրջանի Աղբուլաղ գյուղում, որտեղ և՛ ուսուցչություն է արել, և՛ հայրենիքը պաշտպանել: Նույն օրը Երկրապահ ջոկատի հրամանատար Մանվել Գրիգորյանը և Մեխակ Մեխակյանը ստացել են նաև իրենց երկրապահական առաջին անդամատոմսը` Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ: 1992 թ. շրջանի ինքնապաշտպանական մարտերից մեկում նա վիրավորվում է, իսկ 1993 թ. օգոստոսի 11-ին արդեն Ֆիզուլիի ուղղությամբ գրոհող ուժերի հրամանատարն էր: Հորադիզի ռազմական գործողությունների ժամանակ կրկին վիրավորվում է և կրկին վերադառնում է մարտի` միանալով Մարտակերտի պաշտպանությանը: 1994 թ. մայիսի 1-ին Թալիշի պաշտպանության մարտում զոհվում է 5-րդ փառապանծ կամավորական բրիգադի քաջարի մարտիկ, մայոր Մեխակ Մեխակյանը: Նա ընկնում է Թալիշի Հոռեկա բարձունքը վերցնելուց հետո: Այդ բարձունքը հիմա նրա անունով է կոչվում:

Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության համար ԼՂՀ Գերագույն խորհուրդը 1994 թ. Մեխակ Մեխակյանին հետմահու պարգևատրում է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: 1995 թ.-ին նրան հետմահու շնորհվում է նաև փոխգնդապետի կոչում: 1995 թ.-ին Մեխակ Մեխակյանն արժանանում է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Արմավիրի մարզի Արագած գյուղի դպրոցը, որտեղ սովորել և դասավանդել էր «Մարտական խաչի» կրկնակի ասպետը, կրում է հերոսի անունը:

Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ