Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՁՅՈՒՆԵՐԻ  ՄԵՋ  ՓՇՐՎԱԾ  ԵՐԱԶՆԵՐ
ՁՅՈՒՆԵՐԻ ՄԵՋ ՓՇՐՎԱԾ ԵՐԱԶՆԵՐ

Անհատի պաշտամունքի տարիներին հայ ժողովուրդը ևս անմասն չմնաց այդ բռնաճնշումներից: Գնալով նոսրանում են այն մարդկանց շարքերը, ովքեր ահարկու, դժնդակ ու անմարդկային օրեր են ապրել ստալինյան «մահվան ճամբարներում»:

Սահում են տարիները, գաղտնազերծվում են պատմության փակ արխիվները: Եվ այսօր բռնադատվածների ժառանգներն են խռով հոգու մղումով «պեղում» դրանք:

ՀՀ զինված ուժերի շարքերում ծառայում են նաև բռնադատվածների ժառանգները, հսկում իրենց նախնիների երազած անկախ հայրենիքի սահմանները:

Ստորև ներկայացվող իրապատում հուշ-պատմվածքը նրանցից մեկի մասին է, որի անվանակից թոռը` շարքային Արամ Մելիքսեթյանը, պարտադիր ժամկետային զինծառայող է:

Աղջնակը կլանված հեռուստացույց էր դիտում: Հեռուստաէկրանին անծայրածիր տայգան էր` անսահման ճերմակությամբ, մաքու՜ր-մաքու՜ր:

Սենյակ մտավ հայրը` Արամը, նայեց կրտսեր դստերը, ու … հայացքը պաղեց հեռուստաէկրանին:

-Լավն է, չէ՞, հայրի՛կ…

-Լավն է, աղջիկս…,- ու լռեց:

«Ախր, ինչպե՞ս ասի զգայուն ու զգացմունքային դստերը, որ այդ ձյուների մեջ ինքը շա՜տ- շա՜տ է մրսել, ինչո՞ւ տխրեցնի երեխային»:

Հայրենական պատերազմը նոր էր ավարտվել: 1946 թվականի փետրվարն էր: Հարևան Շամլուղ ավան հորեղբորը հյուր գնացած երիտասարդ Արամի համար ճերմակ փաթիլները տաքուկ երազներ էին արթնացնում: Ի՞նչ իմանար, որ պատուհանի ապակուն ասեղնագործվող արծաթափայլ ձյունիկները անսպասելի ու աղմկոտ թակոցից փշուր-փշուր էին լինելու, և հյուսվող հեքիաթ-անուրջը ևս փշրվելու էր եկվորների սև, փայլուն, ճտքավոր սապոգների տակ:

…Երկար քայլելուց հոգնել էր, իսկ առջևից և հետևից իրեն կալմեջ արած «էնկավեդե»-քաղվարչության աշխատակիցները շտապեցնում էին:

-Ցուրտ է, հա՞, ոչի՛նչ, շուտով այնպես կտաքանա՜ս, որ …:

-Արա՛գ քայլիր,- մանկության ընկերոջ ծանոթ ձայնը կրկին շամփրեց լսողությունը:

«Ամեն ինչ հասկանալի է,- մտածում էր,- տեսնես ո՞վ է մատնել»:

Մտաբերեց հոր խրատական խոսքերը. «Զգո՛ւյշ եղիր, որդի՛ս, կրակի հետ մի՛ խաղա, ըմբոստության ժամանակը չի, վտանգավոր, խառնակ ժամանակներ են»:

Չլսեց:

Մեկուսարանում մենակ էր: Ուզում էր վերջին օրերի անցուդարձի բոլոր մանրամասները վերհիշել: …Թիկունքին զգաց մտրակի ուժգին հարվածը:

-Կուլակի՛ թոռ, ասում ես` ամերիկյան տեխնիկան առաջնակարգ է, հա՞…: Ժողովրդի թշնամու բանաստեղծությունները արտասանողին նայի՜ր..:

-Ձեռքե՛րդ…,- երկաթե ձողի հարվածից աջ ձեռքի միջնամատի եղունգը ճաք տվեց:

Հայրենիքին պղինձ մատակարարող Ալավերդու պղնձաձուլական գործարանում արտասահմանյան հաստոց պիտի տեղադրվեր, բանիմաց ու շնորհաշատ Արամին խնդրեցին օգնել:

Մտքերը տակնուվրա էին լինում: Վերջին միջադեպի մշուշապատ մտապատկերները ժապավենի նման պտտվում էին:

«Տեսնես` Ստալինի նկարի հետ կապված պատմությա՞նն էլ են տեղյակ…: Գոնե տղաների, Արմոյի մասին լուր իմանայի»,- ու սիրտը տապ արավ: Տագնապ էր ներսում:

…Ամեն օր հարցաքննություն, նոր մեղադրանքներ, հարցեր, ճնշող, նողկալի առերեսումներ:

-Որտե՞ղ է առաջնորդի նկարը…,- ու հարվածը հարվածի հետևից իջավ հաղթանդամ երիտասարդի թիկունքին, դեմքին:

«Ֆիզիկական ցավերին կարելի է դիմանալ, բայց ճշմարտության դեմ մեղանչել չի կարող: Ախր, ինչպե՞ս չասի, որ ամերիկյան տեխնիկան ոչ միայն առաջնակարգ է, այլև կատարյալ, որ Եղիշե Չարենցն ամենևին էլ ազգայնամոլ չէ, այլ հայ հանճարեղ բանաստեղծ, որ, այո՛, ինքը պատռել ու տրորել է Ստալին-Յոսկայի նկարը, որ բոլշևիկների երկրում հայերի` որպես ազգային փոքրամասնության, իրավունքները ոտնահարվում են»:

Ճշմարտապաշտ երիտասարդը ցավից սեղմում էր ատամները: Հետաքննության տագնապալի օրերը հաջորդում էին միմյանց: Իսկ ինքը մեղադրականի տակ հրաժարվում էր ստորագրել:

…Էտապ, աքսոր:

Բեռնատար գնացքը ծանր-ծանր, հսկա ու ահարկու վիշապի պես սուրում էր: Հեռվում մնացին նաև գիշերային լռության մեջ ընկղմված Լոռու ձորն ու հայրենի լեռները:

… Ցրտից կծկված՝ աքսորի ճամփին ոչ ոք չգիտի` որտե՞ղ են, ո՞ւր են տանում, ո՞ր չգործած մեղքի համար:

Փշրված երազներով Արամը ինքն իր, իր տխուր անուրջների հետ էր, ականջներում` մոր դառը հեկեկոցը. «Ախր, անմեղ մինուճարիս ո՞ւր եք տանում»:

Ամեն ինչ շատ արագ կատարվեց՝ մղձավանջային նիրհի պես:

«Ո՞ւր էր, թե երազ լիներ…»:

Բարաքը իր գրված ու չգրված օրենքներով նման է խառնարանի` լի խեղճ ու անօգնական աքսորականներով` ամեն մեկն իր ճակատագրով, աքսորականի պարտադրված ճակատագրով:

«Գոյության ու չգոյության սահմանագիծը չէ՞ այս…»,- մտրակում էին ուղեղում խոհերը:

«Օրե՞րը հաշվի…: Է՜հ, չորս տարին օրերով հաշվե՞լ կլինի, երբ ժամերն են տարիներ թվում»:

«Նոսրանում ու համալրվում» էին բարաքներն իր նմաններով, որոնք միայն մեկ անուն ունեին` քաղբանտարկյալ:

1950 թվականի գարունն էր: «Ազատական»-ը ձեռքին տուն պիտի դառնար, սակայն չէր ուզում Մոսկվայով գալ. անգամ սովետների «հզոր ու անպարտելի» երկրի մայրաքաղաքն էր ատելի: Չէ՞ որ այնտեղ էր արևելյան բռնակալը, արյունարբու հրեշը` Ստալինը:

…Տունդարձի միտքն անգամ դառնահամ էր. չէ՞ որ ինքը երկու տարով «ձայնազուրկ» էր լինելու:

Խռնվում էին մտքերը. «Մի՞թե սա էլ ավելի դաժան փորձություն չի դառնալու. ապրել հարազատ միջավայրում, շուրջդ` մտերիմ, ծանոթ-անծանոթ մարդիկ, իսկ դու` օտար, լքված, «ազգայնամոլի», «ժողովրդի թշնամու» խարան-պիտակով…»:

Հոգու տառապանքի այս յուրատեսակ պատժաձևն էլ ասես ծիր չունի: Ցավը, հոգու ցավը, վիրավորանքի զգացումը խեղդում էր, խոսել չէր կարող, լռել էլ չէր ուզում:

…Ու պոռթկաց:

Սգում էր «բոլշևիկների» անծայրածիր երկրի բազմազգ ժողովուրդը, իսկ արդեն հայր դարձած երիտասարդը ուրախությունից արբենալ էր ուզում, ուզում էր ամբողջ ձայնով գոռալ, ճչալ. «Վերջապես հրեշը…»:

-Որդի՛ս, հանգստացի՛ր,- հորդորում էր արդեն ճերմակահեր մայրը,- կլսեն, հորեղբայրներիդ պես կաքսորեն, տեղդ չենք իմանա…:

– Նորելուկներիդ խնայի՛ր, մեղք են,- աղերսաձայն խնդրում էր կինը:

…Հրեշի ամրակուռ արձանները փառազրկելու օրերն էին: Որտեղի՞ց էր իր մեջ ամբարվել ֆիզիկական այդ հզոր ուժը, ինքն էլ չգիտեր: Հրեշին գահընկեց անելու «պատիվն ու իրավունքը» Արամինն էր: Մետաղյա ծանր պարանը հեռվից օղակեց արձանի պարանոցը, մեկեն գետին տապալվեց արյունարբու բռնակալը: Հետո, ասես նախախնամության կամոք, երկնի անհունից ճերմակ աղավնին թռավ ու թառեց Արամի ուսին:

Տարիները սահում էին, իսկ ինքը չէր ուզում «արդարացնեն». «Ի՞նչ է արել, որ արդարացնեն»:

Սակայն չգիտես ո՞ւմ կողմից հորինված օրենքը, մեկ է, իրենն էր պարտադրում:

1958 թվականի դեկտեմբերն էր: Սեղանին դրված էր ՀԽՍՀ գերագույն դատարանի վճիռը («Գործը կարճված է` հանցակազմի բացակայության պատճառով») ծանուցող արդարացման թերթիկը:

«Մի՞թե սա կարող է փոխհատուցել երիտասարդ տարիներիս տառապանքները, մի՞թե այս բռնատիրությունը վերջ չի ունենալու»,- մտածում էր իր ազատասեր գաղափարների մեջ անդրդվելի` արդեն պապիկ դարձած Արամը:

…Տասներորդ դասարանցի աղջնակը հեռուստացույց էր դիտում: Հեռուստացույցի էկրանին անծայրածիր տայգան էր` իր ճերմա՜կ-ճերմա՜կ անսահմանությամբ:

-Լա՞վն է , չէ՞, հայրի՛կ:

-Լա՛վն է, աղջի՛կս…:

«Իսկ գիտե՞ս, Մարիա՛մ, որ ստալինյան բռնապետության տարիներին ճիշտ քո հասակակից պապիկի տաքուկ երազներն այդ ձյուների մեջ շա՜տ-շա՜տ են մրսել»,- Արամի կրտսեր որդու` Վարուժանի հայացքը հեռուստաէկրահից սահեց ու կանգ առավ դիմացի պատից աշխարհին բարի հայացքով նայող հոր մեծադիր լուսանկարին, և շուրջ կես դար հարազատների հոգիներում ամբարված ու չասված խոսքերը արցունք դարձած ծանր-ծանր գլորվեցին ցած:

ԿԱՐԻՆԵ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

1991թ.