Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՆԱԿԻ ՀՈՒՍԱԼԻ ՀԵՆԱՐԱՆԸ
ԲԱՆԱԿԻ ՀՈՒՍԱԼԻ ՀԵՆԱՐԱՆԸ

Թե ինչ կարևորություն ունի թիկունքը զինված ուժերի համար, կարծում եմ՝ քաջատեղյակ է յուրաքանչյուր ոք. ամուր թիկունքը միշտ էլ եղել է հուսալիության, ապահովության, ինչու չէ, նաև անվտանգության երաշխավորը: Զինծառայողին տրվող սննդից, հագուստից, զանազան նյութական ապահովումներից մինչև տարատեսակ ռազմական տեխնիկայի ապահովումը վառելիքով իրականացնում է ԶՈՒ թիկունքի վարչությունը` իր ծառայությունների միջոցով:

Թիկունքային ապահովման խնդիրների շուրջ է մեր զրույցը ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պետ, գնդապետ Ն. Յոլչյանի հետ:

-Պարոն գնդապետ, ինչպե՞ս է այսօր իրականացվում զինված ուժերի թիկունքային ապահովումը:

-Թիկունքային ապահովումն իրականացվում է կառավարության որոշումներով հաստատված նորմերի համաձայն, պաշտպանության նախարարի հրամաններով եւ այլ ղեկավար փաստաթղթերով: Թիկունքի վարչության ապահովման ոլորտում գտնվում են զինծառայողների պարենային, իրային, տեխնիկայի հրթիռավառելիքով եւ վառելանյութով ապահովումը: Կա նաեւ նյութական ապահովում կոչվածը, որն իր մեջ ներառում է նյութական միջոցների առբերումը զորամաս:

Պարենային ապահովումը միայն սննդով ապահովելը չէ. այս ծառայության գործառույթների տիրույթում է նաեւ տեխնիկական միջոցներով ապահովումը` տաք ճաշի եփման եւ տեղափոխման միջոցները, ջրի մատակարարումը, ճաշարանախոհանոցային գույքի ապահովումն ու ճաշարանում տեղակայված այլ տեխնիկական միջոցները` սառնարանային, մեխանիկական եւ ոչ մեխանիկական սարքավորումները:

Իրային ծառայությունն էլ, բացի իրային ապահովումից, իրականացնում է նաեւ զինծառայողների բաղնիք-լվացքատնային սպասարկումը, ինչը միջոցառումների համալիր է, որն իր մեջ ներառում է լվացող նյութեր, օճառ, կոշիկի քսուք, համազգեստի վերանորոգման կազմակերպում, ներկում, եւ եթե անհրաժեշտություն կա՝ նաեւ քիմիական մաքրում:

Թիկունքի վարչությունում, այս երեք ծառայություններից բացի, գործում է նաեւ հակահրդեհային տեսչությունը, որն ապահովում է ԶՈՒ հակահրդեհային անվտանգությունը: ՈՒնենք նաեւ անասնաբուժական ծառայություն:

-Առհասարակ բանակի մասին խոսելիս զինծառայողների հարազատներն առաջին հերթին հետաքրքրվում են նրանց տրվող սննդի որակով ու չափաբաժնով, եւ երկրորդ` հանդերձանքով:

-Մենք մշտական աշխատանքներ ենք իրականացնում զինծառայողներին տրվող սննդի բարելավման ուղղությամբ, այսինքն՝ ամեն տարի պլանավորումը իրականացնելիս մենք ձգտում ենք ավելացնել զինծառայողին հասանելիք սննդամթերքի չափաբաժինը` հասցնելով այն աստիճանին եւ պահանջներին, ինչն անհրաժեշտ է առողջ եւ ֆիզիկապես զարգացող մարդու օրգանիզմի համար՝ հաշվի առնելով նաեւ այն ծանրաբեռնվածությունը, որ զինվորը կրում է ծառայության ընթացքում` ներառյալ մարտական հերթապահությունը: Եթե մշտական տեղակայման վայրում զինվորի կերակրումը իրականացվում է զինվորական ճաշարաններում, ապա մարտական հերթապահության վայրում իրականացվում է պահածոյացված սննդամթերքի միջոցով: Զինվորներին տրվող սնունդը եւ դրա չափաբաժինները որակական առումով բարձր են գնահատել նաեւ անկախ մասնագետները: Մարդը համտեսում է նախ աչքով, ապա ճաշակում քթով, հետո նոր միայն քիմքով: Առաջին հերթին մեծ նշանակություն ունի տեսքը, հետո, ինչ խոսք, հոտը, համը: Վերցնենք մսի պահածոն. այն ունի կենդանական ծագում, մեծ կտորներով է, հագեցված է ճարպով, սպիտակուցներով, համեմված պղպեղով, սոխով, օժտված է բարձր կալորիականությամբ, արտադրության եւ պահպանման պայմաններն էլ համաձայնեցված են ՊՆ հետ, վրան էլ մակնշված է` «Զինվորի համար», «Վաճառքի ենթակա չէ»: Ի դեպ, պահածոները մեր իսկ պահանջով պարտադիր պատվում են սննդային վազելինով:

Այսօր շատերին է հետաքրքրում, թե զինվորն ինչ որակի ու համի հաց է ուտում: Առանց վարանելու ասեմ, որ զինվորն ստանում է բարձր որակի եւ շատ համով հաց: Հացի եւ՛ համը եւ՛ որակը կախված են արտադրման եղանակից. եթե հացից ախորժելի հոտ չեկավ, ուրեմն այդ հացը ուտելու բան չէ: Հացի արտադրության մեջ գոյություն ունի հացի թթվայնության ցուցանիշ, եւ եթե այն պահպանվում է, հետեւաբար հացը որակով է թխվում: Մենք մշտապես ստուգումներ ենք իրականացնում հաց մատակարարող կազմակերպություններում: Դիրքերում զինվորին տրվող պանիրը, թեեւ հալած, նոր փաթեթավորմամբ, այլ որակի ու համի է լինելու: Կարագի փաթեթավորումն էլ ենք փոխել. ներսից այն պատված է ալյումինե թիթեղի բարակ թերթիկով, որպեսզի պահպանության հետ կապված խնդիրներ չծագեն:

2013թ. պահածոյացված սննդամթերքի մեծ ծավալի աշխատանք է կատարվել. ՀՀ արտադրող կազմակերպությունների միջոցով մի քանի նոր սննդատեսակներ են մշակվել: Վերջերս երկու մարտական հենակետերի ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների մասնակցությամբ մեկ շաբաթվա ընթացքում ներկայացվող նմուշներով կազմակերպել էինք զորքի կերակրումը՝ նպատակ ունենալով անմիջական օգտագործողից կարծիք կազմել մատուցվող սննդի մասին: Ուտելիքը, որ տրվել էր համտեսի, հավանության արժանացավ եւ արդեն 2014թ. հունիսից կընդգրկվի մեր զինծառայողներին հատկացվելիք սննդացանկի մեջ: ՈՒզում եմ հատուկ նշել, որ եւ՛ ժամկետայինների, եւ՛ պայմանագրայինների կարծիքները համընկել էին: Բանակում զինվորը լավ կերակրվում է, ապահովված են ծառայության եւ կենցաղային պայմանները: Հավատացնում եւ վստահեցնում եմ` ԶՈՒ սննդի անվտանգությունը շատ լուրջ եւ խիստ հսկողության տակ է:

-Իսկ ինչպե՞ս են հագնվում մեր զինվորն ու սպան: Հանդերձանքի հետ կապված ինչ-որ փոփոխություններ, նորամուծություններ նախատեսվո՞ւմ են:

-ԶՈՒ զինծառայողների իրային ապահովումը թիկունքի վարչությունն իրականացնում է հարյուր տոկոսով, ինչը նախատեսված է ապահովման չափորոշիչներով: Մենք մշտական աշխատանք ենք տանում մատակարարվող ապրանքների բարելավման ուղղությամբ: 2014 թվականից մարտական հենակետերում ծառայություն իրականացնող զինծառայողների համազգեստի կրման ժամկետը կրճատվել է. նախկին ութ ամսվա փոխարեն դարձել է վեց: Այսինքն` մարտական հերթապահություն իրականացնող զորամասում ծառայող զինվորը երկու տարվա ընթացքում ստանալու է ոչ թե երեք, այլ չորս ձեռք համազգեստ: Բարձրլեռնային պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների համար կրճատվել է ձմեռային համազգեստի կրման ժամկետը, եւ այսուհետ ձմռանը նրանց կհատկացվեն նաեւ լուսապաշտպան ակնոցներ: Որպես զորային նորամուծություն, մարտ ամսից զինծառայողներին հատկացրել ենք փորձնական նմուշի, ամբողջովին կաշվից, հարմարավետ ու գեղեցիկ ճտքավոր կոշիկներ: Արդեն ստացված կարծիքները դրական են, եւ շուտով մեր զինծառայողները կկրեն դրանք:

Ամենօրյա կրման համազգեստի մեջ էական փոփոխություններ չեն լինելու, փոփոխություն եթե լինի, ապա այն կդրսեւորվի ազգային խորհրդանիշների նորովի մատուցմամբ, ինչպես աշխարհի շատ ու շատ երկրներում:

Իմ ղեկավարած ոլորտում չկան մանրուքներ, եւ որպեսզի մեր զինվորն ու սպան առողջ ու պատշաճ տեսք ունենան, մենք` թիկունքայիններս, պետք է շատ աշխատենք, աշխատենք` չխնայելով մեզ: ԶՈՒ զինծառայողների թիկունքային ապահովումը բանակի ղեկավարության ամենօրյա ուշադրության եւ հոգածության առանցքում է:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր